SMS-սպառնալիքներ


 

կամ հեռաշորթման փորձ

Թվում է` հեռախոսային խուլիգանությունն ամենահեշտ բացահայտվողներից է: Ավստրալիայի ոստիկանության որոնումներն էլ, ի վերջո երևի կհայտնաբերեն երկուշաբթի օրը մի քանի հազար մարդու տագնապեցրած արկածախնդիրներին: Բայց այդ խարդախների ինքնավստահությունը կարծես հուշում է, որ նրանք ապահովել են իրենց անորսալիությունը:

Այս շաբաթասկզբի վաղ առավոտից ու ողջ օրվա ընթացքում հազարավոր ավստրալացիներ իրենց բջջայիններով հեռախոսագրեր են ստացել` ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքով: Հեռանամակի հեղինակ(ներ)ը բոլորին նույն տեքստով տեղեկացրել է, թե ինքը նրանց սպանելու պատվեր է ստացել ու ստացել է նաև այդ պատկերի վճարը: Եվ որպեսզի նամակ ստացողը կարողանա փրկել կյանքը, 48 ժամվա ընթացքում էլեկտրոնային փոստով պետք է կապ հաստատի վարձու մարդասպանի հետ և նրան 5000 դոլար փրկագին տա: Իրավապահների տվյալներով` նման «ծանուցումներ» են ստացվել Սիդնեյի, Բրիսբենի, Ադելաիդայի և այլ քաղաքներում:

Ոստիկանությունն, իհարկե, բնակչությանը կոչ է արել` չանհանգստանալ, վերացնել իրենց ստացած SMS-ները, դրանք որևէ մեկի չուղարկել և «ոչ մի դեպքում որևէ մեկի գումար չվճարել» (հաղորդել է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը):

Նոր Հարավային Ուելս նահանգի ոստիկանության հետախուզության բաժնի ղեկավար Պիտեր Կոտերի տվյալներւվ` հեռախոսային խարդախների նշանակետում հայտնվել են ազգաբնակչության այսպես կոչված «խոցելի խմբերը»` տարեցներն ու ներգաղթյալները, ովքեր առանձնապես լավ չեն տիրապետում անգլերենին:

Հայտնաբերվելու դեպքում` չարագործը մինչ 10 տարի կմեկուսացվի ճաղերի հետևում: