ՆԱԵՎ` «ԿՅԱՆՔԻ ԽՈՍՔԸ»


 

«Խորան» աղանդից հետ չի մնում «Կյանքի խոսքը», որն ամենավտանգավորն է մեզանում: Մենք արդեն անդրադարձել ենք այն փաստերին, որ այս աղանդի հետ սերտ բարեկամություն են անում հայկական շոու-բիզնեսի մի շարք ներկայացուցիչներ, «նշանավոր» դարձած Անժելա Սարգսյանը և որ «նրա տղամարդու գործը» ուղղորդվում է հենց «Կյանքի խոսքի» կողմից: Մի առիթով էլ գրել ենք, որ այս աղանդի հետ սերտ բարեկամություն է հաստատել երգիչ Մհերը:

Օրերս հենց «Կյանքի խոսքը» բացահայտեց մեր մի շարք երգիչ-երգչուհիների, ովքեր անդամակցում են իրեն: Այս աղանդի հայաստանյան առաջնորդ Արթուր Սիմոնյանը մի տեսահոլովակ է դրել շրջանառության մեջ, որտեղ ներկայանում են Մհերը, Անդրեն, Արսեն Գրիգորյանը, Արմինկան, Գոռ Սուջյանը… Նրանցով, իհարկե, չի սահմանափակվում մեր «հավատավոր» արվեստագետների ցանկը: Այս տեսահոլովակից հառնում են ուրիշներ նույնպես... Իհարկե, որպես գլխավոր քարոզիչ, Արթուր Սիմոնյանից զատ, ներկայանում է Անժելա Սարգսյանը, ով խոսում է ապաշխարելու մասին:

Տարօրինակ ու զարմանալի է, որ մեր արվեստագետներից շատերը, ովքեր մշտական կապի մեջ են հասարակության հետ, ովքեր կոչված են առաջին հերթին քարոզելու ազգային արժեքներ, այսօր հենց ազգայինի հակառակորդներն են դարձել և փառաբանում են «Կյանքի խոսքը»: Իհարկե` ոմանք խորագույն հավատով ու համոզմունքով, ոմանք` շահադիտական նկատառումներով: Ապշել կարելի է` մանկական «Եվրատեսիլի» հաղթող Վլադիմիր Արզումանյանին ևս տեսնելով այս հոլովակում: Իհարկե, շատերս գիտեինք, որ նրա ծնողներն այս աղանդի հետևորդներ են, սակայն մի՞թե նրանց չի անհանգստացրել, որ խեղաթյուրում են երեխայի հոգին, նրան զրկում մանկությունից:

Այս աղանդի հետևորդներից ոմանք մեզ պատմել են, որ իրենք ընկնում են կախարդական մի աշխարհ, որ միստիֆիկացված արարողությունները չափազանց գրավիչ են, գունային բազմազանությունն օգնում է իրենց ազատվելու մեղքերից: