Պրոֆեսիոնալ բռնցքամարտի IBF և IBO վարկածներով ԿՈՒԶԵՆԱՅԻ՞Ք ԱՆԿԵՂԾԱՆԱԼ ԵՍ ՀԱ°Յ ԵՄ


աշխարհի չեմպիոն Վախթանգ (ՎԻԿ) ԴԱՐՉԻՆՅԱՆ - Ի՞նչն է կյանքում ամենադժվարը եղել Ձեզ համար: - Իհարկե, այս պարապմունքները: Պատրաստվելը հեշտ չէ. երկու-երեք ամիս ամբողջովին նվիրվում ես սպորտին, ոչ մի բանի ժամանակ չունես: Արդեն սովորել եմ դրան. 8 տարեկանից մարզվում եմ: Ճիշտ է, սկզբից ծանրաբեռնվածությունը այս աստիճան չի եղել: Այդ ծանրաբեռնվածությամբ մարզվել կարողանալուն նպաստել է տարիների փորձը, աշխատանքը: Դժվարությունն այն է, որ գիտեմ` ամեն մենամարտից առաջ, հակառակորդս գիտակցելով, որ կպնելու է աշխարհի չեմպիոնի հետ` շատ ավելի լավ է նախապատրաստվում, կարող է ոճական անակնկալ մատուցել: Իսկ ես պետք է ամեն ինչ անեմ, որ հաղթեմ. ինձ հետևում է ողջ հայությունը: - Եթե ոչ հայ, ապա, ո՞ր ազգի ներկայացուցիչ կնախընտրեիք լինել: - Այսքան ժամանակ ես ներկայացնում եմ Հայաստանը և Ավստրալիան: Ուրիշ էլ ո°չ մի ազգի ներկայացուցիչ չէի ցանկանա լինել: Ես հայ եմ և պարծենում եմ դրանով: Բոլոր ազգերն էլ իրենց լավ և վատ կողմերը ունեն: ԻՆձ ամենից շատ դուր է գալիս հայ ազգը: Այդպես է ճակատագիրը կամեցել. որ հայ լինեմ: Շատ հնարավոր է` ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, ու կյանքը ինձ հետ լրիվ ուրիշ ձևով վարվեր: - Ձեր կյանքի որևէ գաղտնիք կամ անցյալում այն չասածը, ինչն այժմ կբարձրաձայնեիք: - Գիտեք, ես աշխարհի չեմպիոն եմ դարձել Ավստրալիայում, բայց իմ մեծ նպատակն է Հայաստանում աշխարհի առաջնության մրցություն անցկացնել: Սկսել ավելի հաճախ գալ Հայաստան, ունենալ այստեղ իմ ակումբը, նվիրվել Հայրենիքին: Կուզենամ ավելի շատ այստեղ լինել, քան Ավստրալիայում, մրցումներին պատրաստվելու համար այստեղ պարապեմ: Ռինգում կմնամ, երևի թե, ևս 2-3 տարի, դրա համար ուզում եմ ավելի շատ Հայաստանում մարզվել: Գտնում եմ, որ ապագայում, իհարկե, պետք է այստեղ ապրեմ: - Ի՞նչն է Ձեզ համար դեռևս առեղծվածային: - Ընդհանրապես, եթե մի բան ինձ համար անհասկանալի է լինում, աշխատում եմ շրջապատիս մարդկանց հետ խորհրդակցելով, գտնել պատասխանը: Իհարկե, չես կարող ասել` «ես ամեն ինչ գիտեմ». ինքդ քեզ կխաբես: Շատ են պահերը, որոնք անհասկանալի են, և երբեք դեմ չեմ եղել` խելացի մարդկանցից ինչ-որ բան սովորել: Օրինակ` իմ բնագավառում. մարզումների, մարտերի ժամանակ պատահում է, որ մի նոր բան եմ սովորում: Առեղծվածային կարելի է ասել մարդու մտքի չափը` անվերջությունը, որովհետև երբ շփվում ես այդ անսահմանության հետ, զգում ես, թե ինչքան հզոր է: - Որևէ զավեշտալի դեպք Ձեր կյանքից կամ սիրելի անեկդոտը: - Շատ են եղել այդպիսի դեպքեր, բայց այս պահին հիշում եմ Հայաստան գալիս կատարվածը. ոստիկանները ինձ «բերման ենթարկեցին»: Օդանավակայանում պայուսակը մոռացել էինք մեր անցած ստուգման կետի հետևամասում: Աշխատողին ասացի, որ ես պետք է վերադառնամ` պայուսակը վերցնելու: Թույլ տվեց: Գնացի, պայուսակը վերցրեցի, վերադարձա, որ նորից անցնեմ, աշխատակիցը կանգնեցրեց ու նորից անձնագիր պահանջեց: Ես էլ ողջ փաստաթղթերը, անձնագրերը թողել էի կնոջս` Օլյայի պայուսակում: Ասեցի, որ հենց ինքն է թույլ տվել հետ գնամ: Պատասխանեց` «կարգն էդպես է»: Ասացի, որ անձնագիրս կնոջս մոտ է, իսկ Օլյան շենքի այն հատվածում էր, որ չէինք տեսնում իրեն: Նորից նույնը պատասխանեց` «է¯, ինչ անեմ»: Ուշադրությունը շեղելու համար խաբեցի, հարցրեցի. «այն ո՞վ է», ու այդ պահին թևի տակով մտա ներս: Անձնագիրս բերեցի, ցույց տվեցի, համոզվեցին, որ ամեն ինչ կարգին է, վերադարձա ընտանիքիս մոտ: Մեկ էլ, մի տասը ոստիկան եկան, հետևիցս: Եկան քաշեցին անկյուն, սկսեցին ստուգել զենք և ուրիշ արգելված իրեր հո չկան մոտս: Մոտավորապես 40 րոպե տևեց, և օդանավի ուղևորակազմը 20 րոպե ինձ էր սպասում, որպեսզի Ամերիկայի ոստիկանները կարողանան պարզել, թե ի՞նչ կարգի «հանցագործ» եմ ես: - Մանկության այն հուշը, որ մինչև հիմա ուղեկցում է Ձեզ: - Մանկությունից ես վստահ էի, որ ֆիզիկապես ուժեղ եմ և կարող էի թեկուզ հաղթանդամ տղայի ծեծել: Միշտ հավատում էի, որ աշխարհի չեմպիոն պետք է լինեմ: Դա իմ նպատակն է եղել մանկուց: Թեկուզ սիրողական բռնցքամարտում չի ստացվել, բայց չէի հուսահատվում. «ո՞նց թե, է՞ս է իմ ուզածը: Չի կարող պատահել, որ սա լինի իմ ուզածը, ու սրանով ավարտեմ իմ կարիերան»: Ես զգում էի, որ կգա այդ պահը. կդառնամ աշխարհի չեմպիոն, ինձանով կհպարտանա իմ ազգը, ինչից շատ շոյված եմ: Ուրախ եմ, որ այդքան բանի հասել եմ, բայց ավելին պետք է ապացուցեմ` դառնալով աշխարհի բացարձակ չեմպիոն: Մանկությունից եկող այդ նպատակն է, որ մինչև հիմա ինձ հետ է: Իսկ ամենաուրախալին, դա մեկ տարի առաջ էր. ծնվեց տղաս` Ռուբենը:

Տիգրան ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ