Իմ տեսած Ղարաբաղն ո˜ւր, այսօրվանն ո˜ւր...


Իմ տեսած Ղարաբաղը 1989-ի Ղարաբաղն էր: Խառը, ահավոր խառը ժամանակներ էին: Մոլեգնած էր Ստեփանակերտը. միտինգներ, հոգին բերանը ելած հայի խոսքեր էին հնչում ամենուր: Համբերությունն այլևս ելել էր իր ափերից, մանավանդ խորհրդային բանակի զինվորների ներկայությամբ, որոնք աչալրջորեն ստուգում էին անցորդների փաստաթղթերն ու ամեն կերպ ուզում էին պատժած լինել այդ «ապստամբ» ժողովրդին, «բունտարներին»: Տողերիս հեղինակն ու Անժելա Հովհաննիսյանը գործուղվել էինք Ստեփանակերտ` մամուլում զուտ հայեցի նկարագիր ունեցող Արցախ աշխարհի աննկուն ոգին պատկերելու և հրապարակախոսական հոդվածներով նեցուկ կանգնելու նրան: Ու որքան հրաշալի էր, երբ օրեր առաջ հյուրընկալվելով, լիիրավ փոխված տեսա Ստեփանակերտի դեմքը: Այլևս այն քաղաքը չէր: Վազգեն Սարգսյանի անունը կրող մաքրամաքուր փողոցով գնացինք հրապարակ, խառնվեցինք գունավոր շատրվանների, երաժշտության ներքո ճեմող ու իրենց հրապարակը երբեք դատարկ չթողնող ստեփանակերտցիներին: Իսկապես, իմ տեսած Ղարաբաղն ո˜ւր, այսօրվանն ո˜ւր... Այո, ղարաբաղցու «կողի» նման պինդ, աննկուն ոգին զգաց մեր 40 հոգանոց խումբը, որը կազմված էր Երևանի թիվ 48` Միսաք Մանուշյանի անվան դպրոցի աշակերտներից, մանկավարժներից և ծնողներից: Խումբը նպատակ ուներ «Հայրենապատում» պիեսի բեմադրությամբ (հեղինակ և բեմադրող` նույն դպրոցի մանկավարժ Գյուլնարա Ալեքսանյան) հայրենաշունչ ոգի ներարկել ծառայության մեջ գտնվող զինվորներին: Տարիներ առաջ դպրոցի թատերական խմբակը` տիկին Ալեքսանյանի հեղինակած Սողոմոն Թեհլերյանի մասին պիեսով, Մշակույթի հայկական ֆոնդում, Գրականության ինստիտուտի դահլիճում, այնուհետև` Երաժշտական կոմեդիայի թատրոնում, այնպիսի մի հայրենասիրական ոգու պոռթկում առաջացրեց, որ դժվար էր պատկերացնել մեր օրերում: Հար և նման առաքելությամբ դպրոցականներն այցելեցին մի քանի զորամասեր, ելույթներ ունեցան, արժանացան շնորհակալական ջերմ խոսքերի և զորամասերի ղեկավարության պատվոգրերի: Ամենուր նրանց հետ էր մահապարտների խմբի անդամ Սպարտակ Մաթևոսյանը, ով ներկայացումներից ազատ ժամերին դպրոցահասակ տղաներին պատմում էր պատերազմական այն դժվար օրերի մասին, երբ կյանքն ու մահը միախառնված էին իրար. ելքը ապրելն էր, ապրելն ու հաղթելը: «Հայրենապատումը» պատկերավոր պատմությունն է Հայաստան երկրի, նրա արքաների, դիցարանի, չարի և բարու մշտական կռվի, անկախ պետականության վերականգնման մասին: 5 օր աշակերտներն ու նրանց ուղեկիցներն ապրեցին զինվորականին վայել կյանքով: Հանգրվանեցին զինվորական վարժարանի շենքում, իսկ ղեկավարությունը հոգաց այն ամենի մասին, ինչ անհրաժեշտ էր խմբին: Հնգօրյա ուղևորությունը կատարվեց ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հովանու ներքո, որի համար խմբի անդամներն իրենց շնորհակալական խոսքն են ուղղում պարոն Նախարարին և գործի հետ մասնակցություն ունեցած բոլոր զինվորականներին:

Լյուդմիլա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ