Սպառնո՞ւմ է «մեծ ախպորը», թե՞ նրան լարախաղացության շանս տալիս


Անցյալ ուրբաթ Վանի առևտրա¬արդյունաբերական պալատի խորհրդի ղեկավար Աբդուլա Թյունջդեմիրը հազիվ էր հասցրել Երևանում հայտարարել, որ սեպտեմբերի 11¬ին հավանաբար առաջին չվերթը կկատարի Երևան-Վան ավիաերթուղին, երբ Բաքվից հերթական կլանչոցը լսվեց. - Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ չվերթի բացումը երկու երկրների հարաբերությունների հարց է: Բայց Բաքուն իրեն իրավունք կվերապահի հակազդել` Ադրբեջանի ազգային հետաքրքրությունների սպառնալիքի դեպքում: Այսպես է արտահայտվել ադրբեջանցոց ԱԳՆ մամլո կենտրոնի առաջին քարտուղար Էլման Աբդուլաևը: Նա ասել է, որ երկրի արտգործնախարարությունը հետևում է այդ օդուղու առնչությամբ հետագա զարգացումներին: Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմամբ որքան շահագրգիռ, նույնքան էլ վեհերոտ է Թուրքիան: Մերթ հերքելով, մերթ մոռացության մատնելու հույսով, հաճախ էլ` մյուս պետությունների ձայն ունեցող պաշտոնյաներին մոլորեցնելով` նա փորձում է շրջանցելու սողանցք գտնել հայերի հանդեպ իր ոճիրից: Այդպես` արդեն 96 տարի նա կարողանում է խույս տալ կոնկրետ պատասխանատվությունից: Բայց, թեկուզ կիսաձայն` հատուցման պահանջներ հնչում են, ու տարեցտարի ավելի լսելի են դառնում այդ պահանջները: Ինչ վերաբերում է Երևան¬Վան չվերթին, ապա դա նախևառաջ զբոսաշրջության, ասել է թե` տնտեսական զարգացմանը նպաստող վատ տարբերակ չէ Թուրքիայի համար: Հասկանալի է` հայերն իրենց հոշոտված պապերի երկիրը տեսնելու կարոտ ունեն. Թուրքիան` լրացուցիչ եկամուտների ու աշխարհի աչքին խաղաղաբեր պետություն երևալու անհրաժեշտություն: Բայց Ադրբեջանը կամ ի վիճակի չէ դա հասկանալ, կամ խանդում է ավագ եղբորը: Իսկ գուցե պարզապես պահուստային խաղաքարտ է Անկարայի ձեռքին: Չէ՞ որ Թուրքիան ունակ է վերջին պահին «ջրել» սեփական առաջարկներն անգամ: Ու հիմա Բաքվին է կլանչեցնում, որ հերթական հրաժարումը նորից կապի ադրբեջանական «պահանջատիրության» հետ: