Անառակ պատգամավորը


 

Եգիպտոսի դատարանը հեռակա դատավճիռ է կայացրել ընդդեմ «Նուր» կուսակցությունից ընտրված ԱԺ պատգամավոր Ալի Վանիսի. 1,5 տարվա բանտային կալանք` հասարակական վայրում անվայելուչ վարքի համար (տեղեկացրել է «Մասրավի» էլեկտրոնային կայքը):

Երկրի ճանապարհային ոստիկանությունն ամռան սկզբին Վանիսին «հայտնաբերել» է Կահիրե-Ալեքսանդրիա մայրուղու մայթեզրին կայանած ավտոմեքենայի մեջ` թեթևաբարո աղջկա հետ: Ազգընտիրին և մուսուլմանուհու տարազով դեմքն ու մարմինը պարուրած նրա ընկերուհուն «բռնացրել են անվայելուչ սեռական սանձարձակ գործողություն կատարելու պահին»:

Կնոջն անմիջապես ձերբակալել են, իսկ «ասպետը» դիմադրել է, ապա հոխորտացել, որ պատգամավոր է և չքվել է դեպքի վայրից:

Փաստորեն Եգիպտոսում դատախազությունը անպատժելի չի համարում խորհրդարանականին և գործ է հարուցել նրա դեմ` պահանջելով փողոցային տարփածուին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից: Բայց Վանիսի նմանների բախտը սովորաբար բերում է. հետաքննության «եռուն» շրջանում երկրի զինվորական իշխանությունները լուծարել են Ազգային ժողովն, ու Ալին հասցրել է ճողոպրել` առայսօր թաքնվելով արդարադատությունից:

«ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հավելել է, որ վերջին շրջանում հազվադեպ չեն նման սկանդալները, որոնք առնչվում են նույն` պահպանողական իսլամիստական սալաֆիտներին, որոնք հանդես են գալիս իրենց կրոնի մաքրության անունից: Այս գարնանը գործ է հարուցվել դարձյալ «Նուր» կուսակցության մեկ այլ ազգընտիրի դեմ: Սա էլ պատգամավորական մանդատը ստանալուց հետո որոշել է «սրբագրել» իր արտաքինը և պլաստիկ վիրահատությամբ փոքրացրել է քիթը: Սալաֆիտների կողմից անընդունելի համարվող վիրահատությունը կոծկելու նպատակով` խորհրդարանականը հայտարարել է, թե իբր իր վրա հարձակվել են տապալված վարչախմբի ներկայացուցիչները:

Երևի աշխարհի ոչ մի երկրում չեն զարմանում պատգամավորների արկածախնդրությունից: Դե, հո ազգընտիրները չե՞ն կարող անբարոյական կամ ստախոս լինել: Մի դեպքում նրանք բարեգործներ են և չեն կարող իրենց ընտրող կանանց սեռական հաճույք չպատճառել, մյուս դեպքում` նրանք պարզապես թաքցնում են կործանարար ճիշտը: