«Ես խիստ կարևորում եմ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ...»


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի պետ, գեներալ-լեյտենանտ Ստեփան ՄԻՐԶՈՅԱՆԻՆ բնութագրելիս առաջին հերթին հիշում ես նրա անսահման կարգապահությունը, ճշտապահությունն ու պարտաճանաչությունը: Սակայն կանոնիկ կենսակերպով ու մտածողությամբ գեներալը զարմանալիորեն զգայուն է բնության, ծառ ու ծաղկի հանդեպ: - Նախքան բուն զրույցին անցնելը ուզում եմ խոսել մի տեսաժապավենի մասին, որ վերջերս եմ դիտել: Դուք սկզբում ճապոներեն, ապա ռուսերեն բավականին մեծ լսարանի առաջ պատմում էիք ցեղասպանության մասին: - Ճապոնական Աիչի քաղաքում պատմաբան-հայագետ պրոֆեսոր Սեգավայի նախաձեռնությամբ կայացավ կոնֆերանս` նվիրված 1915 թ. հայոց ցեղասպանությանը: Աիչին գիտական կենտրոն է, այստեղ գործում են բազմաթիվ բարձրագույն կրթօջախներ, և կոնֆերանսին մասնակցում էին համալսարանների ռեկտորներ, մտավորականներ, գիտնականներ, պաշտոնյաներ, Հոլանդիայի մշակույթի նախարարը: Ցավոք, նրանցից շատերը նույնիսկ Հայաստանի անունը չէին լսել, և պրոֆեսոր Սեգավայի` Հայաստանի մասին պատմող ելույթը մեծ հետաքրքրություն առաջացրեց: Պատմաբանն սկսեց շումերական ժամանակաշրջանից, ընդհանուր գծերով ներկայացրեց հայոց պատմությունն ու ողջ հայկական մշակույթը` մինչև մեր օրերը: Խոսեց նաև ակադեմիկոս Մելիք-Օհանջանյանը: Իմ ելույթը բացառապես նվիրված էր 1915 թվականի ցեղասպանությանը: Կոնֆերանսն ուներ ոչ այնքան գիտական, որքան ճանաչողական բնույթ: - Ձեր խոսքն ուներ պատմական հիմնավորում, ուսումնասիրել և ներկայացնում էիք օտարերկրյա աղբյուրները, սակայն, այդ ամենով հանդերձ, ելույթը շատ զգայական էր: Դուք ծագումով արևմտահա՞յ եք: Ձեր նախնիները տուժե՞լ են եղեռնից: - Հայրս ծնվել է Նախիջևանի Նորս գյուղում: Նրա աչքի առաջ թուրքերը հորն ու եղբորը այրել են թոնրում: Գաղթի ժամանակ կորցրել է մորը, երկու քույրերին և եղբորը: Եղբորն այդպես էլ չկարողացավ գտնել, իսկ մորն ու երկու քույրերին գտավ պատահաբար: Երևանի փողոցներում մուրացկանություն անելիս ճանաչել էին իրար: Ես ծնվել եմ Մասիսի շրջանի Այնթափ գյուղում, ուր հաստատվել էր հայրս` իր բազմանդամ ընտանիքով: Նա կուսակցության Արտաշատի շրջկոմի երկրորդ քարտուղարն էր, սակայն մեր ընտանիքն ապրում էր հասարակ գյուղացու դառը ճակատագրով` զրկանքներով, հոգսերով, դժվարություններով: Ծանր սոցիալական պայմաններից ավագ եղբայրս ու քույրս մահացան փոքր տարիքում, և ութ երեխաներից մնացին վեցը: Իմ մանկական երազանքները շատ երկրային էին: Մի անգամ, 7-8 տարեկան երեխա, հիվանդ պառկած` զրուցում էի մայրիկիս հետ ու երազում, թե ինչքան լավ կլիներ, որ մի հրաշքով 100 ռուբլի փող գտնեի: Ի՞նչ կանեիր` հարցրեց մայրս: Մի լավ մտածելուց հետո պատասխանեցի. «Մի պարկ շաքարավազ կառնեի, մեկ էլ քրոջս ամուսնու համար մի շալվար» (նա միայն մի շալվար ուներ, աչքս բացել` այդ շալվարով էի տեսել նրան, իսկ քաղցր թեյը իսկական երջանկություն էր փոքրիկներիս համար): Հայրս շատ ազնիվ, ճշտապահ ու հայրենասեր մարդ էր, կոմունիստ` բառի ամենադրական իմաստով: Ես մեծացա եղեռնի, գաղթի, իմ նախնիների քաջության, արդարամտության, բարության մասին հորս պատմություններով: - Ի՞նչ են տալիս նման պատմությունները երեխային: - Իմաստուն խոսք կա` անցյալ չունեցողը ապագա էլ չունի: Ապագայի զգացողությունը մարդու մեջ պետք է արթնացնել` սկսած մանկության տարիներից, մարդը պետք է սնվի իր ակունքից: Պետք է հասկանա, որ ինքը անցյալն ապագային կապող օղակ է` պատասխանատու անցյալի համար և ապագայի առաջ, անցյալի ժառանգորդ ու ապագային ավանդող: Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվեցի պոլիտեխնիկ ինստիտուտ, բայց երբ պարզվեց, որ կոմերիտմիության գործուղումով 28 պատանիներ կարող են մասնակցել Բաքվի զինվորական ուսումնա րանի ընդունելության քննություններին, ծնողներս, բացառապես նյութական նպատակահարմարությունից ելնելով, որոշեցին ինձ հանել պոլիտեխնիկ ինստիտուտից և ուղարկել Բաքու` մասնակցելու զինվորական ուսումնարանի ընդունելության քննություններին: Քսանութ հոգուց ընդունվեցինք չորսս: - Հայ կադրային սպաներից շատերն են անցել Բաքվի զինվորական ուսումնարանով, և այդ կրթօջախի մասին բազմիցս առիթ ենք ունեցել խոսելու: Բայց կա մի հարց, որ հետաքրքրում է ինձ, և որին մինչ օրս չենք անդրադարձել. միջանձնային հարաբերությունների ի՞նչ ավանդույթ էր ձևավորվել մի կրթօջախում, ուր սովորում էին տասնյակից ավել ազգերի ներկայացուցիչներ և մի երկրում, որը հայտնի է այլ ազգերի հանդեպ իր, մեղմ ասած, անբարյացակամությամբ և անհանդուրժողականությամբ: Նաև ուզում եմ իմանալ` կա՞ր տարբերակված վերաբերմունք այս կամ այն ազգի ներկայացուցիչների հանդեպ` հաշվի առնելով նրանց ռազմական ավանդույթները կամ երկար տարիների ընթացքում կուրսանտների ձեռք բերած համարումը: - Կոնկրետ մեր վաշտում և° ազերիներ կային, և° հայեր, և° հրեաներ, և° ուկրաինացիներ, և° բելառուսներ, և° վրացիներ, և° մոլդովացիներ, սակայն ազգային հողի վրա հակասությունները բացառվում էին, քանի որ այդ էր պահանջում խորհրդային գաղափարախոսությունը: Բոլոր տեսակի փոխհարաբերությունները կարգավորվում էին գաղափարախոսության տրամաբանությամբ, գաղափարախոսությունը բարձրագույն արժեք էր: Ես այսօր էլ խիստ կարևորում եմ գաղափարախոսության նշանակությունը և գտնում եմ, որ մարդկանց իրենց հետևից տանելու ամենամեծ ուժը վերապահված է ոչ թե անհատներին, այլ գաղափարներին: Ուսումնառության ընթացքում ես հասկացա, որ զինվորականի մասնագիտությունը շատ սրտամոտ է ինձ, ներդաշնակ է իմ մարդկային որակներին, մտածելակերպին ու նախասիրություն ներին: Օրինակ` ես սիրում եմ ճշտապահություն, կարգապահություն, ռեժիմ, ինձ դուր են գալիս ուժեղ կամային որակներով, ազնիվ ու արդարամիտ մարդիկ: Ոսումնարանում սովորելու տարիներին ստիպված եմ եղել բազում դժվարություններ հաղթահարել: Քո երկրի կամ քո ազգի ներկայացուցիչների զինվորական հաջողությունները չէին կարող հեղինակություն ապահովել քեզ համար, եթե ինքդ անհատապես չես ապացուցել, թե ինչպիսի մարդ ես, ինչի ես ընդունակ: Սկսել եմ դասակի հրամանատարից, հետո քայլ առ քայլ բարձրացել եմ զինվորական աստիճաններով` վաշտի հրամանատար, գումարտակի շտաբի պետ, գումարտակի հրամանատար: 1974 թ. ընդունվել եմ Մոսկվայի Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիա, ավարտելուց հետո միջինասիական օկրուգում նշանակվել եմ գնդի շտաբի պետ, գնդի հրամանատար, դիվիզիայի շտաբի պետ: Մասնակցել եմ աֆղանական պատերազմին, եղել եմ դիվիզիայի հրամանատարի խորհդատու, հետո տեղափոխվել եմ Լեհաստան և ծառայության նշանակվել` որպես խորհրդային զորքի մարտական պատրաստության վարչության պետի տեղակալ: - Փաստորեն, անցել եք բոլոր հրամանատարական օղակները: Ի՞նչն եք կարևորում հրամանատարի աշխատանքում: - Փորձառությունը, ծառայական հաջողությունների հասնելու ձգտումը, աշխատասիրությունը, գիտակից, գործով իմաստավորված հայրենասիրությունը, ազնվությունը, ճիշտ, մարդկային վերաբերմունքը զինվորի հանդեպ, զինվորի անհատականությունը հաշվի առնելու գործոնը, ստեղծագործ միտքը, վճռականությունը... - Դուք Հայաստան վերադարձաք 1990-ին, սեփական նախաձեռնությամբ և ծառայության անցաք որպես հանրապետության զինվորական կոմիսարի տեղակալ` չնայած զինկոմիսա րիատում աշխատելու փորձ չունեիք: - Այդ ժամանակ զինկոմիսարիատները միակ գործող կառույցներն էին, որոնք մեծ ու բազմազան աշխատանք էին ծավալում, օրինակ` ստեղծում էին ինքնապաշտպանական գումարտակներ, որոնք մասնակցում էին սահմանային ընդհարումներին: 94 թ. նշանակվեցի պաշտպանության նախարարության կադրերի վարչության պետ: Խաղաղ բանակաշինության տարիներին կադրային ոլորտը թերևս կարևորագույններից մեկն է պաշտպանության համակարգում: - Կադրային սպաների և պատերազմի ալիքով բանակ եկած զինվորականների համատեղումը իրականացավ առանց լուրջ հակասությունների, սակայն բանակում հայտնվեցին նաև պատահական մարդիկ, ովքեր ոչ մի կապ չունեին զինվորական գործի հետ և լուրջ խոչընդոտ դարձան ինչպես բանակաշինության, այնպես էլ բանակ- հասարակություն փոխըմբռնման ճանապարհին: - Չկար բանակը համալրելու կադրային բազա, ու մենք ստիպված էինք զորակոչել նաև ծառայության պահանջներին չհամապատասխանող անձանց: 1994 թ. հիմնադրվեց բազմաբնույթ հրամանատա րական բարձրագույն ուսումնարանը` ներկայիս ռազմական ինստիտուտը` սերնդափոխություն ապահովելու համար: Բանակի ապագան կադրային սպաներն են: Ինչ վերաբերում է կադրային սպաների և պատերազմով անցած զինվորականների համատեղմանը, ապա հաջողության երաշխիքը նրանց առավելությունները արդյունավետ օգտագործելու իրողությունն էր: Յուրաքանչյուրից վերցրինք օգտակարը, յուրաքանչյուրը ինչ-որ բան ուներ տալու բանակին: - Դուք ղեկավարել եք 3-րդ բանակային կորպուսը: Եվ ես ցանկանում եմ հարցնել` կորպուսի հրամանատարը ի վիճակի՞ է տիրապետել այդ մեծ կառույցի բոլոր օղակներում տիրող իրավիճակին և անձամբ պատասխանատո՞ւ է, եթե դիրքերում զինվոր է սպանվում կամ հրամանատարը փող է վերցնում զինվորից արձակուրդ տալու համար: - Կորպուսի հրամանատարը պատասխանատու է իր ղեկավարած կառույցի բոլոր թերությունների համար: Նա պետք է ավելի մոտ լինի զինվորին, պարբերաբար լինի բոլոր հենակետերում, ունենա ուղղակի, ոչ թե միջնորդավորված տեղեկություններ: - Այսօր ռազմական ինստիտուտում են դրվում վաղվա հայկական բանակի հիմքերը: Ի՞նչ է արվում, որ ապագա սպան լինի բարեկիրթ, հայրենասեր, ավելի հարգալից զինվորի հանդեպ, պատասխանատվությամբ վերաբերվի իր գործին... - Այս հարցին կարելի է պատասխանել մանրամասն, ինչը կտևի ժամեր, և կարելի է պատասխանել հակիրճ: Ապագա սպան սովորում է նորոգ, բարեկարգ, ճաշակով և բարձրակարգ տեխնիկայով կահավորված շենքում, նրանց դասախոսում են իրենց գործին նվիրված, բարձրակարգ մասնագետներ: Ուսումնական ծրագրերը ապահովում են բազմակողմանի գիտելիքներ` սկսած մասնագիտական դասաժամերից, ավարտած այնպիսի առարկաներով, ինչպիսիք են գեղագիտությունը, բարոյագիտությունը, քաղաքագիտությունը, երաժշտությունը և այլն: Բուհն ունի օրինական և կարգապահ կենսակերպի ավանդույթներ: - Պարոն գեներալ, մի փոքր խոսենք Ձեր ներկայիս ընտանիքից: Կարողանո՞ւմ եք լեզու գտնել Ձեր տղաների հետ, ինչպե՞ս եք վերաբերվում երկրորդ սերնդին: - Երիտասարդները շատ ավելի ընդունակ են, ինքնուրույն ու հայրենասեր, իսկ տղաներիս հետ ընկերներ ենք : Իմ խոսքը օրենք է նրանց համար: - Էդ եղավ ընկերությո՞ւն... - Ես ավագ ընկեր եմ: Միշտ հարգում եմ նրանց կարծիքը, ոչինչ չեմ պարտադրում: - Ո՞ւմ եք պատմում Ձեր հոգսերը, մտահոգությունները, ո՞ւմ մոտ եք բացում սիրտը: - Կնոջս: - Բնավորության ո՞ր գիծն է խանգարում Ձեզ: - Ես զուսպ չեմ: Ասում եմ բաներ, որ մի քիչ մտածելուց հետո թերևս չասեի: - Որո՞նք են Ձեր կյանքի փոքրիկ ուրախությունները: - Շատ եմ սիրում բնություն, ծառ ու ծաղիկ: Այնթափի իմ տնամերձ այգում 800-ից ավելի վարդենի կա: Ես արթնանում եմ ժամը վեցին, շրջում եմ ծաղկանոցում, ընդ որում` բոբիկ, որ ոտքս հողին հպվի: Լավ այգի ունեմ, որտեղ ոչ միայն խաղող ու դեղձ է աճում, այլ նաև լիմոն ու մանդարին: Փոքրիկ ուրախություննե՞ր` ասում եք ... առաջին ծաղիկը, խաղողի առաջին բերքահավաքը: Մեր կուրսանտներն այսօր 1100 կգ մասուր են հավաքել, ուրց, ուրախացել եմ: - Մարդկային ո՞ր արատն է վատթարագույնը: - Ստախոսությունը: - Կա՞ մի բան, որից վախենում եք: - Աստծուց եմ վախենում: - Վերջում ուզում եմ շնորհավորել Ձեզ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» I աստիճանի մեդալով պարգևատրվելու կապակցությամբ, մաղթում եմ երկար ու բեղուն աշխատանք` ի փառս մեր բանակի և երկրի, անձնական երջանկություն ու հաջողություններ:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆ