«Նախևառաջ մեխանիզմներ են պետք»


 

Դեմկուսի ղեկավարն առաջարկում է հիմք ընդունել «Ադրբեջանական Հանրապետության պետականության վերականգնման մասին» 1991 թ. օգոստոսի 30-ի Ադրբեջանի ԽՍՀ ԳԽ-ի ընդունած հռչակագիրը (համաձայն որի Ադրբեջանի Հանրապետությունը 1918-1921 թթ. Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության իրավահաջորդ պետությունն է) և մի շարք այլ որոշումներ ու դրույթներ և պաշտոնապես վավերացնել, որ ՀԿ-ն ճանաչում է ԼՂՀ կազմավորման գործընթացի օրինականությունն ու դրա համապատասխանությունը միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին:

- Կառավարության ծրագրին արդեն ծանոթացել եք: Բերված ցուցանիշները, Ձեր կարծիքով, իրագործելի՞ են:

- Ես ամբողջ ծրագիրը դեռ չեմ նայել, բայց այն, ինչ ներկայացվեց, դեմ չեմ, որ որպես ծրագիր կարելի է ընկալել, որովհետև անհրաժեշտ քայլերն ու խնդիրներն այնտեղ ներկայացված են` աղքատության դեմ պայքար, աշխատավարձերի բարձրացում, աշխատատեղերի ստեղծում, սոցիալական փաթեթի հետ կապված բարեփոխումներ: Բայց ինձ համար ամենագլխավոր հարցն այն է, թե արդյունաբերական ո՞ր ճյուղերն են իրականում զարգանալու, որոնք մեզ հնարավորություն են տալու անհամեմատ ավելի մեծ աշխատատեղեր ստեղծել և այնպիսի աշխատավարձ ապահովել, որպեսզի մարդիկ կարողանան բարեկեցիկ կյանքով ապրել. սա է, ըստ իս` հարցերի հարցը: Կառավարությունը պետք է նաև հատուկ պետական ծրագիր ներկայացնի` տնտեսության այս կամ այն առաջնային ճյուղերը զարգացնելու ուղղությամբ. այս ծրագրում այդպիսի բան չկա: Երկրորդ` ստվերային տնտեսություն կոչվածը, որը ֆինանսական ամենամեծ ռեսուրսներից մեկն է, որքանո՞վ և ինչպե՞ս է կրճատվելու: Երրորդ` վարկերի հետ կապված խնդիրները. սրանք հարցեր են, որոնց պատասխանը մենք պետք է ստանանք` որպես հասարակություն: Իսկ միայն այդպես նախանշել, թե մենք այսքան տոկոսով կիջեցնենք աղքատության շեմը և այլն, դրա համար նախևառաջ մեխանիզմներ են պետք:

- Փորձը ցույց է տալիս, որ կառավարության ծրագրերն այդպես էլ տարիներով փակված են մնում դարակներում: Ինչո՞ւ պետք է հավատանք, որ այս ծրագիրը կյանքի կկոչվի:

- Չգիտեմ, միակ հույսն այն է, որ Հանրապետության նախագահն ամբողջովին տրամադրված է, որպեսզի այդ փոփոխություններն իրականանան: Մանավանդ` առջևում նորից ընտրություններ են: Չմոռանանք, որ, բացի մեր ներքին խնդիրներից, որոնց ժողովուրդը ըմբռ-նումով է մոտենում, մեր առջև նաև արտաքին բազմաթիվ մարտահրավերներ են ծառացած, որոնք պարտադրում են, որ մենք ուժեղ լինենք, ներքին սոցիալական վիճակը կարգավորենք: Եթե մենք դա չենք անում` արտաքին ազդեցությունն ավելի է եռապատկվում ու քառապատկվում:

- Ի՞նչ կարծիք ունեք կառավարության նոր կազմի մասին, որը, ինչպես Նախագահը նշեց, հեղափոխական փոփոխություններ չի կրել:

- Ես կառավարության կազմի հետ կապված առանձնահատուկ փոփոխությունների անհրաժեշտությունը չեմ էլ տեսնում, որովհետև կառավարման համակարգում գլխավոր խնդիրն այն է, թե ի՞նչ քաղաքական կուրս է իրականացվում, և անհատներն ընտրվում են այդ ծրագրին համապատասխան: Հիմա պետք է հասկանալ` այս մարդիկ գնալու են կռիվ տան, որպեսզի արդյունքի՞ հասնեն, թե՞ իներցիոն քաղաքականություն են վարելու, ինչպես նախկինում: Ես այդ քաղաքական կուրսը չեմ տեսնում, իսկ եթե կուրսը չկա, այդ մարդկանց ինչպե՞ս գնահատեմ: Այո, շատ-շատերը գրագետ տղերք են, արդեն նաև որոշակի փորձ են ձեռք բերել, բայց ի՞նչ են անում, կամ ի՞նչ է ասված, որ անեն. սա է խնդիրը: Այդ պատճառով, Պողոսն է, Պետրոսը, թե Սիսակը` ես որևէ տարբերություն չեմ տեսնում: Եթե քաղաքական կուրսը որոշված է, Նախագահի իրավունքն է ընտրել այն մարդկանց, ովքեր իրականացնելու են այդ կուրսը: Հիմա եթե Սերժ Սարգսյանը համարում է, որ այդ թիմը կարողանալու է դա իրականացնել, ապա` տա´ Աստված: Բայց մենք կխոսենք միայն այն ժամանակ, երբ կլինեն այս ծրագրի գործողության հետ կապված առաջին արդյունքները:

- «Հարսնաքարում» տեղի ունեցած ծեծկռտուքին այդպես էլ քաղաքական գնահատական չտրվեց: Կարծում եք` խնդիրը չպե՞տք է քաղաքականացվի:

- Նրանք, ովքեր դաժան ծեծի են ենթարկել, պետք է ենթարկվեն քրեական պատասխանատվության. այստեղ որևէ կասկած չկա: Բայց ինչքա՞ն կարելի է, քանի՞ անգամ կարելի է այս տիպի երևույթների մասին խոսել և անընդհատ նույն երևույթին հանդիպել: Տեսնում ենք, չէ՞, թե ովքեր են այդ դերակատարները` այսպես կոչված «ախրանան» է: Ինչո՞ւ են էդպես լկտի դրսևորում իրենց, ո՞վ է իրենց այդ իրավունքը տալիս...

- Մամուլի և հանրության ուշադրության կենտրոնում Վարդան Օսկանյանի հետ կապված միջադեպն է, որը շատերը կապում են նրա քաղաքական գործունեության հետ:

- Ես լավ եմ ճանաչում Վարդան Օսկանյանին և իր հետ առանձնապես որևէ խնդիր չեմ ունեցել, բայց չեմ կարծում, որ Վարդան Օսկանյանը նախագահական ընտրություններում հիմնական ֆիգուրներից մեկն է լինելու, որ մենք հիմա կատարվածի մեջ զուտ քաղաքական ենթատեքստ փնտրենք: Իհարկե, լավ չէ, երբ այսպիսի թեժ քննարկումների կամ հակադրությունների ժամանակ հենց նույն անձի հետ կապված մի նոր բան է առաջ գալիս: Ի դեպ, մենք պարբերաբար հանդիպում ենք այսպիսի դեպքերի, բայց ես շատ ուրախ կլինեի, եթե այս դեպքի հետ միասին ևս 10 նմանատիպ դեպքեր բացահայտված ու ներկայացված լինեին հասարակությանը, ու դա լիներ ոչ միայն այսօր, այլև երեկ, մեկ ամիս, երկու տարի առաջ և այլն: Այսինքն` եթե հիմա է բացահայտվել, դա ուրիշ հարց. պետք է ասվի, որ, գիտե՞ք ինչ, ամբողջ այս խրոնոլոգիան բերեց նրան, որ հենց այսօր բացահայտվեց այդ դեպքը, և մենք նոր իմացանք դրա մասին: Բայց, նորից եմ կրկնում, ես չեմ կարծում, թե Վարդան Օսկանյանն այն ֆիգուրն է, որը կարող է ամենալուրջ մրցակցությունն ապահովել նախագահական ընտրությունների ժամանակ: Այստեղ ավելի խորքային պրոցեսներ են. ես կարծում եմ, որ այսօր հստակեցվում են երկու անհատների հարաբերությունները, որոնք այս 20 տարվա ընթացքում համարվել էին մեկ միասնություն: Երևի այդ կոնտեքստում պետք է փնտրել դրա բացատրությունը:

Նարե ՍՏԵՓԱՆՅԱՆ