Հյուրասրահ ՍԵՐԳԵՅ ՄԵԼԻՔՅԱՆԻ ՀԵՔԻԱԹՆԵՐԻ ԱՇԽԱՐՀԸ


Վանաձորում նրան ճանաչում են բոլորը` առանց բացառության: Ճանաչում են նաև ողջ Լոռու մարզում: Ճանաչումը նաև հասել է Գյումրի, Երևան... Բայց Սերգեյ ՄԵԼԻՔՅԱՆ անուն-ազգանունը կարող է շատերին շփոթության մեջ գցել, որովհետև պատանության տարիներից սկսած` նրան Չարլի էին դիմում` նմանեցնելով մեծ կատակերգակ Չապլինին: Սա պատահական նմանեցում չէր. Գյումրիում ծնված, այստեղ դրամատիկական ստուդիան ավարտած երիտասարդը բոլորին հիացնում էր չապլինյան նմանակումներով: Կյանքը նրան տարել է Վանաձորի Աբելյանի անվան թատրոն: Այստեղ մոտ քսան տարի ստեղծագործելուց հետո, նա իրականություն է դարձրել իր պատանության երազանքը, 1993 թվականին ստեղծել է Վանաձորի պետական տիկնիկային թատրոնը, որն էլ ղեկավարում է մինչև օրս: Այս թատրոնում նա իրականացրել է քսանվեց պիեսի բեմադրություն` դառնալով պիեսներից շատերի հեղինակը: - Շատերը կարծես մոռանում են, որ դու դրամատիկական թատրոնի դերասան ես եղել, ուղիղ քսան տարի բարձրացել ես Աբելյանի անվան թատրոնի բեմ`` խաղալով նաև բազմաթիվ հիմնական դերեր, ձևավորելով քո հանդիսատեսին: Հիմա չե՞ս նեղվում, որ քեզ հիմնականում որպես տիկնիկային գործիչ են ներկայացնում: - Ես այնքան եմ մխրճվել տիկնիկային արվեստի մեջ, այնքան եմ նվիրվել ինձ համար թանկ ու սիրելի արվեստին, որ երբեմն ուշադրություն չեմ դարձնում իմ անցած ճանապարհին տրված գնահատականներին: Նշեմ, որ չեն մոռանում դրամատիկական բեմում իմ գործունեությունը, երբեմն անգամ համոզում են, առաջարկում հանդես գալ նաև Աբելյանի անվան թատրոնում: Բայց իմ կյանքում տեղի է ունեցել այն հրաշալի բեկումը, որից ես շա˜տ եմ հարստացել: Տիկնիկային արվեստը ձևավորվել է դրամատիկական արվեստին գրեթե զուգահեռ, հարուստ ավանդույթներ է ստեղծել, դարձել շատ ավելի բարդ ու ինքնատիպ: Ու եթե ես այստեղ հաջողություններ ունեմ, նշանակում է` հասել եմ իմ ցանկությունների և նպատակների իրագործումին: Ի վերջո, այնքան էլ չեմ կարևորում, թե որտեղ է ձև ու մարմին առնում այն ստեղծագործական մտահղացումը, որն ապրում է իմ մեջ: - Գիտեմ, որ որպես դերասան` քո կենսագրությունը սկսել ես Լենինական-Գյումրու տիկնիկայինում, որն այսօր կրում է Ստեփան Ալիխանյանի անունը: Փորձե՞լ ես քո ստեղծած թատրոնը նմանեցնել այդ թատրոնին: - Ստեփան Ալիխանյանի ղեկավարած թատրոնը մի յուրատեսակ երևույթ էր` միայն իրեն բնորոշ արտահայտչաձևերով, խաղային առանձնահատկություններով, բեմադրական սկզբունքներով: Շատ լավ դերասանախումբ ուներ` տիկնիկային արվեստին անհունորեն նվիրված մարդկանցով: Նրանք մեծ երեխաներ էին, որ ամեն օր «շիրմայի» հետևում կանգնած` հեքիաթ էին արարում… Վանաձորի տիկնիկայինը ստեղծելիս, իհարկե, ինձ համար ուղեցույց ունեցա նաև Ալիխանյանի թատրոնը, քանի որ այն ինձ համար հրաշալի դպրոց էր եղել: Բայց նաև չմոռացա, որ ցանկացած թատրոն հետաքրքիր է իր ուրույն խաղացանկով, սկզբունքներով, բեմադրական ձևերով… Ի վերջո, Գյումրիում հիմնականում արհեստավարժներ էին, իսկ ահա Վանաձորում ինքս նաև ուսուցիչ դարձա երիտասարդ դերասանախմբի համար, որովհետև ինձանից բացի` ոչ ոք իր կյանքում տիկնիկ չէր վերցրել և չէր կանգնել «շիրմայի» հետևում: - Իսկ նրանց համար դժվար չէ՞ր հանդես գալ իրենց համար անծանոթ արվեստում: - Իհարկե, դժվար էր: Սակայն ուրախալին այն էր, որ տիկնիկային թատրոն եկած բոլոր երիտասարդներն էլ ունեին թատերական կրթություն, ավարտել էին դրամատիկական ստուդիա, մի քանիսն աշխատել էին դրամատիկական թատրոնում: Բայց բոլորս միասին մի մեծ ու լավ գործ էինք սկսում` մեկս մյուսից սովորելով: Դժվար էր նաև ինձ համար, որովհետև Վանաձորում ես սկսում էի մի բան, որը գրեթե ավանդույթներ չուներ: Հիմա արդեն, բարեբախտաբար, այդ գործն իր ամուր արմատներն է գցել, ավանդույթներ է ձևավորել: Տասնութ տարեկան է մեր թատրոնը, հասուն տարիք է… - Ինչպես մեր մյուս տիկնիկային թատրոնները, քո գլխավորած թատրոնն էլ իր խաղացանկում մեծ տեղ է հատկացնում Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններին… - Թումանյանն իսկապես մի մեծ տիեզերք է: Անսահման ու մեծ տիեզերք: Անհնար է գտնել այլ հեքիաթներ, որոնք այդքան խորն ու թատերային լինեն, այդքան կերպարային: Կարծես կարիք էլ չկա Թումանյանի հեքիաթների համար երկխոսություններ գրել. կարելի է վերցնել թումանյանական հերքիաթներն ու պարզապես սկսել բեմադրական աշխատանքները: Թումանյանի հեքիաթներում զարմանալի բարություն կա` միախառնված թեթև հեգնանքին: Նա իր հերոսներին չի ծաղրում, այլ հեգնում է, ծիծաղում նրանց միամտության ու ձախորդության վրա: Զարմանալի գրող է` մեծ, շատ իմաստուն: Մեզ թվում է, թե մենք նրան ամբողջապես գիտենք, սակայն այդպես չէ, որովհետև ամեն անգամ մենք մեզ համար հայտնաբերում ենք մի նոր Թումանյան: Ուրեմն, հենց Թումանյանով պիտի դաստիարակենք մեր ազգին, մեր երեխաներին: Ամեն մի ժողովուրդ կերազեր նման հանճարեղ ուսուցիչ ունենալ: - Բոլոր տիկնիկային թատրոններն էլ ունեն հեղինակների, սեփական դրամատուրգիայի ձևավորման խնդիր: Ձեր թատրոնում այդ հարցը կարգավոր վում է քո ստեղծագործություններով: Իսկ գուցե իսկապես ժամանակն է, որպեսզի պետական հոգածություն դրսևորվի տիկնիկային դրամատուրգիայի նկատմամբ: - Այո, բացը լրացնում եմ ես, ինքս եմ շատ հաճախ դառնում պիեսների և բեմականացումների հեղինակ: Բայց, իհարկե, երեխաների համար պետք է ստեղծել կատարյալ դրամատուրգիա: Գրականությունը պետական որոշումներով չի ստեղծվում, հրամայելով` լավ պիես չես ունենա, սակայն իսկապես ցանկալի կլիներ, որ մեր Թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ստեղծագործական ֆակուլտետում ստեղծվեր նաև տիկնիկային դրամատուրգիայի բաժին, ուր ընդունվեին մարդիկ, ովքեր սիրում են երեխաներին, ովքեր ունեն վառ երևակայություն: Այս տարի ինստիտուտի ռեկտոր Արմեն Մազմանյանն առաջարկեց Վանաձորի մասնաճյուղում տիկնիկային արվեստանոց ձևավորել: Լավ գաղափար էր, սակայն կարծես թե չկան երիտասարդներ, ովքեր կուզենային իրենց կյանքը նվիրել տիկնիկային արվեստին: Այս մասին մտածել է պետք: Իսկ առհասարակ, լավ կլիներ, եթե Մշակույթի նախարարությունը գոնե երեք տարին մեկ անգամ հայտարարեր տիկնիկային դրամատուրգիայի մրցանակաբաշխություն. գուցե սա շահագրգռող դառնար: - Գուցե այս ամենին խանգարում է այն, որ տիկնիկավարների համար աշխատավարձերը ցածր են, իսկ պիեսներն էլ չեն գնվում, չեն խրախուսվում: - Խնդիրներն ու մտահոգությունները քիչ չեն, պարզապես պետք է մտածել համալիր լուծումների մասին: Աշխատավարձն, իհարկե, չափազանց կարևոր է: Ռուսաստանի իշխանությունները առաջին հերթին հոգ տարան, որպեսզի տիկնիկային թատրոններում սահմանվեն բարձր աշխատավարձեր, անգամ պետական հոգածություն չունեցող մի շարք թատրոններ երբեմն-երբեմն սուբսիդիա են ստանում: Մենք գործում ենք քաղաքապետարանի հովանու ներքո, հանդիսանում ենք քաղաքային պետական թատրոն: Դե, քաղաքապետարանն էլ անում է այն ամենը, ինչը հնարավոր է, սակայն երևի պետք է մեծացնել պետական վերաբերմունքի ծավալը: - Երևի: Իսկ այժմ թույլ տուր շնորհակալություն հայտնել զրույցի համար և մաղթել հաջողություններ: - Շնորհակալություն: Ուրախ եմ, որ չմոռացվեց մեր թատրոնը, որ «Ավանգարդ» թերթը հայացք հառեց նաև Վանաձորի պետական տիկնիկային թատրոնին: Երբ կա ուշադրություն` մեծանում է ոգևորությունը: