ՍԻՐՈ ՈՒ ՆՎԻՐՈՒՄԻ ՑԱՎԸ


 

2011 թվականին հայկական էստրադայի մեծ տիկինը` Բելա Դարբինյանը պիտի դառնար 75 տարեկան: Նշանավոր երգչուհու հոբելյանը ոչ ոք չհիշեց, հայկական էստրադայի «աստղերը» համերգ չնվիրեցին նրա հիշատակին: Ժողովրդի կողմից չգնահատված, սակայն ժողովրդական արտիստի կոչում ունեցող «երգի նվիրյալները» չկամեցան նախանձախնդիր լինել ու պարտադրել հոբելյանական երեկոյի կազմակերպումը...… Կարծես չէր եղել Բելա Դարբինյանը, կարծես չկա այլևս... Երգչուհին կյանքից հեռացավ 2005 թվականի օգոստոսի 24-ին: Մշակույթի նախարարությունը, որը ձևավորել էր թաղման հանձնաժողով, ագամ հրապարակայնորեն չիրազեկեց քաղաքացիական հոգեհանգստի ու հուղարկավորության օրվա մասին: Ուստի շատերը չիմացան, թե որտե՞ղ հրաժեշտ տվեցին մեծ երգչուհուն, ե՞րբ տեղի ունեցավ նրա հուղարկավորությունը: Արամ Խաչատրյան համերգասրահի ճեմասրահում անշուք, ընդամենը երեք տասնյակ մարդ` իսկական արվեստագետներ, կոմպոզիտորներ, երաժշտասերներ, իսկ շոու-բիզնեսի «բոմոնդից» միայն Արամոն մի ողջ ժողովրդի ցավակցությունն ու կարեկցանքն էին խորհրդանշում, հարգանքն էին խորհրդանշում այն անհատականության հանդեպ, ով հայկական էստրադայի երգի ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկը եղավ, ով գերեց ու հմայեց ամերիկյան ջազի մեծերին, ով կոչված էր աշխարհի բացառիկ ձայներից մեկը լինելու, սակայն պարփակվեց Երևանում, պարփակվեց իր փշրված սիրո ու մեծ դավաճանության ցավերի մեջ...…

Բելա Դարբինյանը ծնունդով վանաձորցի էր, այստեղ էր սկսել իր ծանոթությունը երգի ու երաժշտության հետ` սովորելով Մ. Թավրիզյանի անվան երաժշտական ուսումնարանում: Հայտնի տոհմ էր Աքուլյանների տոհմը, որի ժառանգներից մեկն էլ Բելան էր: Հորեղբայրներն արվեստասեր մարդիկ էին, մայրը քաղաքի գեղեցկուհիներից մեկն էր, նրանց տանը միշտ երաժշտություն էր հնչում. քաղաքի բացառիկ դաշնամուրներից մեկը նրանց տանն էր: Երգչուհու հորեղբոր դուստրը ` վանաձորցիներին քաջածանոթ Իզադորա Աքուլյանը, ով սերում էր Թումանյանի մեծ տոհմից, պատմում էր, որ ամռան երեկոներին բացվում էր Բելայենց տան պատուհանը, անցորդները կանգնում և ունկնդրում էին տակավին ուսանողուհուն, ով դաշնամուրի առջև նստած, ընկերուհու ` հետագայում ՀՀ ժողովրդական արտիստուհի Լենա Փաշինյանի ուղեկցությամբ, երգում էր հնագույն ռուսական ռոմանսներ: Բելային շատ շուտ նկատեցին ուսումնարանում: Պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Կարո Մելիք-Վրթանեսյանը լսեց նրան և առաջարկեց սովորել Երևանում: Բելա Դարբինյանը սովորեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, ապա ավարտեց Կոնսերվատորիայի օպերային երգեցողության դասարանը: Բոլորը հմայված էին ապագա երգչուհու ձայնական բացառիկ տվյալներով, ձայնածավալի յուրահատկությամբ: Կոնտրալտոն եզակի է համաշխարհային օպերային արվեստում, իսկ Բելայի ձայնածավալը կոնտրալտո էր` հարուստ երանգներով, հատկապես ներքին ռեգիստրում հնչող հարստությամբ: Կոնսերվատորիայում սովորելու տարիներին նա արդեն Հայաստանի պետական էստրադային նվագախմբի մեներգչուհի էր դարձել, նվաճել էր ունկնդիրներին, հռչակվել հայ առաջին էստրադային երգչուհին, ով կատարում էր ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններ, հայ իրականություն բերում փոփ ժանրի առանձնահատկությունները:

Ձայնը կատարելագործելու և օպերային երգեցողության մեջ հմտանալու համար շուտով Բելա Դարբինյանին գործուղում են Մոսկվա` Մեծ թատրոն: Այստեղ ևս հմայվում են նրա ձայնով, կատարման ինքնատիպությամբ: Մեծ թատրոնի նշանավոր երգիչներն ու մանկավարժները Բելայի մեջ տեսնում են համաշխարհային օպերայի ապագա աստղերից մեկին, սակայն…

Հայաստանի պետական էստրադային նվագախմբում աշխատելու տարիներին Բելան ինքնամոռաց կերպով սիրահարվել էր Կոնստանդին Օրբելյանին, իսկ սերը, կարծես փոխադարձ էր… Կարծես` փոխադարձ: Օրբելյանն անընդհատ Բելային կանչում էր Երևան` հորդորելով կիսատ թողնել ուսումը Մեծ թատրոնում: Բելան էլ օրուգիշեր միայն Օրբելյանի մասին էր մտածում ` մոռանալով դասերի ու պարապմունքների մասին: Բելան ընկերուհիներին պատմում իր անլուր տառապանքների մասին, այն մասին, որ չէր կարող ապրել առանց Օրբելյանի, որ նոտակալից նրա դեմքն էր հառնում իր առջև: Մոսկովյան փողոցներում նա շրջում էր Օրբելյանի երգերի ու իրեն ուղեկցող դիմագծերի հետ: Շուտով հաղթում են կարոտն ու սերը, և Բելան վերադառնում է Երևան: Նա անասելի երջանիկ էր, որ լինելու է իր սիրած մարդու կողքին, որ ապրելու ու շնչելու է նրանով…

Բայց մեծ սերն ու զոհողությունը հատուցվեցին անտարբերությամբ ու դավաճանությամբ: Օրբելյանը տարվեց ուրիշներով ` մոռացության տալով Բելա Դարբինյանին: Այդ օրերից էլ սկսվեցին կնոջ ու երգչուհու տառապանքները: Նա անգամ չէր կարողանում փորձերի գնալ, երգել… Ընկերները հորդորում էին մոռանալ ամեն ինչ ու վերադառնալ բեմ: Սակայն Բելան հեռացավ Հայաստանի պետական էստրադային նվագախմբից և աշխատանքի անցավ ռադիոյի և հեռուստատեսության ժողովրդական նվագարանների անսամբլում: Արամ Մերանգուլյանը սիրով ընդունեց նրան, նրա համար հատուկ երգացանկ ստեղծեց, հայ գուսանները սկսեցին նրա համար հատուկ երգեր գրել: Իսկ նրբանկատ Մերանգուլյանը ` երգչուհու կատարողական ինքնատիպությունը պահպանելու համար, անսամբլի երգացանկում ընդգրկեց Նիկոլ Գալանտերյանի ռոմանսները, որոնք հնարավորություն տվեցին Բելային չհեռանալու ինքն իրենից, իր երգչական աշխարհից: Ժամանակ առ ժամանակ Բելան հանդես էր գալիս ինչպես պետական էստրադային, այնպես էլ հեռուստատեսության էստրադային -սիմֆոնիկ նվագախմբերի հետ: Նա 1975-ին Օրբելյանի գլխավորած նվագախմբի հետ հանդես եկավ Միացյալ Նահանգներում ` հիացնելով բոլորին. ամերիկյան մամուլը գրեց, որ Բելան ջազի ամենանշանավոր վարպետներին հավասար երգչուհի է: Ամերիկյան ջազի հռչակավոր տեսաբան Ռոբերտ Հուդերը գրեց.

- Այս զարմանահրաշ երգչուհին Էլլա Ֆիցջերալդին հավասար երգչուհի է… Ափսոս, որ նրա մասին մինչև հիմա չենք իմացել:

Օրբելյանի նվագախմբի հետ հանդես գալիս Բելա Դարբինյանը ընդամենը գործընկեր էր, հրավիրված երգչուհի: Նա ասես իր հիշողությունից ջնջել էր սիրո վայելքն ու տառապանքը, կարծես չէր նկատում տղամարդ Օրբելյանին: Արժանապատվությունն, այո, երբեք չլքեց երգչուհուն:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ