Սերգեյ Նարիշկինի առաքելությունը


 

Ընդհանրապես բարձրաստիճան պաշտոնյաների այցերն այս կամ այն երկիր գործնական որոշակի կոնկրետ նպատակ են հետապնդում: Այդպես էր նաև օրերս ՌԴ պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի Երևան այցելության պարագայում: Եվ որքան էլ ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն ու նրա ռուսաստանցի գործընկերն ԱԺ-ում գովերգեցին Հայաստան-Ռուսաստան ռազմավարական գործընկերությունը, այնուամենայնիվ ակնահայտ էր, որ Սերգեյ Նարիշկինը զուտ այդ գործընկերային, բարի դրացիական մղումներին տուրք տալով չի ամռան տապին Երևան այցելել: Նա հայտարարեց, թե պետք չէ հակադրել Եվրասիական ու Եվրամիության գաղափարները, ու առաջինը կնպաստի իրեն անդամակցողներին ավելի հեշտությամբ ինտեգրվել Եվրամիությանը:

Ահա թե որտեղ է թաղված «շան գլուխը»: Ինչպես երևում է, Կրեմլն անհանգստացած է, որ Հայաստանը Եվրամիությունն իսկապես կարող է գերադասել Եվրասիականից, և այդ դեպքում Ռուսաստանը կկորցնի իր ռազմավարական հետաքրքրությունների գոտի հայտարարված Հարավային Կովկասում միակ հուսալի հենարանը: Աշնանը նախատեսվում է ԵՄ հետ Հայաստանի ասոցացման և ազատ առևտրի մասին համաձայնագրի ստորագրումը: Եվ ըստ էության, Կրեմլի տիրակալ Վլադիմիր Պուտինը, ով Եվրասիական միության գաղափարի հեղինակն է, շտապել է Նարիշկինին գործուղել Երևան, որպեսզի նա փորձի հետ պահել Հայաստանին Եվրամիության հետ հիշյալ համաձայնագրերը ստորագրելուց:

Հաջողվե՞ց Նարիշկինին իրականացնել Պուտինի ցանկությունը, թե՞ ոչ` դժվար է միանշանակ ասել: Բայց այն, որ նույն ժամանակամիջոցում Հայաստանի արտաքին գործերի գերատեսչության ղեկավարն այցելել էր Բելգիա` Եվրամիության մայրաքաղաք, և նրա բարձրաստիճան պաշտոնյաների հետ քննարկել էր Հայաստանին հատկացվելիք օգնության դոնոր երկրների հավաքի կազմակերպչական հարցեր, կարող է վկայել, որ Երևան ՌԴ Պետդումայի նախագահի առաքելությունը չի իրականացել: Իհարկե, դժվար թե մեր ռազմավարական գործընկերը հանդուրժի այս մերժումը: Ամենայն հավանականությամբ, նա կփորձի դարձի բերել կամակոր Հայաստանին, և չեն բացառվում այդ նպատակով նրա նկատմամբ Մոսկվայի հնարավոր քաղաքական ու նաև տնտեսական ճնշումները: Վերջիններիս շարքից առաջին ծիծեռնակներն արդեն նկատելի են. դեռ մեկ ամսից ավելի առաջ տեղեկատվություն տարածվեց մատակարարվող գազի գնի բարձրացման մասին: Դա, ինչպես ասում են, «ժուռնալն» է, իսկ «կինոն» կսկսվի հավանաբար ԵՄ հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումից հետո:

Ինչ խոսք, Հայաստանի իշխանությունների համար հեշտ չի լինի Կրեմլին հակառակում համոզել, հատկապես, որ առջևում ձմեռ է և նախագահի ընտրություններ: Նա չի կարող հրաժարվել Հայաստանին սանձելու այսպիսի նպաստավոր հանգամանքից: Իսկ Ռուսաստանի զայրույթը կանխելու համար, թերևս անհրաժեշտ է ունենալ սեփական հասարակության օժանդակությունը: Սակայն այսօր Հայաստանում քիչ չեն այնպիսիները, որոնց ընկալումներում դժվար է կոտրել ԽՍՀՄ սերմանած այն կարծրատիպերը, թե առանց Ռուսաստանի Թուրքերը մեզ կուտեն:

Իհարկե, հնարավոր է` ԵՄ խոստացածով փակել գազի գնի բարձրացումից առաջանալիք ֆինանսական ճեղքերը: Բայց դա ընդամենը ժամանակավոր բնույթ կունենա: Եվ հարկավոր է այդ խնայված ժամանակն օգտագործել` տնտեսությունը խելքի բերելու, ինքնաբավ դարձնելու համար: Մենք շատ ժամանակ չունենք, և հարկ է մտածել տնտեսության մեջ իրական բարեփոխումներ իրականացնելու մասին, բարեփոխումներ, որոնք և ոմանց համար կարող են ցավոտ լինել: