Համայնքը նորոգ` ԱՐԱԲԿԻՐ


Գործող թաղապետի համար թերևս ավելի դժվար է ծրագրեր կազմելը, որովհետև դրանք շարունակությունը պետք է լինեն արդեն ընթացքի մեջ եղած ձեռնարկումների: Ասել է թե` այնքան իրատեսական պետք է լինեն, որ ոչ միայն համոզեն ընտրողին, այլև կատարելագործեն, բազմապատկեն եղած դրականը` բացառելով որևէ սպրդում կամ անտեսում: Ցանկացած ծրագիր կարող է կենսունակ լինել միայն հնարավորությունների օբյեկտիվ գնահատման դեպքում: - Նախորդ ընտրություններում իմ նախընտրական կարգախոսն էր «Առաջընթաց Արաբկիրում», և դա ոչ թե գեղեցիկ արտահայտություն էր, այլ իրական առաջընթաց ապահովելու իրատեսական ծրագիր: Բարեբախտաբար մենք կարողացել ենք իրականություն դարձնել այդ ծրագրում ներառված հիմնական դրույթները, որը լավ հիմք է ստեղծել համայնքի զարգացումն ապահովելու համար: Բնականաբար, համայնքում դեռևս շատ չլուծված խնդիրներ կան, սակայն անցած տարիների աշխատանքի արդյունքում դրանք, այսպես ասած, ավելի «բարձր որակի» խնդիրներ են դարձել, և առանց նախկինում կատարված քայլերի` մենք մեզ չէինք կարող թույլ տալ նույնիսկ մտածել այդ մասին: Իսկ այսօր ոչ միայն մտածում ենք, այլև հստակ են առաջիկայում իրականացվելիք ծրագրերը` իրենց առաջնահերթություններուվ հանդերձ,- ասում Երևանի Արաբկիր համայնքի թաղապետ Հովհաննես ՇԱՀԻՆՅԱՆԸ: Իհարկե, տեղական ինքնակառավարման մարմնի համար համայնքին վերաբերող երկրորդական հարցեր չեն կարող լինել, և ինչպես թաղապետարանի գործելակերպին քաջածանոթ արաբկիրցիներն ու ավագանու անդամներն են փաստում` թաղապետի ամենօրյա և համակողմանի ուշադրության արդյունքում անլուծելի թվացող խնդիրների հիմնական մասն արդեն լուծված կարելի է համարել: Ավելի ստույգ` կենսակոչման շարունակական գործընթացում են օրախնդիր բոլոր հարցերը: Բնականաբար, սա այն ոլորտն է, որտեղ վերջնական լուծումների մասին խոսելն անկարելի է: Թաղապետը լավ գիտի, որ ամեն օրը նոր խնդիր է ծնում, և ժամանակի հետ փոխվում են բնակիչների պահանջները, մեծանում է ակնկալիքը: Գաղտնիք չէ,` ոչ բոլոր համայնքներում է թաղապետ-ավագանու անդամներ կապը սերտ ու գործնական: Արաբկիրում այս 2 օղակների փոխադարձ հարգանքը երկուստեք պահանջկոտության հենքով է ամրապնդված: - Պետք է ուշադրություն հրավիրեմ թաղապետ Հովհաննես Շահինյանի այն վարքագծին, որ ի տարբերություն նախորդների, նա պոպուլիստ չէ: Կան մարդիկ, ովքեր շատ գեղեցիկ խոսում են, խոստումներ են տալիս, սակայն դրանցից ոչ մեկը չեն կատարում, իսկ մեր թաղապետը քիչ խոսում, բայց մեծ աշխատանք է կատարում: Նրա շնորհիվ Արաբկիր համայնքի մասին` որպես օրինակելի համայնք, շատերն են խոսում: Մեզ ճանաչեցին Ֆրանսիայում, Բալթյան երկրներում, ԱՄՆ-ում: Ես չեմ խոսում նրա համար գերխնդիր դարձած «Մաքուր Արաբկիր» գափաղարի մասին: Նա արաբկիրցի է և շատ է ցանկանում համայնքում մաքրություն ապահովել, բայց դա նաև կախված է մեր ժողովրդից: Ի վերջո պետք է նրան օգնել, որովհետև աղբամանի կողքին աղբ նետող բնակիչը կուլտուրայից զուրկ է,- ասում է ավագանու անդամ Նոնա Մոսեսովան: Իսկ Արթուր Ղազարյանը հավելում է. - Ամենակարևոր հանգամանքն այն է, որ թաղապետ Հովհաննես Շահինյանը ժողովրդի հետ շատ է շփվում, ընդ որում, դա գնահատում են ինչպես Արաբկիրի բնակիչները, այնպես էլ մենք` ավագանու անդամներս: Ճիշտ է, ավագանին ներկայացնում է համայնքի բնակիչների խնդիրները, այդուհանդերձ, ժողովրդի հետ կապը ավելի է սերտացել: Այդ իմաստով թաղապետի անմիջական կապը ժողովրդի հետ բարձր եմ գնահատում: Շատ կարևորում եմ նրա ջիղը, նվիրվածությունը, իսկ եթե մարդը նվիրված չլինի, չսիրի համայնքը, աշխատանքի ցանկալի արդյունք չի կարող ապահովել: Այդ իմաստով Արաբկիր համայնքի ղեկավարի մոտ բարձր է աշխատանքի օգտակար գործողության գործակիցը: Պետք է նշեմ, որ Հովհաննես Շահինյանի օրոք որոշակիորեն զարգացավ նաև ավագանու ինստիտուտը: Գործնական ու ժողովրդաշահ են նաև համայնքի տարածքում գործող ու առաջին հայացքից թաղապետարանի հետ առնչություն չունեցող հաստատությունների հետ կապը: Եվ խոսքը միայն կրթօջախների մասին չէ, որոնց իսկապես հոգատարությամբ է շրջապատում թաղապետը: «Արաբկիր» մանկական պոլիկլինիկայի տնօրեն Արեգ Նարգիզյանի խոսքը կարելի է ամփոփումը համարել գործող թաղապետ և թաղապետի թեկնածու Հովհաննես Շահինյանի մասին ամենատարածված կարծիքների: - Թող ինձ ներեն Երևանի մյուս թաղապետերը, բայց ոչ մի այլ համայնքի ղեկավար այդքան մեծ ուշադրություն չի դարձնում մանկությանը: Մանկության հանդեպ նման հոգատար վերաբերմունքը եզակի է: Այնպես որ, Արաբկիրի թաղապետն իր գործունեությամբ ինչ-որ տեղ նաև օրինակ է ծառայում մյուս համայնքների ղեկավարներին: Նրա շնորհիվ պոլիկլինիկայի բակը կառուցապատվել է ժամանակակից քաղաքաշինության նորմերին համապատասխան: Հովհաննես Շահինյանի հետ ծրագրել ենք ամբողջությամբ վերանորոգել սոնոգրաֆիայի բաժինը և ձեռք բերել համապատասխան սարքավորում: Հույս ունեմ, որ դա ևս իրականություն կդառնա: «Սեպտեմբերի 7-ը վճռորոշ է լինելու մեր համայնքի ապագայի համար: Ուստի բոլորիդ խնդրում և կոչ եմ անում` անկախ այս կամ այն թեկնածուի նկատմամբ ձեր ունեցած նախապատվությունից, մասնակցել համայնքի ղեկավարի ընտրություններին: Ձեր ակտիվ մասնակցությունն է ընտրությունների օրինականության հիմնական գրավականը»,- հորդորում է Հովհաննես Շահինյանը մինչ օրս իր ղեկավարած Արաբկիր մեծ տան բնակիչներին: Եվ այդ հորդորը սոսկ պաշտոնյայի խոսք չէ, սեփական փորձով է համոզվել ինքը և ապացուցել համայնքի բնակիչներին էլ, որ տունը նորոգ է դառնում միայն համատեղ ջանքերով: Արդ, ժամանակն է վերստին համախմբվել նույն նպատակի շուրջ, ու էլ ավելի շենացնել հայրենիքի իրենց գողտրիկ անկյունը:

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ