ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆՈՒՄ «ԱՐՇԱԼՈՒՅՍՆԵՐԸ ԽԱՂԱՂ ԵՆ»


Վերջին օրերին, կիրառելով մեզանում շատ վաղուց արմատավորված, սակայն միշտ ձախավերության մատնված հակաPR-ի դրույթը, որոշ լրատվամիջոցներ տեղեկություններ են տարածում, թե Հանրապետական կուսակցությունից մեծ թվով մարդիկ հեռանում են` համալրելով «Օրինաց երկրի» և ՀԱԿ-ի շարքերը: Այս տեղեկատվութ յունն ի սկզբանե կասկածահարույց էր, որովհետև հազիվ թե հեռանալով իշխող կուսակցությունից, մարդիկ հանգրվաններ որոնեին «Օրինաց երկրում», որի վարկանիշն օրավուր նվազում է: Ավելին, այս կուսակցությունն ինքն է այսօր մեծ ջանքեր գործադրում` որոշ օլիգարխներ, փողատեր անձինք հայթայթելու: ՀԱԿ-ի շարքերը համալրելու մասին տեղեկատվությունը կարող էր ճշմարտանման լինել, եթե հաշվի չառնեինք այն հանգամանքը, որ հասարակության մեջ ընդդիմադիր այս ուժի հանդեպ տակավին չեն դրսևորվել հստակ մոտեցումներ: Այդ ուժն ինքն էլ այսօր վստահության հարց ունի, քանզի հենց ընդդիմադիր դաշտում ձևավորվել են պառակտումներ և տարաձայնություններ: Իհարկե, պետք չէ ողբերգություն սարքել` եթե մարդիկ մի կուսակցությունից մյուսն են գնում: Հայաստանում, ցավոք, շատ քիչ են նրանք, ովքեր այս կամ այն կուսակցությանը անդամակցում են համոզմունքներով, գաղափարական ընդհանրությունների պայմանով: Մեզանում մինչև օրս մշակված չեն կուսակցություններին անդամակցելու և դրանցից հրաժարվելու կանոնները, ոչ բոլոր կուսակցություններն են լուրջ ուշադրություն դարձնում ընդունելության կամ էլ անդամների հաշվառման խնդրին: Եթե քրքրենք մի շարք կուսակցությունների ցուցակները, ապա դրանց հանրագումարում Հայաստանի բնակչության թիվը կարող է հասնել 4-5 միլիոնի, քանի որ քաղաքական «միգրացիայի» և բոմժության հոգեբանությունը շատերի համար է մնում ընդունելի: Կան նաև մարդիկ, ովքեր իրենց գրպաններում մի քանի կուսակցությունների անդամատոմսեր են պահում` ցանկացած պահի «ի հայտ բերելով» իրենց «կողմնորոշումները»: Վերջերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատասխանատուներից մեկն անգամ խոստովանեց, որ իրենք կուսակցության անդամների ճշգրիտ թիվը չեն կարող ասել: Սակայն վերադառնանք Հանրապետականից «արտահոսքի» խնդրին, ինչն էլ ոմանց համար քննարկման կամ չարախնդումի նյութ է դարձել: Կուսակցության մամլո խոսնակ Էդուարդ Շարմազանովը վկայում է, որ ընդգծված արտահոսք չկա: Ավելին, նա հիշատակեց, որ վերջին շրջանում նկատվում է մեծ հետաքրքրություն կուսակցութ յան հանդեպ, ինչի արտահայտություններն են մարզերում շոշափելի դարձած մղումները դեպի ՀՀԿ: Վարչապետ Տիգրան Սարգսյանի` Ալավերդի և Արթիկ կատարած այցելությունների ժամանակ ընդհանուր հաշվով մոտ երեք հարյուր երիտասարդ է անդամագրվել կուսակցությանը` այդպիսով վկայելով, որ Հանրապետականը շարունակում է գայթակղիչ լինել հանրության համար: Հատկապես` երիտասարդության, որն այսօր փնտրում է այն քաղաքական ուժին, որն ի զորու է ձևավորելու քաղաքական միասնություն: Ի տարբերություն շատ կուսակցությունների, մամլո խոսնակի վկայությամբ` Հանրապետականը երիտասարդանում է: Եվ սա օրինաչափ է, որովհետև հատկապես երիտասարդությունն է գնահատում ազգային գիտակցության և ազգային արժեքների խնդիրը, որն ընկած է Տարոնականության կամ` Նժդեհյան գաղափարախոսութ յան մեջ: Իսկ Նժդեհյանը դառնում է ազգային արժեք, որովհետև հիմա հատկապես կարևորվում է ազգային մտածողության դերն ու նշանակությունը: Անգամ մի շարք ընդդիմադիր թերթեր, սեփական հարցախույզներն իրականացնելիս, անզոր են լինում թաքցնել այն փաստերը, որոնք վերաբերում են Հանրապետականին: Այսքանից հետո օրինական հարց է ծագում. ո՞ւմ են ձեռնտու կեղծ ու մտացածին հայտարարությունները` Հանրապետականում իբր սկիզբ առած արտահոսքի մասին: Բնականաբար` բոլոր նրանց, ովքեր այսօր ինքնահաստատվելու խնդիր ունեն, ովքեր կամենում են առաջիկա ընտրություններից առաջ բարոյական և քարոզչական ճնշումներ գործադրել մարդկանց վրա` հաստատելու իրենց կեղծ թեզերը, իրենց պատկերացմամբ կազմաքանդելու կուսակցության համախոհների բանակը: Սակայն սրանք շատ վաղուց փորձարկված և դեն նետված նախընտրական մեխանիզմներ են, որոնք այլևս չեն կարող կիրառելի լինել: ՀՀԿ մամլո խոսնակը վստահ է, որ նման էժանագին հնարքներով հնարավոր չէ վնասել Հանրապետական կուսակցությանը: Նրա գաղափարական կայուն հենքը գոյավորվել է տասնամյակների ընթացքում և բռնել ժամանակի քննությունը:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ