Անանց արժեքներ ՄԻ ԱՄԲՈՂՋ ՕՐ ԼԻՍԻՑՅԱՆԻ ՀԵՏ


Երևանում հոկտեմբերի 24-ը մայրաքաղաք կարելի էր համարել լիսիցյանական օր: Մեծ հանդիսավորությամբ նշվեց ականավոր երգիչ` ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր, Երևանի օպերային և Մոսկվայի Մեծ թատրոնի առաջատար երգիչ Պավել ԼԻՍԻՑՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը: Մայրաքաղաքի Մաշտոց պողոտայի համար 48 տան պատին բացվեց մեծ երգչի հուշատախտակը, իսկ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ հոբելյանական համերգ, որի ընթացքում հանդես եկան Լիսիցյանի անվան վոկալիստների մրցույթի հաղթողները: Հանդիսություններին մասնակցեցին երգչի դուստրերը` ՀԽՍՀ ժողովրդական արտիստներ Ռուզաննա և Կարինե Լիսիցյանները, ովքեր մի քանի տասնամյակ շարունակ կոմիտասյան երգը հնչեցնում են աշխարհի տարբեր բեմերում: - Հայրս հրաշալի մարդ էր առաջին հերթին, հոգատար և ուշադիր: Իսկական հայ էր, որովհետև ապրելով Մոսկվայում, ինչ-որ չափով լինելով ռուսական մշակույթի ներկայացուցիչ` նա մեզ սովորեցնում էր լինել հայ, կատարել հայկական երգեր, ապրել Կոմիտասով: Ու եթե հիմա մենք անբաժան ենք Կոմիտասից, եթե մեր մեջ շատ ամուր նստած է հայկականը, ապա այդ ամենը շնորհիվ մեր հոր,¬- մեզ հետ զրույցում ասաց Կարինե Լիսիցյանը: - Ես հպարտ եմ, որ ունեցել եմ այնպիսի լավ բարեկամ, ինչպիսին Պավել Լիսիցյանն էր: Հրաշալի երգիչ` տաք գույներով լցված բարիտոնով, առնական և ուժեղ: Մինչև հիմա հմայված եմ նրա Արշակով: Շատ երգիչների եմ լսել, բայց Պավել Լիսիցյանն ուրիշ էր,- իր խոսքում նշեց ականավոր կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Էդվարդ Միրզոյանը: Պավել Լիսիցյանի անունը շատ վաղուց ընդգրկվել է խորհրդային նշանավոր երգիչների շարքում, իսկ երգչի ստեղծագործությունն անկապտելի մասն է դարձել ինչպես ազգային, այնպես էլ համաշխարհային օպերային արվեստի: Պավել Լիսիցյանի ծնողները Արևմտյան Հայաստանից Վլադիկավկազ էին եկել սուլթան Համիդի սանձազերծած հայահալած քաղաքականության հետևանքով` մազապուրծ առաջին կոտորածներից: Այստեղ էլ 1911 թ. նոյեմբերի 6-ին (հոկտեմբերի 24) ծնվել էր երգիչը` իր ծննդավայր քաղաքում ստանալով երաժշտական կրթություն: Օպերային երգչի կենսագրությունը սկսվել է Երևանի օպերային թատրոնում, իսկ 1930-ականների կեսերից արդեն նա դառնում է այս թատրոնի առաջատար երգիչներից մեկը, ում վստահվում էին բարիտոնի բոլոր բարդ պարտիաները: Երկրորդ աշխարհամարտի տարիներին Պավել Լիսիցյանը ռազմաճակատում, թիկունքի տարբեր հոսպիտալներում ունեցել է հինգ հարյուրից ավելի համերգ` կատարել ինչպես ռուս և արևմտաեվրոպական, այնպես էլ հայ կոմպոզիտորների ռոմանսներ, արիաներ տարբեր օպերաներից: 1940 թվականին նա ԽՍՀՄ ակադեմիական Մեծ թատրոն է հրավիրվել ականավոր դիրիժոր Ալեքսանդր Մելիք-Փաշաևի կողմից` միաժամանակ հանդիսանալով Երևանի և Մոսկվայի թատրոնների մենակատար: 1940-ից մինչև 1966 թվականը Մեծ թատրոնի մենակատար Լիսիցյանը կատարել է Ելեցկու, Օնեգինի, Մազեպայի, Ռոբերտի (Չայկովսկու «Պիկովայա դամա», «Եվգենի Օնեգին», «Մազեպա», «Իոլանտա»), Ժերմոնի, Ամոնասրոյի (Վերդիի «Տրավիատա», «Աիդա»), Էսկամիլիոյի (Բիզեի «Կարմեն»), Նապոլեոնի (Ս.Պրոկոֆևի «Պատերազմ և խաղաղություն») և այլ դերերգեր: Պ. Լիսիցյանը ճանաչվել է և որպես համերգային երգիչ, իսկ Մեծ թատրոնի բեմում հանդես է եկել 1800 ներկայացումներում: Գրեթե նույն դերերգերը կատարելով նաև Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնում` Լիսիցյանը կատարել է նաև Արշակ Երկրորդի և Թաթուլի («Ալմաստ») դերերգերը: Պավել Լիսիցյանի ձայնով հիացել են, նրան համարել այն եզակի երգիչներից մեկը, ով օպերային երգեցողությունը ներդաշնակում էր հրաշալի դերասանական կատարմանը: Նրա Էսկամիլիոն և Եվգենի Օնեգինը համարվում են ռուսական օպերային արվեստի գլուխգործոցներից, իսկ երաժշտագետները մշտապես Լիսիցյանի կատարումներն են ընդունել որպես յուրատեսակ չափանիշ` գնահատելու այս դերերգերի կատարումներն այլ երգիչների կողմից: - Ես շատ երիտասարդ եմ, բեմում երբեք չեմ տեսել Պավել Լիսիցյանին, չեմ լսել նրա կենդանի ձայնը, սակայն բազմաթիվ ձայնագրություններ եմ ունկնդրել և զարմացել: Մի՞թե բնությունը կարող էր ստեղծել տղամարդկային նման գեղեցիկ ձայն: Ձայնն ու արտաքինը ներդաշնակված էին` երկուսն էլ գեղեցիկ,- իր հիացմունքն արտահայտեց Լիսիցյանին նվիրված երեկոյի երաժշտական ղեկավար, միջազգային մրցույթների դափնեկիր, դաշնակահար Լևոն Ջիլավյանը: Պավել Լիսիցյանին բնորոշ էին ինչպես նուրբ քնարականությունը, այնպես էլ շեշտված դրամատիկականությունը, յուրատեսակ հերոսականությունը: Այս առումով նրա Արշակ Երկրորդը մնաց անկրկնելի ու եզակի: Արտիստը մի մեծ երաժշտական ընտանիքի հայր էր: Նրա զավակները` Ռուբենը, Ռուզաննան և Կարինեն, ստեղծել էին իրենց եռյակը, որի համերգներին երբեմն մասնակցում էր նաև աշխարհահռչակ երգիչը: Նրանց հարկի տակ մշտապես հնչում էր երգը, այդ յուրատիպ երաժշտական երեկոներին մասնակցում էր նաև Լիսիցյանի կնոջ քույրը` հռչակավոր երգչուհի Զարուհի Դոլուխանյանը: Պավել Լիսիցյանը վախճանվեց 2004 թվականին, 93 տարեկան հասակում: