Հայաստանի Մտավորականների ֆորումի համակարգող խորհրդին


Պետության իրական վեհությունը պայմանավորված է նրա ժողովրդի ու ղեկավար ընտրանու պատկերացումներով, թե ինչ առաքելություն է նախասահմանել Արարիչը տվյալ երկրին: Ռուս մտածող Իվան Իլյինը, խորհելով իր ժողովրդի ճակատագրում առաքելության դերի մասին, եկել էր շատ կարևոր եզրահանգման. " Մեծատիրությունը պայմանավորված է ոչ թե տարածքի չափով և բնակչության թվով, այլ ժողովրդի և նրա կառավարության ունակությամբ` իր վրա վերցնել միջազգային մեծ խնդիրների ստեղծագործական լուծման բեռը": Եթե որևէ ժողովրդի մոտ բացակայում է առաքելության վեհ գաղափարը, մեծ խնդիրներ լուծելու ուժն ու կամքը, ապա նա պատմականորեն անհեռանկարային է: Այն ազգը, որը հաղորդակից չէ Արարչի կողմից տրված` իր գոյությունն իմաստավորող առաքելությանը, կորցնում է հետագա գոյատևման բարոյական իրավունքը: Միայն առաքելության Մեծ գաղափարն է, որն ընդունակ է պետության գոյությանը տալ Նպատակայնություն, որով և վերահաստատել նրա հոգևոր և տարածքային լիարժեքությունը: Այսօր Ռուսաստանն իր ղեկավարների շուրթերով կատարեց այդ վերահաստատումը: Ռուսաստանը կրկին, ինչպես տարիներ առաջ, հրապարակայնորեն ազդարարեց, որ հանդիսանում է Կովկասի ժողովուրդների անվտանգության երաշխավորը: Սա այն հայտարարությունն է, որին տարիներ ի վեր համբերատար սպասում էին ռուս ժողովրդի իրական բարեկամները: Համամիտ լինելով ռուս մտավորական , փիլիսոփա Նիկոլայ Բերդյաևի այն մտքին, թե «Ռուսաստանի առաքելությունը փոքրաթիվ ժողովուրդների պաշտպանությունն է ու ազատագրումը» և ողջունելով Ռուսաստանի համարձակ գործելաոճը, առաջարկում ենք այս թեման դարձնել Հայաստանի Մտավորականների ֆորումի արտահերթ նիստի քննարկման առարկա: «Սպայի պատիվ» հանրապետական հասարակական կազմակերպություն