ՊԱՅՔԱՐ. բայց հանուն ինչի՞


Ժողովուրդը կարծես կորցրել է քրեականների և օլիգարխների տարբերակման չափանիշը: Դրա գլխավոր պատճառը հավատի կորուստն է: Սակայն առանձին գործիչներ չեն բացառում, որ օլիգարխներն ու քաղաքական շրջանակների գերակշիռ հատվածը առաջիկայում կարող է է°լ ավելի մոբիլիզացնել կրիմինալին` իրենց բոլոր նախընտրական խնդիրներն իրենց փորձարկած մեթոդներով կարգավորելու համար: Իր հերթին քրեականների դերակատարության բարձրացումը, ինչ խոսք, նոր ցնցումներ կառաջացնի, և արդեն ծանոթ ու սովորական դարձած հաշվեհարդարների նոր ալիքը կարող է դառնալ նախընտրական հիմնական, սակայն դժվար քողարկելի, երբեմն էլ չափազանց ցուցադրաբար արտահայտվող երևույթներից մեկը: Այս առումով ավելի քան տեսանելի ու մռայլ հեռանկարը, խոստովանենք, պայմանավորված է նրանով, որ կրիմինալին զսպող «սանձը» աննկարագրելիորեն թուլացել է: Փորձը ցույց է տալիս, որ նման շրջանակների հանդեպ ամենափոքր «անտարբերությունն» անգամ հանգեցնում է այն իրողության, որ ազատություն և ինքնադրսևորման հնարավորություն ստացող այս զանգվածին սանձահարելը չափազանց դժվարանում է... Ասել, թե իշխանությունները մոլորության մեջ են, սխալ կլինի, սակայն դժվար է նաև լայն զանգվածներին համոզել, որ քրեականների հաղթարշավը կասեցնելու ուղղությամբ գործնական քայլեր են արվում: Համենայնդեպս, կրիմինալի անկաշկանդ բարգավաճումը, այդպես էլ դիմադրության չհանդիպելով, առաջիկայում ավելի սուր դրսևորումներ կարող է ունենալ: Ըստ էության, նման իրավիճակը հարթելու արտահայտված պայքարի (?) կողմնակից կարող լինել միայն ընդդիմությունը: Սակայն այս դեպքում էլ ակնհայտ է, որ հակակրիմինալ շարժումը դրսևորվում է միայն անվերջանալի թվացող ասուլիսաշարերով, ինչը, բնականաբար, կարող է դրական ազդեցություն ունենալ միայն հասարակական կարծիքի վրա: Այս պարագայում էլ հարկ է արձանագրել, որ հանրությունը քրեականների ու նրանց գործողությունների հանդեպ խիստ որոշակի ու հաստատուն վերաբերմունք վաղուց ունի, և բոլորովին էլ անհրաժեշտություն չկա մարդկանց մի ավելորդ անգամ ևս «հիշեցնել», որ կրիմինալը չարիք է: Ուստիև այլևս, մեղմ ասած, կասկածելի է, թե արմատականները գիտակցում են, որ հանրությունը պատրաստ է և կարող է շարժվել միայն այն քաղաքական ուժերի հետևից, որոնք պայքարաշոուներից զատ որոշակի դեղատոմսեր են առաջարկում թե° այս և թե° մյուս բոլոր հասարակական չարիքներն արմատախիլ անելու ուղղությամբ: Իհարկե, ընտրություններից առաջ, ինչպես բոլոր մյուս նման դեպքերում, հասարակական համախմբում կոչվածն իր պայմանական գագաթնակետին կհասնի, և բոլոր ընդգծված քաղաքական բևեռները այս կամ այն չափով միտինգավոր-ընտրողների աջակցությունը կունենան: Այսուհանդերձ, դա կսահմանափակվի միայն ընտրական քվեարկությամբ: Այսպիսով, քաղաքական ուժերը գոնե մասնակիորեն համախմբված հասարակական ջանքերը այդպես էլ որևէ կոնկրետ նպատակի չեն ծառայեցնի: Ոչինչ չեն կարող փոխել նաև ցուցակներ հրապարակելու վերաբերյալ այս օրերին հնչող սպառնալիքները: Վերջին տարիներին Հայաստանում նման «սպառնալիքներ» բազմիցս են հնչել, սակայն դրանք կամ այդպես էլ չեն հրապարակվել, կամ էլ բացարձակապես չեն բավարարել անհամբեր ու ակտիվ ընտրազանգվածի ակնկալիքները: Այնպես որ, «Հայրենիք ու պատիվ» կուսակցության նախաձեռնությունը նույնպես դատապարտված է ձախողման: Ենթադրենք` Գառնիկ Մարգարյանի ցուցակը իսկապես հրապարակվում է, և իրոք պարզվում է, որ X նախարարն իսկի էլ երկու ինստիտուտ չի ավարտել... Ավելին, նա նույնիսկ դպրոցում չի կարողացել լավ սովորել և, ասենք, ութերորդ դասարանից հեռացել է դպրոցից` ընդմիշտ մոռանալով ուսման մասին: Ի՞նչ է փոխվելու դրանից... Տվյալ նախարարն ավելի ուշ լավագույն դեպքում պատիվ է անելու հերքել կամ արհամարհել «կասկածամիտների» պնդումները: Ահավասիկ, բնապահպանության նախարար Վ. Այվազյանի` խոշոր չափի կաշառակերության մասին, իհարկե ոչ հենց այնպես հնչած տեղեկատվությունը ոչ մի կերպ չի հաջողվում հաստատել: Այս գործում անզոր են նույնիսկ դեպքի «կենդանի» վկան` ձայներիզը և այդ լուրերը տարածողները: Հայրենի մատնանշվելիք պաշտոնյաների կենսագրությունների մութ էջերի բացահայտումները եթե առաջիկայում իրականանան, միայն մեկ դրական ակնկալիք կարելի է ունենալ. հանրապետությունն ավելի լավ կճանաչի իր «հերոսներին»: Իսկ թե դրանից ինչ կշահի ընտրազանգվածը, նույն Գառնիկ Մարգարյանն անգամ հազիվ թե իմանա: