ՀԱՄԲԵՐԵՆՔ ՄԵԿ ՇԱԲԱԹ


 

Այս օրերին շատ-շատերի ուշադրությունը գամված է Գյումրուն, որտեղ իրապես բավական բարդ իրավիճակ է ստեղծվել: Հատկապես` երբ լուրեր տարածվեցին, որ գործող քաղաքապետ Վարդան Ղուկասյանին արգելել են նոր ընտրություններին առաջադրել իր թեկնածությունը: Ոմանք շփոթմունքի մեջ են, որոշ գյումրեցիներ արդեն հայտարարում են, թե այլևս պետք չէ գնալ ընտրությունների, որովհետև կարծես թե արդեն կա ընտրված նոր քաղաքապետ:

Պարզվում է սակայն, որ որոշ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ միանգամայն այլ դիրքորոշում և մոտեցումներ ունեն: Օրինակ, Հայ ազգային կոնգրեսի Գյումրու գրասենյակը, որը համարվում է ՀԱԿ առաջատար ուժերից մեկը, այս օրերին գործուն քննարկումներ է անցկացնում` որոշելու համար ընտրություններին իր մասնակցության ձևաչափը: Կառույցին մոտ կանգնած մեր աղբյուրները հավաստում են, որ Գյումրիում ՀԱԿ-ը չի պատրաստվում իր թեկնածուն առաջադրել, բայց հնարավոր է, որ առանձին որոշ հակ-ականներ առաջադրվեն որպես ավագանու անդամ: Գրասենյակի պատասխանատու Մուրադ Գրիգորյանն էլ ասում է.

- Մենք քննարկել ենք: Այդ քննարկումները շարունակվում են: Եվ մեկ շաբաթից լրատվամիջոցներին պատշաճ ձևով կիրազեկենք մեր որոշման մասին` և´ քաղաքապետի, և´ ավագանու ընտրությունների մասով: Համբերեք ընդամենը մեկ շաբաթ և կիմանաք ամեն ինչ:

Իհարկե, կսպասենք, սակայն արդեն տեղեկություններ ունենք, որ ՀԱԿ ղեկավարները հրահանգել են Գյումրու իրենց համախոհներին ոչ հրապարակավ պաշտպանել ԲՀԿ թեկնածուին: Չի բացառվում, որ նման հրահանգը Գյումրու կառույցից որոշ ՀԱԿ-ականների հեռանալու առիթ դառնա: Մանավանդ` եթե հիշենք, որ խորհրդարանական ընտրություններից հետո մի շարք ընդդիմադիրներ, ովքեր Գյումրու կառույցի հենասյուներն էին, հեռացան` չկամենալով մաս կազմել Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ուժին…