Դեպի բազմաբևեռ աշխարհ


ԽՍՀՄ փլուզումից հետո Արևմուտքը, ի դեմս Ամերիկայի Միացյալ Նահանգների, ձեռնամուխ եղավ միաբևեռ աշխարհի ձևավորմանը: Աշխարհի միաբևեռականության առաջին արտահայտությունը եղավ, թերևս, առանց Միացյալ ազգերի կազմակերպության համաձայնությունը ստանալու, առանց վերջինիս մանդատի, ԱՄՆ գլխավորությամբ ՆԱՏՕ-ի օդուժի կողմից Բելգրադի ռմբակոծումը: Այդ ժամանակ Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը, նկատի ունենալով Հյուսիս-ատլանտյան ռազմաքաղա քական դաշինքի` վերը նշված ռազմական միջամտությունը Բալկաններում, այն որակեց որպես աշխարհաքաղաքիական նոր` միաբևեռ աշխարհի դարաշրջանի սկիզբ: Չնայած գործադրած ջանքերին, Ռուսաստանին չհաջողվեց դիրքերը պահպանել Բալկաններում և թույլ չտալ Սերբիայի մասնատումը: Վերջերս Կոսովոն անկախացավ. ի դեպ, դեռևս ոչ բոլոր երկրներն են ճանաչել նրա անկախությունը: Ինչևէ, քաղաքական վերլուծաբաններից շատերը բալկանյան իրադարձությունները համարեցին Եվրոպայում Ռուսաստանի կրած դիվանագիտական խոշոր պարտություն… Այժմ մի կողմ թողնելով, մասնավորապես, Իրաքում ԱՄՆ-ի գլխավորությամբ ՆԱՏՕ-ական կոալիցիայի մղած պատերազմը, մինչ օրս չդադարող ռազմական գործողություն ները, փորձենք քննել, թե մեծ հաշվով ինչ հետևանքներ ունեցավ և դեռ կարող է ունենալ Հայաստանի անմիջական հարևանությամբ վրաց-ռուսական հակամարտությունը: Ի՞նչ նմանություն և տարբերություն ունի այն վերը նշված` բալկանյան զարգացումների համեմատությամբ: Չանդրադառնալով բազմիցս կրկնված մանրամասնություններին, արձանագրենք` Արևմուտք-Ռուսաստան դիվանագիտական պատերազմը շարունակվելու է: ԱՄՆ նախաձեռնությամբ գումարված` ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների նիստում Ռուսաստանը միջազգային հանրությունից մեկուսացնելու մասին Նահանգների հեղինակած բանաձևը չընդունվեց: Մասնավորապես, Գերմանիան, չնայած վրաց-ռուսական հակամարտության հարցում միանշանական մեղադրում է Ռուսաստանին, այնուամենայնիվ, նշել է, որ առանց Ռուսաստանի հետ համագործակցության հնարավոր չէ խոսել Եվրոպայի անվտանգության մասին: Նույնպիսի դիրքորոշում ունի նաև Իտալիան: Հարկ է նշել` ՆԱՏՕ-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսի սկզբունքով. այսինքն քննարկվող հարցին բոլորը պետք է կողմ լինեն, որպեսզի որոշումն ընդունված համարվի: Սակայն, ինչպես տեսնում ենք, ՆԱՏՕ-ում բոլորը չէ, որ միակարծիք են Ռուսաստանի հարցում: Ընդհանրապես, այսօր կարելի է փաստել` մերօրյա Եվրոպան էականորեն տարբերվում է ԽՍՀՄ և անմիջապես հետխորհրդային ժամանակաշրջանի այն Եվրոպայից, որը հատկապես Ռուսաստանին վերաբերող հարցերում ԱՄՆ-ին հլու-հնազանդ էր: Այսօր Եվրոպան շատ հարցերում համագործակցում է ՌԴ հետ: Ավելին, իր օգտագործած գազի 40 տոկոսը ստանում է վերջինից: Այստեղից` եզրակացություն առաջին. Եվրոպայի շահերից չի բխում Ռուսաստանի մեկուսացումը, Ռուսաստանին սառը պատերազմ հայտարարելը, ինչը Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրներին ջանում էր համոզել ԱՄՆ-ը: Որ վերջինս ձախողվելու է իր այս ձեռնարկում, թերևս, պարզ էր ի սկզբանե. վրաց-ռուսական զինված հակամարտության հենց առաջին օրերից ՆԱՏՕ-ին անդամակցող և իր բանակի հզորությամբ ԱՄՆ-ից հետո դաշինքում երկրորդը համարվող Թուրքիան շտապեց հանդես գալ Ռուսաստանին արդարացնող հայտարարությամբ: Այստեղից` եզրակացություն երկրորդ. ՆԱՏՕ-ում Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցում բոլորը միակարծիք չեն: Հետևաբար` եզրակացություն երրորդ. միաբևեռ աշխարհի դարաշրջանն ավարտվեց: Սա, թերևս, վրաց-ռուսական հակամարտության ամենաէական, ամենակարևոր հետևանքն է: Հայաստանի համար նույնպես վրաց-ռուսական ռազմական բախումը կարող է հետաքրքիր ու էական նշանակության զարգացումներ ունենալ: Ի դեպ, դրանք արդեն նշմարվում են: Կովկասում կարող է մեծանալ Թուրքիայի դերակատարությունը: Այդ երկիրը առաջարկել է ձևավորել Կովկասի անվտանգության համագործակցության դաշինք: Առաջարկությանը քաջալերել է Ռուսաստանը: Հայաստանի արտգործնախարարը Թուրքիայի «Զաման» թերթի խնդրանքով մեկնաբանելով հիշյալ առաջարկությունը, ասել է, որ Հայաստանը միշտ կողմ է եղել համագործակցությանը: Հասկանալի է, որ այս համագործակցության հնարավոր դաշինքում առաջին ջութակի դերը կստանձնի Ռուսաստանը, որն արդեն իսկ հանդես է գալիս հայ-թուրքական սահմանի բացման օգտին: Ամենայն հավանականությամբ, սեպտեմբերի 6-ին Թուրքիայի նախագահը կհյուրընկալվի Երևանում: Իսկ հայ-թուրքական երկխոսությունը չի կարող իր ազեցությունը չունենալ ղարաբաղյան հիմնահարցի վրա: Ինչպիսի՞ն կլինի այն` ցույց կտա ժամանակը:

Արթուր ԴՈԽՈԼՅԱՆ