«Հանցավոր կապիտալի» չօգտագործվող ներուժը


Անցյալ շաբաթ Հայաստանի նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը գնահատականներ տալով երկրի տնտեսության ներկա վիճակին, ոչ թե ենթադրություն հայտնեց, այլ հաստատապես պնդեց, որ համախառն ներքին արդյունքի հիսուն տոկոսից ավելին կենտրոնացած է ընդամենը 40 ընտանիքների ձեռքում: Փաստը որքան էլ արտառոց թվա, չի կարող զարմացնել Հայաստանի և ոչ մի քաղաքացու: Թե° քաղաքական շրջանակներում, թե° հանրության մեջ վաղուց է արմատացած այն կարծիքը, որ երկրի ամբողջ հարստությունը հոսում է մի բուռ մարդկանց գրպանները: Սակայն փորձենք խնդրին մոտենալ ոչ թե բյուրավոր անգամ չարչրկված ալան-թալանի, հսկայական կապիտալի կուտակման անօրինականության տեսանկյունից, այլ այն` թե ինչու թեկուզ հանցավոր ճանապարհով ձեռք բերված կապիտալի միայն չնչին տոկոսն է ներդրվում հայրենի տնտեսության մեջ: Մենք հայացքներս հառել ենք արտերկրին, հատկապես սփյուռքին, ակնկալելով ներդրումների կտրուկ ավելացում, ինչը զարկ կտա տնտեսական աճին, կնվազեցնի գործազրկության ծավալները, կբարձրացնի մարդկանց կենսամակարդակը: Մինչդեռ ամենապարզ թվաբանությամբ` միլիարդավոր դոլարներ «քնեցված» են հայրենի միլիոնատերերի, ինչու չէ, միլիարդատերերի չհրկիզվող պահարաններում կամ էլ պահ են տրվել արտասահմանյան բանկերին: Ավելորդ է ասել, թե շրջանառությունից դուրս գտնվող միլիարդները որքան վնաս են հասցնում ոչ միայն ժողովրդին, այլև հենց իրենց` մեծահարուստներին: Խնդրի մեջ չխորանալու դեպքում անտրամաբանական օրինաչափությունները բացառող պարադոքսների առջև ենք հայտնվում: Լավ, ասենք թե սույն միլիարդատերերը երկրի և ժողովրդի մասին չեն մտածում, բայց սեփական շահե՞րն էլ չեն գիտակցում: Չէ՞ որ ներդնելով իրենց գումարները տնտեսության մեջ, նրանք կարող են կրկնապատկել սեփական կապիտալը: Շքեղ պալատներ են կառուցում, շրջում են ամենաթանկարժեք ավտոմեքենաներով, մի քանի խանութ կամ հյուրանոց են բացում, մի քանի միլիոն էլ, որ իրենց ունեցածի 10-20 տոկոսն էլ չի կազմում, «շպրտում» են պարզ առևտրի մեջ` ապրանքներ ներմուծելով արտասահմանից: Հայրենի արտադրության մեջ ներդրված գումարները, նրանց հսկայական կապիտալը նկատի ունենալով, չափազանց չնչին են, անգամ ծիծաղելի: Սակայն երևույթի մեջ խորամուխ լինելիս դժվար չէ վերհանել վերոնշյալ իրողությունների պատճառները: Նույնիսկ համապատասխան «տանիք» ունեցողները և ըստ այդմ մենաշնորհային իրավունքներով օժտվածները հարյուր տոկոսանոց երաշխիքներ չունեն, որ մի գեղեցիկ օր չեն զրկվի մենաշնորհից: Այսինքն, նրանց կարծիքով ոչ թե մենաշնորհները ընդհանրապես կվերանան, այլ կհանձնվեն մարդկանց մեկ այլ խմբի: Սեփական փորձից նրանք հիանալի գիտեն, որ ազատ մրցակցության բացակայության պայմաններում «տանիքը» կորցնելու պարագայում իրենք, ժողովրդական լեզվով ասած, «տակ են տալու»: Սեփական բիզնեսը չընդարձա կելու պատճառներից մեկն էլ, թերևս, հեղափոխական գործընթացների հավանականությունը չբացառելն է: Չէ՞ որ յուրաքանչյուր հեղափոխություն ուղեկցվում է «կուլակաթափությամբ»: Հեռու չգնանք, մատնանշենք հարևան Վրաստանի փորձը: Մեծահարուստների հսկայական կապիտալի մեծագույն մասի «խաղից դուրս» վիճակում հայտնվելու այլ պատճառներ էլ կան: Օրինակ, հարկային քաղաքականությունում դեռևս առկա բացթողումներն ու անհարթությունները, դոլար-դրամ փոխհարաբերության անկանխատեսելի և կտրուկ տատանումները: Պակաս դեր չի կատարում նաև Հայաստանի կապիտալիստների մեծ մասի արտադրության կազմակերպման փորձի բացակայությունը: Բանն այն է, որ առևտրային գործունեությունը պակաս ռիսկ է պարունակում, եկամուտներն ստեղծվում են արագ ու միանգամից: Մինչդեռ արտադրության կազմակերպումը երկարատև պրոցես է, և ներդրումներից շահույթներ կարելի է ստանալ միայն տարիներ հետո: Թե տարիներ անց ի՞նչ հարկային «փորձանքներ» կարող են բերել, ասենք, հաջորդ իշխանությունները, ոչ ոք չի կարող կանխատեսել: Բազմիցս է խոսվել այն մասին, որ դրամի արժևորումը տեղական արտադրողի համար ստեղծում է խիստ անբարենպաստ պայմաններ: Ներմուծման շահութաբերությունը խթանում է ներմուծվող ապրանքների անընդհատ աճը` տեղական արտադրանքը պարզապես դարձնելով անմրցունակ: Ապրանքների արտահանումը դառնում է ոչ եկամտաբեր: Չարժե հազարմեկերորդ անգամ կրկնել, թե դոլարի արժեզրկման քաղաքականությունը ինչպիսի ծանր հետևանքներով է հղի: Արձանագրենք միայն, որ դա պարզապես ազգային անվտանգության խնդրի է վերածվել: Սակայն վերադառնանք արծարծվող թեմայի բուն էությանը և ամփոփելով փորձենք նաև պատասխանել, թե ինչ պետք է արվի, որպեսզի հայաստանցի ձեռներեցների կապիտալի ոչ թե չնչին, այլ մեծագույն մասը ներդրվի տնտեսության մեջ: Նախ, առաջին հերթին, թե գործող իշխանությունները և թե այն քաղաքական ուժերը, որոնք իշխանության գալու լուրջ հայտ են ներկայացնում, պետք է «կուլակաթափությունը» բացառելու հարյուր տոկոսանոց երաշխիքներ տան մեծահարուստներին: Պատմական փորձը վկայում է, որ այսպես կոչված, նախնական կապիտալի կուտակումը, որպես կանոն, տեղի է ունենում օրենքի շրջանցումով: Ունեցվածքի բռնագրավմամբ որևէ կարևոր խնդիր լուծել հնարավոր չէ: Հետևաբար պետք է վերացնել բոլոր այն խոչընդոտները, որոնք «խրտնեցնում» են կապիտալիստներին` հրաժարեցնելով նրանց ներդրումներ կատարել: Ընդհակառակը, պետք է խրախուսել վերջիններիս` վարելով ավելի մեղմ և ճկուն հարկային քաղաքականություն հատկապես տեղական արտադրության ոլորտում: Բացառել հովանավորչությունը, կլանայնությու նը` ստեղծելով իրոք ազատ մրցակցային դաշտ: Վերջ տալ դոլարի արհեստական արժեզրկմանը, կանոնակարգել և վերահսկելի դարձնել ֆինանսական շուկան: Ճիշտ, հասկանալի, արդար ու կանխատեսելի քաղաքականություն վարելու դեպքում կարճ ժամանակահատվածում միլիարդավոր դոլարներ կմտնեն շրջանառության մեջ` հարստացնելով երկիրը և ժողովրդին: Հոգ չէ, որ դրա շնորհիվ հայաստանցի ձեռներեցները է°լ ավելի կհարստանան: Այս պարագայում արդեն նրանց հարստությունը կլինի ոչ միայն իրենցը, այլև ամբողջ ազգինը:

Արամ ՀԱԿՈԲՅԱՆ