Գողացված միլիոնների հետքերով


 

Ներկայացվող հանցագործության բացահայտումը մեկ անգամ ևս վկայում է Ոստիկանության պետի և համակարգի որդեգրած այն համոզմունքի մասին, որ չբացահայտվող հանցագործություններ չեն լինում, պարզապես անհրաժեշտ է բարեխղճություն և մասնագիտական պատվախնդրություն:

Անցյալ տարվա նոյեմբերի 21-ին ոստիկանության Էրեբունու բաժնում ստացված ահազանգը սովորականներից չէր. Գետառի փողոց 4 հասցեում գտնվող «ՍԵմ» ռեստորանի դիմաց կայանված «Ինֆինիտի» մակնիշի ավտոմեքենայի կողապակին կոտրելով` սրահից գողացել էին առանձնապես խոշոր չափերի հասնող գումար` 56 միլիոն 400.000 դրամ:

Դեպքն ամիսներ շարունակ ոստիկանության ծառայողների ուշադրության կենտրոնում էր, և քրեական հետախույզների մի քանի ամսյա տքնաջան աշխատանքն օրերս հաջողությամբ պսակվեց:

Գողությունը կատարելու կասկածանքով «Զվարթնոց» օդանավակայանից բերման է ենթարկվել 26-ամյա Էդգար Կարաքեշիշյանը, իսկ նույն օրը երեկոյան Գաջեգործների փողոցի թիվ 74 շենքի մոտից` նրա հանցընկերն ու հասակակիցը` Արտաշես Գալուստյանը:

Անմեղ ձևացողների բեմադրած սրտաճմլիկ ներկայացումը երկար չտևեց: Մի շարք անհերքելի ապացույցների ճնշման ներքո նրանք ստիպված եղան խոստովանել անօրեն ճանապարհով ուրիշի ունեցվածքը հափշտակելու դեպքի մանրամասները:

Ոստիկանները հիմնավոր կասկածներ ունեն, որ Կարաքեշիշյանն ու Գալուստյանը հնարավոր է կատարած լինեն նմանատիպ այլ հանցագործություններ ևս, որոնք բացահայտվելու դեպքում պատասխանատվություն կկրի միայն Կարաքեշիշյանը: Երեկ տեղեկացանք, որ առավոտյան ժամը 8.20-ի սահմաններում Այվազովսկի փողոցում գտնվող սեփական տան կիսակառույց շինության մեջ ամրանից մետաղյա ճոպանով կախվելով` ինքնասպան են եղել Արտաշես Գալուստյանն ու նրա 62-ամյա հայրը:

Ինքնադատաստա՞ն է` սեփական մեղքի գիտակցությամբ: Փաստորեն նրանք իրենց հանդեպ էլ անողոք են գտնվել: