ԵԱՀԿ-ն իմացել ու լռե՞լ է


Անցյալ շաբաթավերջին աղմկահարույց հայտարարությամբ է հանդես եկել Գլխավոր շտաբի պետի տեղակալ Անատոլի Նոգովիցինը: Նրա պնդմամբ` հակամարտության գոտում ԵԱՀԿ դիտորդները նախապես տեղյակ են եղել Հարավային Օսիայի դեմ Վրաստանի հարձակման մասին: Տեղյակ են եղել և Ռուսաստանին չեն նախազգուշացրել: - Հակամարտւթյան նախնական փուլի համար մենք բողոքներ ունենք ԵԱՀԿ-ից,- հայտարարել է Նոգովիցինը:- Նրանք վրացական կողմից տեղեկացված են եղել հարձակման մասին, բայց ռուս խաղաղարարներին չեն նախազգուշացրել: Այս իրավիճակը մեզ ստիպում է մտորել. չէ՞ որ դա ԵԱՀԿ-ի գործառույթն է, և նրանք դրա համար պարտավոր են հաշվետու լինել: Եթե ԵԱՀԿ դիտորդները կատարեն իրենց պարտականությունները, ապա ռուսական կողմը հակամարտության գոտում չի խոչընդոտի նրանց գործունեությունը: Գեներալ Նոգովիցինը պարզաբանում է, որ իրենք պատասխանատվություն են կրում նաև դիտորդների կյանքի համար. ուրեմն, առանց իրենց գիտության ոչ մեկը մուտք չի գործի այդ տարածքներ. - Սա ինչ-որ քմահաճույք չէ. մենք սադրանքներից էլ ապահովագրված չենք: