ՍՈՎԵՏԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԾԵԾՆ ԱՐԳԵԼՎԱԾ ԷՐ Անկախ Հայաստանում ծեծը վճարովի է


Էս դու, ամբաստանյալ, էս էլ` տուժողը ՀՀ քրեական, քրեական դատավարության և քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել: Դրանցով, կարելի է ասել, քրեական, քրեադատավարական և քաղաքացիական հարաբերությունները նոր փուլ են մտնում: Սա, ինչպես և սպասվում էր, եվրոպական մոդելն է, որ քաղաքակիրթ երկրներում արդեն քննություն է բռնել: Փոփոխությունները Կառավարության ճեպազրույցում լրագրող ներին է ներկայացրել Արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը: Փոփոխությունները դատաիրավական համակարգի համար, հասարակության համար դրական կլինե՞ն, թե՞ ինչպես մնացած դեպքերում, մեզանում այս փոփոխությունները ևս կհարմարեցնենք մեզ` գաղափարն այլասերելու, այլափոխելու մեզանում ավանդույթ դարձած, մեզ հատուկ հակումով: Փոփոխությունների հիմնական սկզբունքը Քր. օր-ի մի շարք հոդվածներով նկարագրված հանցագործությունները պետական մեղադրան քի սահմաններից մասնավոր մեղադրանքի ոլորտ տեղափոխելն է, երբ տուժողը բերվում է առաջին պլան: Այլ կերպ ասած, որոշ հանցատեսակներ դուրս են գալիս պետական մեղադրանքի շրջանակներից. զգալի չափերով գողությունը, խարդախությունը, զրպարտանքը, դիտավորությամբ մարմնական վնաս հասցնելը, եթե դա վտանգավոր չէ կյանքի համար, հոգեկան խիստ հուզմունքի վիճակում ուրիշի առողջությա նը ծանր կամ միջին մարմնական վնաս հասցնելը, ծեծը, վիրավորանքը, սեռավարակ հիվանդություններով վարակելը, սպանության կամ գույքի ոչնչացման սպառնալիքը և այլն: Ծեծենք-ծեծվենք, հետո հաշտվենք Ինչի՞ն են նշված դեպքերում հանգում փոփոխությունները: Նման հանցագործություն կատարած անձը կարող է տուժողի հետ համաձայնության գալ. վնաս եմ տվել, դրա դիմաց պատրաստ եմ վճարել տուժողին: Եթե երկու մարդիկ ընդունում են հաշտվելու տարբերակը` մեկը վնասը փոխհատուցելու, մյուսը այն ընդունելու ձևով, պետության միջամտությունն այս պարագայում դառնում է միանգամայն ավելորդ: Եթե մինչ այդ այս երևույթը կաշառել կկոչվեր, ապա այժմ այն օրինական է` «փող տամ, հաշտվենք» սկզբունքով: Միայն թե փոխհամաձայնություն կողմերը պիտի կնքեն մինչև դատարանի խորհրդակցական սենյակ մտնելը: Քրեական պատիժ կսահմանվի այն մարդկանց նկատմամբ, ովքեր սպառնալիքներով և ահ տալով տուժողին կհարկադրեն հաշտվել: Փողին «մուննաթ» Ամեն նոր օրենք, որքան էլ լավը, Հայաստանում չգործելու «հեռանկար» ունի: Այս օրինագծում, համաձայնեք, չմարսվող ինչ-որ բան կա: Մենք սովոր ենք գաղափարները գլխիվայր շրջել, օրենքը կիրառել ոչ թե հանուն, այլ` ընդդեմ: Իրենց արտոնյալ համարող մարդիկ (Հայաստանում այդպիսիների պակաս չկա) այլևս կաշկանդված չեն իրենց ուզած ժամանակ իրենց չուզած մարդու նկատմամբ ձեռքներին ու լեզվին ազատություն տալ. մի մուշտի, մի թաթալոշ, մի երկու «սիրուն» խոսք: Էլ դատ ու դատաստան չկա. փողը տուր, վերջանա-գնա: Հո՞ սրտները կհովանա: Մանավանդ, եթե նրանց համար գրպանը մի հարյուր հազար դրամով թեթևացնելը առանձնապես նկատելի ու էական չէ: Այսպիսիները հիմա էլ այս ազատությունն ունեն, հիմա էլ նրանց գրպանները որոշ չափով թեթևանում են: Տարբերությունն այն է, թե ում գրպանն է մտնելու իրենց գործած հանցանքի դիմաց փոխհատուցվող գումարը` իրավապահի՞, թե՞ մասնավոր մարդու, ով ծեծվել է, անարգվել է, զրպարտվել է, մի խոսքով` տուժել է: Մի խոսքով, պետությունն ասում է` եթե երկու մարդ իրար հետ լեզու են գտնում, համաձայն ես ներել ու ներվել, ես մեջտեղ ի՞նչ գործ ունեմ: Դու` ինձ, ես` քեզ Ներմուծվում է դատական քննության հատուկ կարգ: Մինչև տասը տարի ազատազրկում սահմանող հանցագործություն կատարած անձինք իրավունք ունեն պահանջելու իրենց նկատմամբ դատական քննության հատուկ կարգ: Ի՞նչ է սա նշանակում: Դատարանն այլևս չի անցնում ապացույցների հետազոտման, որովհետև ամբաստանյալը համաձայնում է մեղադրանքին և չի վիճարկում ոչ մեղադրանքը, ոչ ապացույցնե րը: Հետևաբար և նրա բողոքարկելու իրավունքն է մեջտեղից դուրս գալիս: Դե եթե ամբաստանյալն օգնում է պետությանը, պետությունն էլ պատրաստ է դրա դիմաց մեղմացնել պատիժը: Տվյալ դեպքում այն 1/3-ով պակաս կլինի, քան առավելագույն պատիժն է: Ծնողը մեղք չունի, բայց... մեղավոր է Քաղաքացիական օրենսգրքում կատարված առաջին փոփոխությունը վերաբերում է մինչև 14 տարեկան երեխաների (օրենսդրությամբ նրանք փոքրահասակ են անվանվում) պատճառած վնասի հատուցմանը: Գործող օրենսգրքում սահմանված է, որ ծնողը պատասխանատու է մինչև 14 տարեկան իր երեխայի պատճառած վնասի համար, եթե չի ապացուցում, որ վնասն իր մեղքով չէ: Այս դրույթի վերջին մասը` «եթե չի ապացուցում...», դատական որոշման մեջ արդեն ունի իր արտացոլումը: Եթե երեխան խաղում է բակում և վնասում այստեղ հարևանի կայանած մեքենան, այստեղ ծնողի մեղքն առկա՞ է, թե՞ ոչ: Դատարանը նման դեպքերում արդարացի որոշում է` ծնողի մեղքն առկա չէ: Սակայն վնասի հատուցման ինստիտուտում մի կարևոր դրույթ կա` վնասի համար պատասխանատու է վնաս պատճառողը: Օրենքով նախատեսված դեպքում հասցված վնասի համար պատասխանատվություն կարող է կրել ոչ միայն վնաս պատճառողը, այլև այլ անձինք: «Եթե չեն առաջարկում...» մասը օրենքից հանելը` նշանակում է, որ ծնողը միշտ պատասխանատու է փոքրահասակ երեխայի կողմից պատճառած վնասի համար: Զոքանչդ է հարևանիդ ջրել, հյուրդ, թե արտերկրից եկած 40 տարվա ընկերդ` վնասը, տանտեր, դու ես հատուցելու Վերնագիրը պատկերեց իրավիճակը: Հարևանիդ տուն ջուրը հոսել է քո տնից, որի սեփականատերը դու ես: Եվ դու էլ պարտավոր ես հարևանիդ պատճառած վնասը փոխհատուցել: Սա չի նշանակում, հարգելի սեփականատեր, որ դու չես կարող պատասխանատվության կանչել իրական մեղավորին` զոքանչիդ, հյուրիդ կամ ընկերոջդ, ով բաց է թողել ծորակը, և նրանցից ստանալ փոխհատուցում: Սակայն նախ որպես սեփականատեր, ինքդ վճարիր, ապա որոշիր, թե ով է վերականգնելու քո կորուստը:

Սուսան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ