Նրանք գնացին հզորացած


Արդեն քանի տասնամյակ հայ ժողովրդի բեկորները ցրված են աշխարհով մեկ: Չկա մի վայր, որտեղ հայն օջախ հիմնած չլինի: Եվ աշխարհի ոչ բոլոր լեզուներով է հնչում «սփյուռք» բառը: Հայրենիքից հեռու` մշտարթուն կարոտը սրտում, հող հայրենիի զորությունը երակներում` ապրում ու արարում է հայ մարդը` միշտ իր ինքնությունը կորցնելու, ձուլվելու վտանգին դեմ-հանդիման: Օտար ափերում սփռված մեր հայրենակիցների հայապահպանությանը նպաստող բազմաթիվ ծրագրերի հեղինակ է դարձել ՀՀ սփյուռքի նախարարությունը: Արդեն 3-րդ տարին է` իրականացվում է «Արի տուն» ազգանպաստ ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր տարի բազմաթիվ սփյուռքահայ երիտասարդներ հյուրընկալվում են հայրենիքում: Ծրագրի նպատակն ու խնդիրները հստակ են` օտար միջավայրում ծնված ու մեծացած հայի համար ճանաչելի դարձնել հայրենիքը, ինչի իրականացման համար ջանքեր չեն խնայվում: Արդյունքները տեսանելի են: Նախկինում երբեք Հայաստանը չտեսած երեխայի հոգում ձևավորվում է հայրենիքի իրական, շոշափելի նկարագիրը: Նրանք ծանոթանում են իրենց արմատներին, հայ մարդու նիստուկացին, հոգեկերտվածքին, ավանդույթներին, արժեհամակարգին: Շուրջ 10 օր բնակվում են հյուրընկալող ընտանիքներում, որոնք անշահախնդրորեն, հարազատի ջերմությամբ ու հոգատարությամբ են շրջապատում իրենց հյուրին: Ապա վերջին 4 օրը կազմակերպ վում է երեխաների համատեղ` հաճախ նաև հյուրընկալող ընտանիքի հասակակցի հետ, հանգիստը Աղվերանի «Կարին» ճամբարում: Ու հատկապես այդ օրերն առավել հագեցած են ու բազմազբաղ: Այստեղ գործում են երգի, պարի, ձեռքի աշխատանքի, հայագիտության խմբակներ, իսկ իրենց ստացած գիտելիքներն ու ձեռք բերած հմտությունները երեխաները ներկայացնում են հրաժեշտի նախորդ օրը կազմակերպվող միջոցառման ժամանակ: Հաճախ նույնիսկ հայերենին չտիրապետող պատանիները կազմակերպվող դասընթացների արդյունքում սկսում են հաղորդակցվել մայրենիով: «Արի տուն» ծրագրի այս տարվա 3-րդ փուլին մասնակցում էր շուրջ 100 երեխա` Իսպանիայից, Սլովակիայից, Բելգիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Սիրիայից, Իրաքից, Հորդանանից և այլն: - Սա համահայկական ծրագիր է և մեծ առաքելություն է իրականացնում: Խորհուրդը սփյուռքահայ երեխաների մեջ սեր սերմանելն է առ հայրենիք, այն ճանաչելի դարձնելը: Նրանք ծանոթանում են մեր պատմամշակութային արժեքներին, մշակույթին, երկրի ղեկավարության հետ: Շատերը կրկին գալու ցանկություն են հայտնում, սակայն մեր ծրագրով նույն երեխան միայն 3 տարի հետո կարող է այցելել Հայաստան: Ցանկացողները շատ են, արձագանքները` մեծ: Փուլ առ փուլ ավելանում է հայրենիք եկող երեխաների թիվն ինչպես ԱՊՀ երկրներից, այնպես էլ արտասահմանյան այլ պետություններից: Գալիս են մեծ սիրով, գնում` չցանկանալով և կրկին Հայաստան գալու վճռականությամբ,- վստահեցնում է «Արի տուն» ծրագրի ղեկավար, ՀՀ վաստակավոր մանկավարժ Լաուրա Ավետիսյանը: Հանդիպումը ջերմ էր, անմոռանալի: Երեխաները ներկայացրին այս օրերի ընթացքում իրենց ձեռք բերած գիտելիքները: Տպավորիչ էին նրանց շուրթերից հնչող ասմունքը, հայ երգն ու հրաժեշտի խարույկի շուրջ բռնած հայոց ավանդական քոչարին: Անսահման էր հուզմունքը: Ոչինչ չի կարող նույնանալ հայրենիքը բացահայտած, ճանաչած մարդու ապրումների հետ. -Առաջին անգամ եմ Հայաստանում: Զգացի իմ հողի, օդի զորությունը, տեսա հայրենիքիս գեղեցկությունը: Չափազանց հուզված եմ, բառեր չեմ գտնում… Ուզում եմ շնորհակալություն հայտնել Սփյուռքի նախարարությանը, հարգարժան նախարարին, կազմակերպիչներին, որ այսպիսի ծրագիր են իրականացնում: Սփյուռքահայ երեխաներն, այստեղ գալով, թե´ միմյանց են ճանաչում, թե´ Հայաստանում բարեկամներ են ձեռք բերում: Մենք հյուրընկալվել էինք Ջրվեժում: Հյուրընկալող ընտանիքներն օդանավակայան էին եկել` ծաղիկներով մեզ դիմավորելու: Նրանք հարազատի պես մեզ ընդունեցին իրենց օջախներում: Բառերն ի զորու չեն արտահայտելու զգացմունք ներս… Հորդանանից 13 երեխա ենք բերել, բոլորն էլ շատ ոգևորված են և ուզում են կրկին Հայաստան գալ,- իր տպավորություններն է կիսում Հորդանանի խմբի ղեկավար, Յուզբաշյան- Գյուլբենկյան ազգային վարժարանի փոխտնօրեն Ռաքել Ասատուրյան-Մարգարյանը: Սիրիահայ 17- ամյա Գրիգոր Հալաջյանը երկրորդ անգամ է Հայաստանում. - Բոլոր տեսարժան վայրերում հասցրել եմ լինել նախորդ այցիս ընթացքում: Ամենաշատը տպավորվել է Խոր Վիրապը և նրա խորհուրդը: Այս անգամ ավելի լավ էր, քանի որ ձեռք եմ բերել շատ լավ ընկերներ: Այստեղ լավ է, բայց կուզենայի` հաջորդ այցիս ավելի լավ տեսնել Հայաստանս: Մեծ սիրով կրկին գալու եմ: - Ես առաջին անգամ տեսա Հայաստանը: Կատարվեց իմ ամենամեծ երազանքը` տեսա Արարատը: Շատ գեղեցիկ էր,- ապրած վեհ զգացումների մասին այսպես է պատմում 13-ամյա Անի Հակոբյանը: Երբ ճանաչում ես պատմությունդ, արմատներդ, գիտակցում, որ արդար ես ապրել ու մաքառել, ավելի ես հզորանում: Նրանք գնացին հզորացած` ամուր թելերով մեկընդմիշտ կապվելով հայրենիքին: Ու իրենց սրտում տարան իրենց հայտնաբերած գողտրիկ Հայաստանը, հայրենի հող ու ջրի զորությունն ու կարոտը:

Հասմիկ ԳՅՈԶԱԼՅԱՆ