Դրսից ուրիշի աչքն ենք հանում, ներսից` մեր


Մեր նվիրական հայրենիքի անկախության 15¬ամյա տարեդարձը, ինչ խոսք, նշվեց բարձր մակարդակով, եթե, իհարկե, անտեսենք որոշ հեռուստաալիքների կողմից անկախության խրոնիկան և հիշողությունները սրբագրած հեռարձակվող տեքստերը£ Բայց նրանք մեղավոր չեն, որովհետև ծննդյան տարեդարձին դառը կենացներ չեն խմվում£ Տոնակատարությանն առանձնակի շուք էր հաղորդել Հայկական բանակը£ Զինվորական շարասյուների խրոխտ քայլերին, սակայն, «հուզված արձագանքում էր» Հանրապետության հրապարակի բազմիցս «վիրահատված» գորգապատ հատվածը` չլինի թե թնդյունից նորից քանդվի£ Բայց չէ, կարծես դիմացավ£ Եվ առհասարակ, «հատակում» գտնվողներին դիմանալ սովորեցրեց տրիբունայից բանակին ու ժողովրդին ողջունող ղեկավարությունը£ Ի դեպ, տրիբունայի (հայերեն` ատենաբեմ, ճառաբեմ) մասին£ Ո՞ւմ էր խանգարում գրանիտե հոյակերտ հարթակը, որը հիմնովին քանդվեց, իսկ համարակալված քարերն իբրեև թե պահեստավորվեցին պետության կարիքների համար£ Փոխարենն առիթից առիթ հավաքվում է տախտակամած հիշեցնող փայտաշեն մի կառույց, որի համար ծախսված գումարը կբավականացներ, ասենք, դպրոցական «դեֆիցիտ» դասագրքերի վերահրատարակման համար, որպեսզի ազգի սերունդը չկրթվեր էջապակաս ու քրքրված դասագրքերով£ Բայց դե ո՞վ չգիտի, որ միանգամյա օգտագործման կառույցը փողեր լվանալու հիանալի առիթ է, ո՞ւմ հայտնի չէ, որ այդ գումարի մեծ մասը ծվարում է ոմանց «զրնգուն» գրպաններում£ Այ, եթե Հանրապետության նախագահի ականջին հաճո լիներ մեծ Թումանյանի «գործն է անմահ» պատգամը, գուցե նա ազգի հիշողության արխիվում թողներ մնայուն մի գործ, թեկուզ հենց նախկին տրիբունայի վերականգնումն իր նախկին տեսքով£ Մինչ Հանրապետության հրապարակում իր հզորությունն ու մարտունակությունն էր ցուցադրում մեր բանակը, «Այրարատ» կինոթատրոնից կրկես ձգվող «ֆայլաբազարում» օրվա հացը վաստակելու հույսով դարձյալ հավաքվել էին արհեստավորները£ Երեխային դպրոց ուղարկելու, զառամյալ ու հիվանդ ծնողին խնամելու, բանակում ծառայող որդուն մի ծանրոց ուղարկելու համար փող է պետք£ Նկատի առնենք նաև, որ շատերի նման նրանք արտասահմանում բնակվող «դոնոր» ազգականներ չունեն£ Իրենք են ու իրենց ճակատի քրտինքը, ոտքի տակ ընկած վարունգի թփի պես դառնացած մարդիկ են, ովքեր չեն չափվում վերևների «բարոյականության» չափանիշներով, այդ պատճառով էլ դառնացած են խոսում£ «Խոսքով, հա, անկախ ենք£ Էն ժամանակ էլ եմ բանվորություն արել, բայց ապրել եմ, չեմ գոյատևել»£ Նույնն է նաև մանր¬մունր առևտրով զբաղվողի ցավը. «Կանաչիս ծախեմ, էսօր երեխեքս սոված չմնան, ինձ համար տոն է ու տոն»£ Էլ ինչո՞ւ էինք Մարքսին փնովում, երբ մարդն ասում էր, թե կեցությունն է որոշում գիտակցությունը£ Իսկ մեր օրերի համար կարելի է ավելացնել` կեցությունն է որոշում գիտակցությունը այնքան ժամանակ, քանի դեռ այդ կեցությունից գիտակցությունդ չես կորցրել£ Մի՞թե այդպես չէ£ Ուրեմն` պիտի սիրտ թողնել, որ մարդն իրոք հպարտանա երկրի ու բանակի հզորացմամբ, որովհետև այդ բանակի զինվորներից մեկն էլ իր որդին է£ Անկախությո°ւն, որդուն վերցնում ես, իսկ ծնողին թողնում իր հոգսի ծանրության տակ կքած£ Ոմանց հոգու աչքը մի կողմից շլացավ նյութական բարեկեցության փայլից, մյուս կողմից փակվեց մարդկային թշվառության առաջ£ Շատերի կյանքը ծայրահեղորեն աղքատացավ, և լիարժեք ապրելու երջանկությունը թաքնվեց ցնցոտիների ծալքերում£ Կյանքը շտկելու հույսից զրկված, ամոթը փոխարինելով բութ անտարբերությամբ, ոմանք իրենց ապրուստը փորձեցին փնտրել աղբարկղերում£ Սակայն տոնական այդ օրը նրանց սպասվում էր հիասթափություն, քանի որ աղբարկղերն անխղճորեն… դատարկված էին, և միակ սփոփանքը բախտակիցների` գտածից իրենց բաժին հանելու մեծահոգությունն էր£ Ցանկանում եք իմանալ, թե ե՞րբ ենք բուժվելու այս «հիվանդությունից»... երբ մեր պետական այրերն աշխարհի առաջ անկեղծ խոստովանելու քաջություն ունենան, որ իրենց նկարած լուսեղեն պատկերները գրքի միայն մի էջն են, իսկ մյուս էջը կարդալու համար պարզապես պետք է հանել գունավոր ակնոցները£

Անուշ ՆԵՐՍԻՍՅԱՆ