ԿԵՐՊԱՐԱՆԱՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԲԱԼԵՏՈՒՄ


Առնվազն հինգ-վեց տարի առաջ անհնար էր խոսել ազգային բալետի մասին, որովհետև շատ բան խաթարվել ու շատ բան ավերվել էր մեր պարային թատրոնում: Հայկական բալետը երբեք էլ չի ընդգրկվել ԽՍՀՄ առաջատարների շարքերում, սակայն ունեցել է ուրույն նկարագիր և դեմք, սեփական արտահայտչական համակարգ: Բավական է ասել, որ հայ կոմպոզիտորների ստեղծած բալետային երաժշտությունն առանձնացել է շատերից, տեղ գտել աշխարհի շատ բալետային թատրոնների ազդագրերում: Իսկ Երևանում էլ բեմադրվել են Էդգար Հովհաննիսյանի, Գրիգոր Հախինյանի, Տիգրան Մանսուրյանի, այլոց բալետները: Ավերիչ խորշակը անցավ նաև բալետի գլխով` այն զրկելով զարգացման հնարավորություններից: Օպերայի և բալետի թատրոնի խաղացանկում միայն խաչատրյանական «Գայանե»-ի ներկայությունը ոչ թե մխիթարություն էր, այլ` խոր ու մեծ մտահոգություն: Տխուր էր խոստովանել, որ ունենալով բալետային հարուստ ավանդույթներ, հրաշալի ավագներ, պարարվեստի քոլեջ` մեր բալետն, ահա, հայտնվել էր նման վիճակում: Սակայն, ինչպես ասվում է, ամեն մի գիշեր ունի լուսաբաց, և պիտի ծնունդ առներ կերպարանափոխությունների ժամանակը: Առաջին լուրջ քայլը, որն արվեց, ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի կողմից` ճանաչված բալետմայստեր, ՀՀ վաստակավոր արտիստ Ռուդոլֆ Խառատյանին հրավիրելն էր Երևան: Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ակադեմիական թատրոնում Ռուդոլֆ Խառատյանին գուցե խանդավառությամբ չդիմավորեցին` հավանաբար վարժված գործունեության միապաղաղությանն ու հանգստին: Ինքը` բալետմայստերն էլ շատ չոգևորվեց` տեսնելով այն թշվառ վիճակը, որը տիրում էր բալետային խմբում: Սակայն աստիճանաբար պարուսույց-բեմադրողն ու բալետային խումբը մերվեցին, ձևավորեցին համագործակցության և գործուն աշխատանքի եզրեր: Ռուդոլֆ Խառատյանի առաջին աշխատանքներից մեկը «Լա ռևանչա դել տանգո» ստեղծագործությունն էր, որը նա բեմադրեց` այստեղ միավորելով դասական խորեոգրաֆիայի և ժամանակակից պարի տարրերը: «Տանգոյի» բեմադրությունն իսկապես նորույթ էր մեր թատրոնում. այն նորարարության շունչ բերեց: Հրաժարվելով բեմանկարչական լուծումներից` Ռուդոլֆ Խառատյանը պարային գործողությունները ծավալեց «կիսամերկ» բեմում` այսպես հանդիսատեսի ուշադրությունը սևեռելով միայն ու միայն մի քանի երիտասարդների կրակոտ ու ոգեշունչ պարին: «Տանգոյի» հետ նույն երեկոյի ընթացքում Խառատյանը ներկայացրեց «Ստաբատ մատերը»` ըստ Պերգոլեզիի համանուն պատարագի: Այստեղ բալետմայստերը ներկայացրեց Քրիստոսի մոր ողբը` Հիսուսին խաչից իջեցնելու պահին: Մեր բալետային թատրոնի խոշոր ձեռքբերումներից մեկը Արամ Խաչատրյանի «Սպարտակ»-ը հանդիսացավ, որն իրականացրեց համաշխարհային հռչակ վայելող բալետմայստեր Յուրի Գրիգորովիչը: Որքան էլ հնացած էր բալետի լիբրետոն, որքան էլ ավանդական էր այս բեմադրությունը, այդուհանդերձ այն ստեղծագործական խիզախում էր, որը հաստատում էր մեր բալետի գոյությունը, հնարավորություն ստեղծում այսուհետ դիմելու նոր ու խիզախ քայլերի: Այդ քայլերից մեկն էլ Ս. Պրոկոֆևի բարդագույն ստեղծագործություններից մեկի` «Ռոմեո և Ջուլիետ»-ի բեմադրությունն էր, որն իրականացրեց Ռուդոլֆ Խառատյանը: Ինչպես «Սպարտակում», այստեղ ևս իր կատարողական բարձր արվեստով փայլեց Ռուբեն Ավետիսյանը` ազգային բալետի այսօրվա ամենաինքնատիպ ներկայացուցիչը, ում անունն աստիճանաբար հայտնի է դառնում աշխարհի բալետային թատրոններում: Խառատյանական «Ռոմեո և Ջուլիետը» տարբերվում է դրա նախկին շատ բեմադրություններից, տարբերվում է իր լուծումներով, բեմադրական սկզբունքներով, մասնավորաբար երկրորդ գործողության ինքնատիպ հղացմամբ: Ուրախալի է նշել, որ այս բեմադրությունն առավել ցայտուն դարձրեց Ռուբեն Ավետիսյանի, Ժակլին Սարխոշյանի, Սևակ Մովսիսյանի, երիտասարդ մյուս արտիստների շնորհները: Վերջին աշխատանքները վկայում են, որ մենք քայլ առ քայլ վերականգնում ենք նախկին ավանդույթներն ու մտածում արդեն նոր ձեռքբերումների մասին: Իսկ սա նշանակում է, որ մեր բալետային թատրոնը զարթոնք է ապրում: Թող որ համրընթաց, անգամ մի քիչ վախվորած, սակայն կարևորն այն է, որ այլևս չենք խոսի այս հրաշալի արվեստի անկումների մասին: Մնում է միայն, որ հանդիսատեսն էլ արժանվույն գնահատի կատարված աշխատանքն ու բալետային ներկայացումների ժամանակ դահլիճում թափուր տեղեր չթողնի:

Մ. ԼԵՎՈՆՅԱՆ