Քամուն է տրվել 34 միլիարդ


Չնայած երկրին պատուհասած ճգնաժամին, ամերիկյան կառավարությունը շարունակում է գումարներ վատնել Իրաքում և Աֆղանստանում: Համենայն դեպս այդ է վկայում հատուկ հանձնաժողովի զեկույցը, որը հայտնվել է The Wale Street Jurnal թերթի տրամադրության տակ (գրել է KP.ru¬ն): Հանձնաժողովն աշխատել է 3 տարի և հաշվարկել ֆինանսական կորուստների պատկառելի մի գումար. ընդամենը 10 տարվա ընթացքում Իրաքում ու Աֆղանստանում մսխվել է 206,5 միլիարդ դոլար, որից 34 միլիարդը` զուր տեղը: Այդ թվի մեջ հաշվարկված են և´ մարտիկների վճարները, և´ աֆղանստանցի գյուղացիներին տրված փոխհատուցումը: Բացի այդ` մշտառկա մի շարք «հավերժական շինարարություններ» և «հավերժական վերակառուցումներ»: Հանձնաժողովի ուշադրությունից չեն վրիպել նաև ուռճացված հաստիքները: Ամերիկյան 145 հազար մարտիկների հարմարավետությունն Իրաքում ու Աֆղանստանում ապահովում են ավելի քան 209 հազար տեղաբնակներ: Հանձնաժողովի փորձագետները «դատարկ» ծախսերի աճ են կանխատեսում. նույնիսկ երկու երկրներից զորքերի վերջնական դուրսբերումից հետո էլ Վաշինգտոնի հատկացրած օժանդակությունը հաջողությամբ վայրէջք է կատարելու տեղական իշխանությունների գրպանը: