ԻՆՉՈ՞Ւ Է ԴԵՄ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ


 

ՀՀ կառավարությունը դեմ է արտահայտվել օրենսդրական այն նախաձեռնությանը (հեղինակ` ԲՀԿ պատգամավոր Սամվել Բալասանյան), որով առաջարկվում է հանրապետությունում մտցնել «Պատվավոր մայր» և «Մայրական սխրանք» կոչումները:

Համաձայն այս նախաձեռնության, առաջարկում է 10 և ավելի երեխա ունենալու դեպքում կնոջը շնորհել «Պատվավոր մայր» կոչում և հանձնել մեդալ: 8-9 երեխա ունեցողների համար առաջարկվում է սահմանել «Մայրական սխրանք առաջին աստիճանի», 6-7 երեխաների դեպքում` «Մայրական սխրանք երկրորդ աստիճանի», իսկ 4-5 երեխաների դեպքում` «Մայրական սխրանք երրորդ աստիճանի» կոչումներ: Այս կոչումները հետագայում հիմք պետք է հանդիսանան նյութական և բարոյական աջակցության:

Կառավարությունում պատճառաբանել են, թե աննպատակահարմար է կոչումների շնորհումը, որովհետև արդեն իրականացվում են մայրերին խրախուսելու միջոցառումներ:   Մասնավորապես` ծննդօգնությունը դարձել է անվճար, առաջին և երկրորդ երեխայի ծննդյան դեպքում տրվում է 50 հազ. դրամ նպաստ, իսկ երրորդ և հաջորդ երեխայի համար` 430 հազ. դրամ: Կառավարության գործունեության ծրագրով նախատեսվում է երրորդ երեխայի նպաստի չափը հասցնել 1 մլ դրամի, իսկ մինչև 10 տարեկան երեխաների բուժումն իրականացնել անվճար:

Պատգամավորի օրենսդրական նախաձեռնության հիմքում, սակայն, ոչ թե միանվագ օգնության խնդիրն է, այլ` հետագայում կոչումներ ստացած մայրերի համար որոշ արտոնությունների սահմանումը, կենսաթոշակների բարձրացումը և այլն: Պետք է նշել, որ իսկապես օգտակար գաղափար է առաջարկվել, ինչը կխթանի ծնելիությունը, կնպաստի բնակչության թվական աճին: Բայց հերթական անգամ կառավարությունը խույս է տվել սոցիալական բարեփոխումների ճանապարհով ժողովրդագրական խնդրի լուծման արդյունավետությունից: Նախ, մեզանում ձևավորված սոցիալական պայմանների առկայությամբ` ծիծաղելի է առաջին և երկրորդ երեխաներ ունենալու դեպքում 50 հազ. դրամ միանվագ օգնության փաստը: Առաջին երեխայի դեպքում առնվազն 75 հազար, երկրորդ երեխայի դեպքում` դիցուք 125 հազար դրամ կարելի էր սահմանել: Ավելին, սրանց կողքին առավել նպատակահարմար կլիներ, որպեսզի բազմազավակ մայրերն օգտվեին որոշ արտոնություններից. ասենք` էլեկտրաէներգիայի և գազի վարձերի զեղչում 50 տոկոսով, տարբերակված կենսաթոշակ և այլն: Հենց սրանցից է, որ խույս է տվել կառավարությունը: Նշանակում է, որ հերթական անգամ գործադիրն ի ցույց է դրել իրավիճակային լուծումների «փաթեթը»` մոռացության տալով հիմնարար և բովանդակային խնդիրները:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ