ՊԱՀԱՆՋՎՈՒՄ Է ՊՐՈՖԵՍԻՈՆԱԼ ԲԱՆՎՈՐ


Նախկինում Լեւոն Սարգսյանին (Ալրաղացի Լյով) պատկանող ալրաղացը ընտրություններից առաջ գնեց մեկ այլ պատգամավոր` Խաչատուր Սուքիասյանը (Գռզո): Մեր տեղեկություններով, վերոնշյալ գործարքից հետո ալրաղացի աշխատակիցների վիճակը կտրուկ վատացել է. աշխատակիցների զգալի մասը զրկվել է աշխատանքից. աշխատանքային բեռն ընկել է մի քանի աշխատողի վրա, իսկ Խաչատուր Սուքիասյանը հրաժարվում է բարձրացնել նրանց աշխատավարձերն ու աշխատանքին համարժեք վճարել: Մեր տեղեկություններով, ալրաղացի 11 աշխատակիցներ վերջերս դիմում են ներկայացրել ղեկավարությանը` աշխատավարձերը վերանայելու պահանջով: Այսօր ալրաղացի բանվորների աշխատավարձը մոտ 45 հազար դրամ է: Երեկ մեզ հետ զրույցում Խաչատուր Սուքիասյանի մամուլի քարտուղար Աննա Մկրտչյանն ասաց, որ ալրաղացը ներկայումս վերանորոգվում է, իսկ կադրային իրական փոփոխությունները դեռ առջեւում են` հուլիս ամսին: «Պրոֆեսիոնալ կադրերի կարիք կա», - հիմնավորեց մամուլի քարտուղարը` հավելելով, թե «Սիլ գրուպը» միշտ էլ առաջնորդվել է պրոֆեսիոնալ աշխատանքի սկզբունքներով: Այնպես որ, հուլիսին ալրաղացի աշխատակիցները դեռ պետք է համապատասխան մրցույթներ հաղթահարեն` ապացուցելու համար, որ իրենք համապատասխանում են «Սիլ գրուպի» պրոֆեսիոնալիզմի սկզբունքներին: