Այստեղ երկրի վաղվա տերերն են


Մեր ապագան կերտողների արժանի հերթափոխ նախապատրաստելու և հանձին նոր սերնդի` երկրի կայունությունն ապահով տեսնելու համար, հարկ է, որ ինքնակառավարման մարմինները հայացքն ուղղեն դեպի կրթօջախ, մասնավորապես` դեպ նախակրթարաններ: Քանաքեռ-Զեյթուն համայնքի ղեկավար Արայիկ ՔՈԹԱՆՋՅԱՆԸ անչափ կարևորում է այս իրողությունը և մատաղ սերնդի դաստիարակությունը համարում իր և թաղապետարանի հոգածության առաջնային օղակներից մեկը: - Այնքան շատ խնդիրներ են ծառացած նախակրթական հիմնարկների առաջ, որ մտածել, թե դրանք մեկ օրում հնարավոր է լուծել` առնվազն անտեղյակության արդյունք կլիներ և անհիմն ինքնավստահություն: Բայց նաև եղածի հետ հաշտվելն էլ խնդրի լուծում չէ: Մենք սկզբունքորեն ամեն ինչ անում ենք` սատարելու, աջակցելու մանկապարտեզներին: Եվ արդեն իսկ ճաշակում ենք մեր աշխատանքի առաջին պտուղները. բավական ծանր վիճակում հայտնված մանկապարտեզներից մեկն, օրինակ, հուրախություն ամենքիս, ոչ միայն շարունակում է գործունեությունը, այլև արդեն բարձր հաճախելիություն ունի. այս փաստը, հետևողական աշխատանքի շնորհիվ, մեծ ձեռքբերում կարելի է համարել: Ավելի ստույգ` նպատակամետ աշխատանքի արդյունք: Բոլորովին վերջերս ներկա գտնվելով նախակրթարանների տարեվերջյան հանդեսներին, գոհունակությամբ ուզում եմ փաստել, որ գրեթե բոլոր կրթօջախներում կարևորվել է հայրենասիրական և ազգագրական թեմաները: Թեև ամեն նախակրթարան յուրովի և մյուսներից տարբեր կատարումներով է ներկայացնում այդ ամենը, բայց հիմնական գաղափարը հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումն էր և մայրենին անաղարտ պահելու գիտակցությունը: Այդ առումով անչափ կարևոր է, որպեսզի երեխան զգա, որ ինքը պաշտպանված է և գտնվում է պետության հովանու ներքո: ...Վերջին տարիներին մեր ժողովուրդը կարծես հետ վարժվեց արժանապատիվ կենցաղից, սովորեց եղածով մի կերպ բավարարվել. փոխվեց նրա հոգեբանությունը: Մինչդեռ շատ ցավալի է, երբ մարդը հաշտվում է իրեն պարտադրված կենսակերպի հետ և հանդուրժողականության մթնոլորտում կորցնում է իր դիմագիծը: Հատկապես մատաղ սերնդի դաստիարակության ճանապարհին մենք կարևորում ենք գեղագիտական ճաշակի ձևավորումը: Այսինքն` ոչ միայն և ոչ թե սոսկ խաղահրապարակ, այլ հագեցած ու բարետես հանգստի վայր, ուր կարող են նաև խաղալ: Շուտով Քանաքեռում բացելու ենք մի հրաշալի խաղահրապարակ, բայց իրավացիորեն մտահոգված ենք այն պահպանելու խնդրով: Ոչ վաղ անցյալում մեր քաղաքացիները թեթև ձեռքով քանդել և տարել էին նորակառույց ոռոգման ցանցի փականները, բայց ոչ ոք չի բռնել հանրային ունեցվածքի հանդեպ ոտնձգություն կատարողի ձեռքը: Նման փաստերն ինձ իրավունք տալիս են մտահոգվել` կանխելու հնարավոր ոտնձգությունները նաև այս և մեր մյուս խաղահրապարակների հանդեպ: Չէի կամենա, որ ուղղակիորեն ոչնչացվեն դրանք. ոչ թե միտումնա վոր, այլ` անտարբերության քողի տակ: Տա Աստված, որ մտահոգությունս անտեղի լինի: Այս տարի մեր համայնքում 7-8 բակեր կհամապատասխանեցվեն եվրոպական չափանիշներին: Օգոստոսի 3-ին համայնքում կկատարվի հերթական նոր խաղահրապարակի բացումը: Սեպտեմբերի կեսերին կավարտենք մեր ծրագրի այդ փուլը: Իսկ եթե անգամ բյուջեով հնարավոր չլինի ավարտել խաղահրապարակների կառուցումը, միևնույն է, որոնելու ենք միջոցներ` սկսածն ավարտին հասցնելու համար: Ամեն ինչ պետք է արվի` Քանաքեռ-Զեյթունի մանուկների առօրյան բովանդակալից և հագեցած, իսկ համայնքը` հնարավորինս նորոգ ու բարետես դարձնելու համար: