Ցանկանալը քիչ է, հարկավոր է օգնել...


Դարեր շարունակ մեր մշակույթն ու կրթությունը պահպանվել է հայազգի մեկենասների շնորհիվ: Նրանք` բարեգործությունը նպատակ դարձրած, ամբողջական ինքնանվիրումով և պատասխանատվության գիտակցումով խրախուսել և հովանավորել են, օգնել ու աջակցել, որ ստեղծագործողը, արվեստագետը չընկճվի, հնարավորություն ունենա բացահայտել իր շնորհները: Օրերս Ղրիմի երաժշտասեր հասարակությունը հետաքրքրական համերգի ունկնդիրը եղավ: Հունիսի 22-ից-հուլիսի 4-ը Ղրիմի Եվպատորիա քաղաքում կայացավ մանկական գեղագիտական` «Ալիսան հրաշքների աշխարհում» միջազգային փառատոնը, որին մասնակցեցին նաև Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքի թիվ 1 Ղ. Սարյանի անվան արվեստի դպրոցի օժտված սաները` Ռուզաննա Մանթաշյանը, Միքայել Աթասունցը, Սուսաննա Քաբաբյանը և նվագակցող Արուսյակ Մանթաշյանը: Նրանք մեկնել էին «Տոնուս»` ընկերության տնօրեն Աշոտ Տոնոյանի անմիջական աջակցությամբ: Նա մեծ պատրաստակամությամբ օգնեց, որ երեխաներն հնարավորություն ունենան մասնակցել փառատոնին: Արդ` ուրախությամբ ենք փաստում, որ հայ շնորհալիրները վերադարձել են մեծ նվաճումներով` այդ կերպ վարձահատույց լինելով իրենց հանդեպ ցուցաբերված բարեսիրությանը: Ռուզաննա Մանթաշյանը արժանացել է փառատոնի դիպլոմանտի, Միքայել Աթասունցը` դափնեկրի կոչման, Սուսաննա Քաբաբյանը` «Գրան-պրիի», Արուսյակ Մանթաշյանը` մանկավարժ դափնեկրի մրցանակի: Կրթությունը և մշակույթը պահպանիչ հենասյուներն են ազգի, և դա լավ գիտակցում է Աշոտ Տոնոյանը, ով նպաստում է երեխաների հոգևոր, մշակութային և ֆիզիկական դաստիարուկությանը` որեպսզի ունենանք հոգով և մարմնով առողջ սերունդ: Արվեստի դպրոցի տնօրինությունը, ողջ աշխատակազմը և սաներն ու նրանց ծնողները երախտագիտություն են հայտնում Աշոտ Տոնոյանին` իրենց հանդեպ բարի կամքի նման դրսևորման համար:

Նարինե ԱՎԵՏՅԱՆ