Աշխարհը թևակոխում է նոր իրականություն


Մոսկվան ճանաչում է Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը Ռուսաստանի Զինված Ուժերի գլխավոր սպայակույտի պետի տեղակալ, գեներալ գնդապետ Անատոլի Նոգովիցինը անցյալ շաբաթ կատարեց երկու սենսացիոն բացահայտում: Առաջինն այն էր, որ նա իր հրավիրած ամենօրյա մամուլի ասուլիսներից մեկում, օգոստոսի 22-ին ուղղակի մեղադրեց ԵԱՀԿ ղեկավարությանը, հայտարարելով, թե Վրաստանը օգոստոսի 7-ի գիշերը Հարավային Օսիա ներխուժելուց առաջ, այդ մասին տեղյակ է պահել նրանց: ԵԱՀԿ-ն ոչ միայն որևէ քայլ չի ձեռնարկել ներխուժումը կանխելու համար, այլև այդ մասին չի զգուշացրել ՄԱԿ-ի մանդատով և ԵԱՀԿ հովանու ներքո հակամարտության գոտում խաղաղարար առաքելություն իրականացնող ռուսական ստորաբաժանումներին: Եթե այս մեղադրանքը, որին ԵԱՀԿ-ն դեռ ոչ մի կերպ չի արձագանքել, ճիշտ էր, ապա դա հարցականի տակ է դնում տվյալ միջազգային կառույցի, որպես մեր մայրցամաքում պետությունների ու ժողովուրդների անվտանգությունը և համագործակցությունը ապահովելու կոչված կազմակերպության, անաչառությունն ու վստահելիությունը: Երկրորդը ոչ պակաս մտահոգիչ էր: Նոգովիցինը օգոստոսի 23-ին ուղղակիորեն մատնանշեց, որ Միացյալ Նահանգներն ու ՆԱՏՕ-ի գծով նրանց մի քանի դաշնակիցները, իրենց ռազմանավերով Վրաստանին մարդասիրական օգնություն հասցնելու անվան տակ, իրականում ձեռնամուխ են եղել Սևծովյան ավազանում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը ապահովելուն և վրացական ջախջախված բանակի շուտափույթ վերազինման խնդիրները լուծելուն: Ըստ Նոգովիցինի, ԱՄՆ-ը Սահակաշվիլուն ուղղակի խոստացել է իր ռազմական օգնությունը… ընդդեմ ռուսների, և դրանով իսկ հրահրում է վրաց-հարավօսական երրորդ պատերազմի սանձազերծումը: Այս տեղեկությունները նույնպես առայժմ որևէ մեկնաբանության չեն արժանացել ոչ Թբիլիսիի, ոչ Վաշինգտոնի կողմից: Վաշինգտոնի կառավարողները նույնիսկ տարրական բարոյականություն չունեն` մարդկայնորեն կարեկցելու սեփական դաշնակիցների վայրագություններին զոհ դարձածների ողբերգությանը: Փոխարենը կարող են կոկորդիլոսի արցունքներ թափել ագրեսորների կրած զոհերի համար, ագրեսորներին, բայց ոչ երբեք նրանց զոհերին հասցնել միլիարդավոր դոլարներով չափվող «մարդասիրական օգնություն»: Կարող են նաև աշխարհով մեկ վայնասուն բարձրացնել իրենց դաշնակից ագրեսորի մռութին հասցված հարվածի «անհամաչափության» կամ «ուժի ոչ-համարժեք կիրառման» մասին: Բրիտանական «Գարդիանի» մեկնաբան Միլնը օրերս կծու հեգնանքով գրել էր, թե այդ ովքե՞ր են խոսում «ուժի անհամաչափ կիրառման» մասին: Երբևէ եղե՞լ է, որ իրենք, ամերիկացիներն ու նրանց դաշնակիցները, «համաչափ ուժ» կիրառեն: Հիշեցնելով 2006-ի ամռանը Իսրայելի կողմից Լիբանանի հազարավոր խաղաղ քաղաքացիների սպանություններն ու երկրի ենթակառուցվածքների բարբարոս ոչնչացումը` ի պատասխան 5 իսրայելցի զինվորների գերեվարման, Միլնը իրավացիորեն հարցնում էր, թե արդյո՞ք դա «ուժի համաչափ կիրառում» էր: Միացյալ Նահանգները, ԽՍՀՄ փլուզումից հետո աշխարհում մնալով միակ գերտերությունը, կորցրել էր իր համաշխարհային գերիշխանության հաստատմանը հակակշիռ հանդիսացող, իրեն իսկ սթափեցնելու ընդունակ արժանի հակառակորդ: Դրանով իսկ նա դարձել է անհավասարակշիռ, անկանխատեսելի, ավելի անսանձ ու ագրեսիվ: Վաշինգտոնն այժմ չափազանց հիվանդագին է ընդունում ոչ միայն իրեն հակառակվելու, այլև իր «թազի-թուլաներին քոթակելու» ցանկացած փորձ: Հնարավոր նոր աղետները կանխելու, օս և աբխազ ժողովուրդների նոր ցեղասպանություն թույլ չտալու մղումներով Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատը` Դաշնության խորհուրդը, օգոստոսի 25-ին ընդունեց պատմական որոշում` Հարավային Օսիայի և Աբխազիայի պետական անկախությունները ճանաչելու մասին: Եթե նախագահ Դմիտրի Մեդվեդևը համապատասխան հրամանագիր ստորագրի, ինչը միանգամայն հավանական է, ապա Վրաստանի տարածքային ամբողջականության խախտումը կդառնա իրողություն: Որովհետև Մոսկվան հազիվ թե մենակ մնա Հարավային Օսիայի ու Աբխազիայի անկախությունները ճանաչելու իր որոշման մեջ: Ահա Սահակաշվիլու վերջին արկածախնդրության դառանահամ պտուղը: Հուսանք, նրանք չեն կարող այնքան անլուրջ լինել, որ չգիտակցեն իրենց հովանավորյալի համար Ռուսաստանի հետ առճակատման գնալու ամբողջ կործանարարությունը: Վաղ թե ուշ, երբ սեփական «բուլդոգի» կերած քոթակի համար նեղսրտության ցավը մեղմանա և ստեղծված վիճակում անհապաղ իրենց քաղաքական դեմքը փրկելու տղայական բռնկումն անցնի, Բուշը կամ նրա հաջորդը ստիպված կլինեն համակերպվել կատարվածի հետ և հաշտության ձեռք մեկնել Մոսկվային: Այլապես կստացվի, որ Վաշինգտոնն իր վիրավորված պատվախնդրությունը գերադասում է համաշխարհային խաղաղությունից: Երկու հսկաների հաշտության «գինը» կարող է լինել նույն այդ «բուլդոգի»… գլուխը, որը սեփական հիմարության պատճառով ընդունակ է «շառի մեջ քաշել» տիրոջը: Եվ ոչ միայն «տիրոջը», այլև նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցներին: Երբ կրքերը հանդարտվեն, համոզված եմ, Վաշինգտոնը ինքն իրեն հարց կտա, թե արժե՞, արդյոք, այսուհետ ևս «տիրություն անել» նման մի «բուլդոգի»: Մանավանդ` Վրաստանում նույն տիրոջը նույն հավատարմությամբ ու նվիրվածությամբ ծառայելու պատրաստակամություն ունեցողների պակաս, ամենայն հավանականությամբ, չկա…

Ռաֆիկ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ