ԽՆԴԻՐԸ ՄԻԱՅՆ ՍԵՎԱՆԸ ՉԷ


 

Խորհրդարանն արտահերթ նիստում ձայների 93 կողմ, 12 դեմ հարաբերակցությամբ հավանություն է տվել Սևանից 320 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու` ՀՀ կառավարության առաջարկին: Բնապահպանները շարունակում են պնդել, որ ընթացիկ տարում ջրի պակասության մասին հավաստիացումներն իրականությանը չեն համապատասխանում: Սևանի խնդիրների մասին է զրույցը կենսաբանական գիտությունների թեկնածու, «Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության նախագահ, լրագրող Ինգա ԶԱՐԱՖՅԱՆԻ հետ:

- Ես կարող եմ ասել, որ Սևանից ջուր բաց թողնելու լուրջ հիմնավորումներ մենք չենք տեսնում: Առաջինը` Հիդրոմետի պաշտոնական տվյալների համաձայն, այս տարի երաշտ չի սպասվում: Երկրորդ` Ազատի և Ապարանի ջրամբարների լցվածության ցուցանիշը շատ մոտ է 2009թ. ցուցանիշին, երբ Սևանից ջրառի պահանջ չկար: Երրորդ` մենք ուսումնասիրել ենք նաև Արարատյան դաշտում տիրող վիճակը: Այնտեղ ֆերմերներն արդեն քանի տարի է` իրենց հողերը ջրելու հետ կապված խնդիրներ ունեն, որոնք մեր կառավարության վարած քաղաքականության հետևանք են: Խնդիրն այն է, որ նրանք ցանկանում են ջրի վարձը մուծել բերքի ստացումից` դրա իրացումից ստացվող եկամուտով: Սակայն նրանց այս պահանջը հաշվի չի առնվում, և պահանջում են նախօրոք վճարել ջրի համար: Արդյունքում այսօր Արարատյան հարթավայրում գյուղատնտեսական նշանակության մոտ 30 հազար հա հողատարածք արդեն սկսել են դուրս գալ շարքից: Եվ ֆերմերները հնարավորություն չունենալով հողը մշակել, աստիճանաբար այդ հողատարածքներն անցնում են օլիգարխների ձեռքը: Իսկ մեծ հողատարածքների ներկայիս տերերից շատերը չեն մշակում այդ հողերը. դրանք որպես կապիտալ են պահվում: Բացի դրանից, Արարատյան դաշտավայրում կան մեծ թվով ձկնաբուծարաններ:

Այո, բայց ձկնաբուծարանները նույնպես անհրաժեշտ են մեր տնտեսությանը :

- Իհարկե, բայց չշփոթենք գյուղատնտեսությունն ու բիզնեսը: Ձկնաբուծությունը կարևոր նշանակության բիզնես է: Եվ հարկավոր է սթափ նայել` այդ բիզնեսի՞ շահն է կարևոր, թե՞ Սևանի էկոհամակարգի շահը: Գեղարքունիքի մարզում, Սևանի ավազանում, որտեղ հիմնականում կարտոֆիլ են մշակում, ինչը մեծ քանակով ջուր է պահանջում, մարդիկ չունեն այդ ջուրը: Այնտեղ ոռոգման համակարգերը շատ տեղերում քանդված են: Ջուր չունեն նաև անասնակերի համար, իսկ այդ հարցով կառավարությանը հղած խնդրանք-դիմումները մնացել են անպատասխան: Այսինքն, մենք այնտեղ ունենք լրջագույն խնդիրներ, որոնցով չեն զբաղվում, բայց բերում են Արարատյան դաշտավայրի խնդիրը, որն իրականում չկա:

- Ձեր կարծիքով, ի՞նչն է պատճառը:

- Իրական պատճառը չգիտենք: Մենք ունենք տարբեր վարկածներ: Առաջին վարկածն այն է, որ Սևանը շրջապատված է, այսպես կոչված, օբյեկտներով: Դրանք մեծահարուստների, օլիգարխների օբյեկտներ են: Կարծում ենք` սա պատճառներից մեկն է: Երկրորդ պատճառը. Բնապահպանության նախարարությունը Սևանի ափերը մաքրելու ծրագիր ունի: Այդ ափերը ամբողջը չէ, որ մաքրված են: Այսօր երևում են ջրի տակ մնացած ծառերն ու թփերը:

Բայց ինքս քանիցս տեսել եմ հեռուստատեսությամբ Սևանի ափից տրվող ռեպորտաժներում, թե ինչպես են ջրի տակ մնացող ափերն ազատվում ծառերից:

- Ես չեմ ասում` չեն մաքրվել: Բայց ամբողջ ծավալը չի ապահոված, մի փոքր հատվածն եք տեսել միայն: Այսինքն, պատճառները բազմաթիվ են: Բայց այն, ինչն Ազգային Ժողովն է մեզ ներկայացնում, բոլորովին իրականությանը չի համապատասխանում: Սևանը շատ բարդ համակարգ ունի: Նրա մակարդակը քանիցս իջել ու բարձրացել է, բայց դեռ չգիտենք, թե իջնելու իրական պատճառը որն է:

- Ասում են` Սևանը պատկանում է այն լճերի թվին, որոնց ջրի մակարդակը 100 տարվա տևողությամբ ցիկլով մեկ իջնում է, հաջորդ ցիկլում` բարձրանում: Հիմա մենք, կարծես, բարձրացման ցիկլում ենք:

- Այո: Պատճառը հայտնի չէ: Միայն գիտենք, որ Արփա-Սևան թունելով վերջին մի քանի տարվա ընթացքում մի կաթիլ ջուր չի եկել Սևանի մեջ, բայց լիճը բարձրանում է: Մեր կառավարությունը 2008, թե 2009թ. որոշում է ընդունել թույլատրելի շինարարության նիշն իջեցնել և սահմանել 1908մ բարձրությունը: Մի հանգամանք էլ. Սևանից ջրի բացթողումները սկսվել են մայիսի 2-ից` մինչև ԱԺ-ում վերջին որոշման կայացումը: Մայիս ամսում ոչ ոք ջրի պահանջ չի ունենում: Իսկ ինչո՞ւ են կառավարությունում որոշել այդքան շուտ սկսել ջրառը. նշանակում է` դեռ այն ժամանակ այս չպատճառաբանված, անօրինական որոշումն արդեն պատրաստվում էր: Երբ մենք` էկոլոգներս, Սևանի խնդիրներով զբաղվող փորձագիտական հանձնաժողովին նախօրոք հարցրեցինք, թե ի՞նչ որոշում են ընդունում, մեզ չպատասխանեցին. շատ վրդովված էին, որովհետև իրենք էլ չգիտեին` ինչ պատասխանեն: Հասկանալի է` նրանց եզրակացությունը մեծ ճնշման տակ է կայացել: Սևանի հետ խաղալ չի կարելի. բնությունը դրան շատ խիստ կարող է պատասխանել: Մասնագետներն ասում են, որ Սևանի մակարդակը պահպանելը կարևոր է ոչ միայն բուն Սևանի համար: Լճից զգալի հեռավորությամբ աղբյուրները նույնպես կապ ունեն Սևանի հետ: Մեր ստորերկրյա աղբյուրների համակարգը շատ շաղկապված է, և մենք դեռ ամբողջական պատկերացում չունենք այդ համակարգի մասին: Խախտելով Սևանի մակարդակը, վտանգում ենք նաև մեր խմելու ջրի մյուս աղբյուրների գոյությունը: Ովքեր քվեարկում են նմանատիպ որոշումների օգտին, հավանաբար մտադիր չեն շարունակել ապրել Հայաստանում:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ