ԸՆԴԼԱՅՆՎՈՂ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅՈՒՆ


 

Տևական ժամանակ մեզանում ծավալվող խոսակցությունների մեջ առանձնանում է մի կարևոր թեմա` մշակույթը տանել դեպի մարզերը, նպաստել միջմշակութային և միջմարզային կապերի ամրապնդմանը, արվեստի նշանավոր երևույթներին հաղորդակից դարձնել նաև մարզերը: Երկար ժամանակ խոսելով` մենք խոսքից գործի չէինք անցնում: Սակայն հիմա արդեն արձանագրում ենք նոր իրողություն: Մինչ շատերն էին խոսում ազգային բալետային արվեստի անմխիթար վիճակի ու լճացվածության մասին, պարզվում է, օրավուր մեր բալետը ձգտում է ճշմարիտ հեղափոխականության` աստիճանաբար նաև երաժշտաթատերական արվեստի այս տեսակի ճանաչողության համար պայմաններ ստեղծելով:

Այո´, մեր բալետն իսկապես ծանր ու դժվարին, գրեթե ճգնաժամային օրեր ապրեց` այն վտանգավոր տպավորությունը ստեղծելով, թե ուր-որ է կկորցնենք նաև բալետը` փակելով փառավոր պատմության էջերը: Ա. Խաչատրյանի «Սպարտակ» բալետի բեմադրությամբ թե´ Յուրի Գրիգորովիչի հայտնությունը, թե´ Ռուդոլֆ Խառատյանի վերադարձը շատ բան փոխեցին բալետային թատրոնի կյանքում, մեզ ստիպեցին մտածելու, որ կարելի է լուծումներ գտնել` վերհառնումի համար: Որքան էլ տարօրինակ` Ռուդոլֆ Խառատյանի խորեոգրաֆիկ փորձարարությունը սրերով ընդունվեց թատրոնում: Մշտապես պարփակված գավառային արժեքներով և ինքնաբավ հիացումներով` այստեղ գերապատվությունը սկզբում տվեցին բալետի մաշված ու հնացած ձևերին, այսպես կոչված ավանդականությանը` երևի չիմանալով ու չկռահելով, որ «ավանդույթը լավ պահպանված դիակն է»: Համաշխարհային բալետային և օպերային արվեստներում տեղի ունեցող շրջափոխումները սկսել էին մեր գլխավոր երաժշտական թատրոնի կողքով անցնել` հատկապես վնասելով բալետին: Ոմանց այն բացատրությունը, թե մեր տաղանդավոր երիտասարդները հեռանում են Հայաստանից, որովհետև բալետի արտիստներին բանակ են տանում` չափազանց ծիծաղելի ու միամիտ էր: Երիտասարդները հեռանում էին, որովհետև այլևս հոգնել էին պարել այնպիսի բեմադրություններում, որոնք շատ վաղուց մեռած արխաիզմի ու թանգարանային մգլահոտի արտահայտություններն են կրում իրենց վրա: Իսկ ահա Ռուդոլֆ Խառատյանը փոխեց մեր բալետի ուղղությունը, այստեղ բերեց Հոգու և Ոգու միասնության գաղափարը` դիտարկված ժամանակակից պարի ու դասական խորեոգրաֆի միաձուլման դիրքերից:

Հիմա եկել է այս ձեռքբերումների, բալետում տեղի ունեցած կերպարանափոխումների հանրայնացման ժամանակը: Ցավոք, մեր Օպերայի և բալետի թատրոնը ամսական 3-4 ներկայացմամբ է ներկայանում հանդիսատեսին` այսպես նաև ընդհատելով թատրոն-կապի շարունակականությունը: Ավելին, այս թատրոնի բեմադրություններին շփվում են շատ քիչ մարդիկ` այդպես էլ անծանոթ թողնելով բալետը շատերին: Օպերայի և բալետի թատրոնի ստեղծագործական հարցերով փոխտնօրեն Լևոն Ջավադյանը գտել է թատրոնի ներկայացումների հանրայնացման, թատրոնի շուրջ հետաքրքրություն ձևավորելու արդյունավետ ուղիներից մեկը: Ինչպես նա տեղեկացրեց, առաջիկա օրերին թատրոնը նախաձեռնում է աննախադեպ մի ակցիա: Շիրակի և Լոռու մարզերում` Գյումրի, Վանաձոր և Ստեփանավան քաղաքներում բալետային խումբը հանդես կգա ինքնատիպ հայտագրով` ներկայացնելով հատվածներ Ռուդոլֆ Խառատյանի բեմադրություններից` չհետապնդելով ֆինանսական շահեր և առաջնային դարձնելով միայն ու միայն գեղարվեստական խնդիրները: Բացի հիշյալ մարզերից, բալետային խումբը նախաձեռնում է այցելություն նաև Լեռնային Ղարաբաղ:

- Ինչպես ճշտեցինք` Ղարաբաղում երբեք բալետային ներկայացումներ չեն ցուցադրվել: Այնտեղ շատ-շատերը միայն տեսական պատկերացում ունեն օպերայի և բալետի մասին, իսկ մենք ցանկանում ենք, որպեսզի մարդիկ ճանաչեն մեր թատրոնը, ճանաչեն մեր ներկայացումները, ծանոթանան այն նորացումներին, որոնք ապրում է մեր թատրոնը,- ասաց Լևոն Ջավադյանը` հավելելով, որ Գյումրիում, Կապանում, Քաջարանում և Ստեփանակերտում կներկայացվեն նաև օպերային ներկայացումներ, համերգային կատարումներ:

Ստացվում է, որ մեծ գաղափարները կյանքի կոչելու, երաժշտական թատրոնը հանրային գիտակցության մեջ տեղավորելու համար շատ բան պետք չէ. ո´չ մեծ գումարներ են պահանջվում, ո´չ միջազգային աջակցություն և ոչ էլ փքուն-ճռճռան ծրագրեր…

Լ. Մ.