Երկնաքարը` տան գլխին


Արտառոց իրադարձություն է տեղի ունեցել Ֆրանսիայում. Փարիզի մերձակա տներից մեկի տանիքին երկնաքար է ընկել (հաղորդել է NBC¬ն): Ֆրանսիայի տարածքում տիեզերական օբյեկտների անկման 60 հայտնի դեպքերից սա առաջինն է, որ տեղի է ունեցել մայրաքաղաքին այսքան մոտ: Տարիներ առաջ Ֆրանսիայի հարավ¬արևելքում հսկայական «այլմոլորակային հյուր» էր հայտնաբերվել, որը կշռում էր ավելի քան 130 կգ: Իսկ օրեր առաջ տան տանիքին վայրէջք կատարած երկնաքարն 88 գրամանոց է` հավի միջին ձվի մեծությամբ և տանտերերին շուրջ 100 եվրոյի վնաս է հասցրել: Տանտերերը դրա «այցի» մասին իմացել են` երբ արձակուրդից վերադառնալով, տեսել են, որ իրենց տանիքից կաթում է: Սկզբում անծանոթ իրը նրանք ոստիկանություն են տարել. այստեղ որոշել են այն հանձնել տեղի համալսարան, որտեղ էլ պարզել են, որ դա այլմոլորակային ծագում ունի: Գիտնականների հավաստմամբ` այն 4,5 միլիարդ տարեկան է: Աստղագետ-գիտնական Ալան Կարիոնը պատմել է, որ խոնդրիտ կոչվող այդ քարը հարուստ է երկաթով, ինչն ածխացել է, երբ անցել է մոլորակային մթնոլորտի միջով: Ամենայն հավանականությամբ այդ քարը Երկիր է թռել` անջատվելով Մարսի և Յուպիտերի միջով անցնող երկնաքարից: Հունիսի վերջին Սաութհեմպտոնի համալսարանի աշխատակիցները կազմել են այն երկրների ցանկը, որոնք ամենից ավելի են տուժում հսկայական երկնաքերերի հետ Երկիր մոլորակի բախումներից: Առաջին եռյակը զբաղեցրել են Չինաստանը, Ինդոնեզիան և Հնդկաստանը: Սակայն ինֆրակառուցվածքի առավել մեծ խաթարումները տեղի են ունենում Կանադայում, ԱՄՆ¬ում, Չինաստանում, Ճապոնիայում և Շվեդիայում: Ընդհանուր առմամբ` Երկիր մոլորակի վրա տիեզերքից օրական թափվում է գրեթե 100 տոննա քար, սակայն մարդիկ հազվադեպ են դրանց ականատեսը դառնում. 2004 թ. 1,3 կգ կշռող բեկորն ընկել է Նոր Զելանդիայի տներից մեկի վրա: 2003¬ին քարե անձրևը Չիկագոյում է շենք վնասել: Դրանից մեկ տարի առաջ բրիտանուհի Շիբխոն Կաուտենի ոտքի տակ բռունցքի մեծության շիկացած քար է ընկել, իսկ Գերմանիայում 2002¬ի ապրիլին 22 կմ բարձրության վրա բռնկվել է Երկիրի «շտապող» Նոյշվանշտայն կոչվող երկնաքարը, որից պոկված բեկորները տեղացել են գետնին: