ԱՐԴՅՈ՞Ք ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿ


Ադրբեջանը դարձավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ: Ալիևյան իշխանությունը, այդ իշխանությանը լծված լրատվամիջոցները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամ դառնալու փաստը ներկայացնում են որպես մե˜ծ հաջողություն, Ադրբեջանի դիվանագիտական կշռի մեծացում, մինչդեռ այստեղ մենք գործ ունենք մտացածին քարոզչության հետ, որը փուչիկի նման մի օր պայթելու է: ՈՐՔԱՆ էլ այս օրերին մեր մի շարք քաղաքական գործիչներ, դիվանագիտական գերատեսչության նախկին ղեկավարներ աղմուկ բարձրացնեն և հայտարարեն, թե Հայաստանը պարտվեց դիվանագիտական պատերազմում, իսկ Ադրբեջանը ձեռք է բերում միջազգային «դիվիդենտներ», միևնույն է, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի` Ադրբեջանի ոչ մշտական անդամ դառնալու փաստը Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման վրա չի կարող որևէ լուրջ ազդեցություն ունենալ: Ինչո՞ւ: Թեկուզ այն պարզ պատճառով, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, և նրանց կարծիքը համահունչ է Հայաստանի դիրքորոշման հետ: Նման եզրակացության հանգելու բազմաթիվ իրատեսական հիմքեր ունենք: Դրանցից առաջինը Երևանում Ֆրանսիայի նախագահ Սարկոզիի, երկրորդը` Ռուսաստանի նախագահ Մեդվեդևի հայտարարություններն են առ այն, որ Ղարաբաղյան խնդիրն ունի միայն քաղաքական լուծում, հետևաբար զինված ագրեսիան անթույլատրելի է: Ու որքան էլ առաջիկայում Ադրբեջանը փորձի իր զբաղեցրած դիրքից վայնասուն բարձրացնել Ղարաբաղի հարցում, իսկ Թուրքիան էլ պնդի, թե մինչև արյան վերջին կաթիլը պայքարելու է Ադրբեջանի տարածքային ամբողջականության համար, միևնույն է, վիճակն արդեն նետված է. համանախագահող երկրներն արել են իրենց գլխավոր հայտարարությունները, որոնք երբևէ չեն կարող փոփոխության ենթարկվել: Սակայն մեր քննարկման նյութը բնավ էլ սպասվող շահարկումները չեն, այլ` ՄԱԿ-ի ընտրությունը: Միավորված ազգերի կազմակերպությունը հերթական անգամ իր այս ընտրությամբ ապացուցեց, որ վաղուց վերածվել է մեռելածին մի մարմնի, որը լոկ ձևական դեր է կատարում` շատ հաճախ ընդդիմանալով իր իսկ սեփական սկզբունքներին: Նախ հիշենք, թե հատկապես ո՞ր երկրներն են քվեարկել Ադրբեջանի օգտին: Հիշատակության են արժանի Պակիստանը, Գվատեմալան, Մարոկկոն, Տոգոն, ինչպես նաև Թուրքիան, Եգիպտոսը, արաբական աշխարհի այլ պետություններ: Նշանակում է` բոլոր նրանք, որոնք կամ ներկայացնում են իսլամիզմը, կամ էլ հանդիսանում են «երրորդ աշխարհի» ներկայացուցիչներ: Ոչ մշտական անդամ դառնալու կարևոր պայմաններից մեկն է դիտարկվում մասնակցությունը միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Ստացվում է, որ Ադրբեջանը համապատասխանո՞ւմ է այս պահանջներին և մասնակի՞ց է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը: Զավեշտն այստեղ է: Այստեղ է, որ ՄԱԿ-ն ապացուցում է իր հեռացումը բարձր չափանիշներից և արժեքներից: ՄԱԿ-ի ամբիոնից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը ներկայացրեց այն հայատյացությունը, որն Ադրբեջանի համար պետական քաղաքականություն է դարձել, խոսեց շրջափակման, հրադադարի օրենքները խախտելու մասին, իսկ համանախագահներն էլ արդեն քանիցս օգտագործում են ագրեսիա արտահայտությունը` այդպես բնութագրելով Ադրբեջանի պահվածքը Ղարաբաղի հանդեպ: Եվ այսքանից հետո հենց այս երկիրն է համարվում ՄԱԿ-ի սկզբունքներին համապատասխան և դառնում ոչ մշտական անդամ: Անշուշտ, չափազանց տարօրինակ էր, որ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը ողջունելով Ադրբեջանի «դիվանագիտական հաղթանակը»` նախագահ Սերժ Սարգսյանի պետական այցի օրերին հայտարարեց, որ ոչ մշտական անդամ են դառնում շնորհիվ «միջազգային հարցերում նրանց ակտիվ դիրքորոշման ու ՄԱԿ-ի անդամ երկրներում բարձր հեղինակության»: Ադրբեջանին ԱԽ ոչ մշտական անդամ դարձնելու և նրա կողքին էլ միջազգային ահաբեկչության հայրենիքներից մեկը համարվող Պակիստան բազմեցնելու ՄԱԿ-ի որոշումն արդեն խոսուն վկայությունն է այն իրողության, որ խախտվել են բոլոր արժեհամակարգերը, ձևախեղվել են բոլոր սկզբունքները: Հենց այս հանգամանքն էլ հեղինակազրկում է ՄԱԿ-ին և առաջադեմ Եվրոպային պարտադրում` հետայսու լինել առավել հարձակողական ՄԱԿ-ի հանդեպ և ամեն ինչ անել, որպեսզի միջազգային այս կառույցը վերադառնա իր կողմից որդեգրած սկզբունքներին: Իսկ արդյո՞ք հայկական դիվանագիտությունը պարտություն է կրել Ադրբեջանի թվացյալ հաղթանակով: Այստեղ պետք է շրջահայաց և իրատես լինել ու քննարկել ամեն մի իրողություն: Իհարկե, մեր դիվանագիտության համար բավական դժվարին ժամանակներ են սկսվում, քանի որ ՄԱԿ-ի ամբիոնը հետայսու Ադրբեջանը կարող է օգտագործել իր նախագծերի առաջադրումների համար` համոզված, որ ունի համախոհներ և կողմնակիցներ: Իսկ այդ կողմնակիցների թիվը բավարար է` ցանկացած որոշման ընդունման համար: Սա մտահոգող է: Հայկական դիվանագիտությունը պետք է դեն նետի պատրանքներն ու գործի չափազանց համարձակ` հաղթահարելով երբեմն նկատելի դարձող դիլետանտիզմն ու վախվորածությունը: Հենց սա է լինելու մեր խնդիրը, որպեսզի առաջիկա երկու տարում, երբ Ադրբեջանը տեղ կզբաղեցնի Անվտանգության խորհրդում` մենք չկանգնենք ճակատագրական վիճակների առջև:

Լևոն ՄՈՒԹԱՖՅԱՆ