Հ Ա Յ Ր Ե Ն Ա Կ Ա Ն Չ


Սեյրան ՕՀԱՆՅԱՆ. «Այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են» Արդեն ավանդույթ են դարձել սփյուռքահայ երիտասարդների այցելությունները Պաշտպանության նախարարություն: Հայ բարեգործական ընդհանուր միության ծրագրերի շրջանակներում ամառային ուսումնական պրակտիկան Հայաստանում անցկացնող 21 սփյուռքահայ երիտասարդներին ընդունել է Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Ողջունելով երիտասարդներին` Հայաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ սփյուռքահայ երիտասարդները, որպես հայ ժողովրդի մի մաս, հայրենիքին կարող են զորակցել իրենց գիտելիքներով: Խոսելով բանակ-հասարակություն կապի կարևորության մասին` Սեյրան Օհանյանը մասնավորապես ասել է. - Պաշտպանության նախարարությունը մեծ ուշադրություն է դարձնում հանրային կապերին` փորձելով դրանք դարձնել առավելագույնս թափանցիկ: Մենք մշտապես ասում ենք, որ այնտեղ, ուր բանակն ու ժողովուրդը միասնական են, նրանք անպարտելի են,-ընդգծել է նախարարը` հավաստիացնելով, որ նմանաբնույթ հանդիպումները նպաստում են սփյուռքահայ երիտասարդի մոտ հայրենաճանաչողության և ազգային ոգու բարձրացմանը: Նախարարի հետ հանդիպումից առաջ ուսանողներն այցելել են նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն, ծանոթացել զինվորների առօրյային, շփվել հայրենակիցների հետ, եղել տարբեր տեսարժան վայրերում: Հայ բարեգործական ընդհանուր միության համաշխարհային խորհրդի անդամ Վազգեն Յակուբյանը սփյուռքահայ երիտասարդների մասին նշել է. - Նրանք օտար քաղաքացիներ են, սակայն ցանկանում են իրենց հայրենիքի մի մասը կազմել: Այնուհետև Նախարարը պատասխանել է երիտասարդների հարցերին, որոնք վերաբերել են Աֆղանստանում հայ խաղաղապահների առաքելությանը, հայկական բանակի մարտունակությանը, ղարաբաղյան հարցին, Հայաստանի վարած պաշտպանական քաղաքականությանը: Նախարարի հետ հանդիպումից հետո սփյուռքահայ երիտասարդներն այցելել են Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտ, ծանոթացել ապագա սպաների առօրյային, ուսումնական գործընթացին: Նրանք այցելել են նաև ինստիտուտի թանգարան, որտեղ հյուրերին հանգամանալից ներկայացվել է Արցախյան պատերազմի պատմությունը: