Տերովին տերն է տարել, անտերին... Բառախա՞ղ, թե...


Առանձնապես մեծ ուշադրություն անհրաժեշտ չէ նկատելու համար Երևան քաղաքում օրեցօր վեր խոյացող ինքնակամ շինությունները: Ակնհայտորեն հատկապես վերջին ամիսներին մայրաքաղաքը վերածվել է հսկայական շինհրապարակի. միմյանց հաջորդող կառույցները չեն ենթարկվում որևէ նորմի և օրինաչափության` քանդվում են բնակելի հին տները, կառուցվում նորերը, բայց նորերը հո հին բնակիչներով չե՞ն բնակեցվելու: Տեր ունես, տեղ էլ կունենաս, չունես` ուրեմն չունես: Վաղուց այլևս սպառվել է բոլոր այն բնակիչների համբերությունը, ովքեր հոգնել են տնից տուն թափառելով ու ապաստան խնդրելով: Ո՞վ է ասում, թե անօթևան են, տուն չունեն: Ունեին, հիմա° չունեն: Արդեն քանի՜-քանի անգամներ են ձայն բարձրացրել, աղաղակել ու համապատասխան կառույցների դիմել, իսկ փոխարենը... Ո՞վ է նրանց լսել: Այս խնդիրը կրկին Ռազմավարական ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի հետաքրքրությունների շրջանակներում է, որի ղեկավար Ստեփան Սաֆարյանի հավաստմամբ. - Մինչև ԱԺ-ի կողմից ընդունված օրենքի նախագծում փոփոխություններ լինելը մենք իրավունք ունենք ներկայացնել մեր տեսակետները և քննարկումների արդյունքում որևէ լուծում գտնել: Քննարկումներ, իհարկե, եղան, բայց լուծման որևէ առաջարկ այդպես էլ չհնչեց: Բնակիչներն արդեն դիմել են Մարդու իրավունքների պաշտպան գրեթե բոլոր կազմակերպություններին, արդյունքը` սին խոսքեր, անհույս սպասումներ: Ինչպես բնակիչներից մեկն էր ասում. - Մենք այլևս հույսեր չենք կապում ՀՀ իշխանությունների հետ, մնում է ցույցեր կազմակերպենք, ու եթե նորից ոչ մի արձագանք չլինի, հայացքներս կուղղենք օտարին: Հետո էլ ասում են, թե ժողովրդավարական երկիր ենք:

Հ. ՄԱՂԱՔՅԱՆ