ԼՍՈ՞ՒՄ ԵՔ, ՄԱՆՐ ՈՒ ՄԻՋԻՆՆԵՐ


Ցանկացած ժամանցավայր, լավ խանութ, հյուրանոց կամ բանկ մտնելիս` մեր ինքնասիրությունը շոյվում է, երբ պատրաստակամորեն հետաքրքրվում են, թե ինչ ենք ուզում, սիրալիր հուշում են` ինչ ընտրություն կատարել: Նրանք գիտակցում են, որ իրենց վճարելու ենք ու վանող պահվածքի դեպքում իրենք վճարող կկորցնեն: Բայց մենք վճարում ենք նաև պետական ծառայողներին, մանր ու մեծ պաշտոնյաներին: Հետո ինչ, որ` ոչ կանխիկ: Պետբյուջեին կատարվող մեր հատկացումներով են նրանց աշխատավարձ, գործուղման ծախսեր, հարմարավետ աշխատասենյակներ, ծառայողական մեքենաներ տրամադրվում: Սակայն նրանք դա չգիտե՞ն, թե՞ մտածելու «ժամանակ չունեն» կամ ազնիվ չեն այնքան` գոնե ինքնախոստովանելու, որ անպաշտոն, մի կերպ աշխատանք գտած ու դժվարին պայմաններում աշխատող անպաշտոնների հաշվին են իրենք վայելում: Էն էլ ո˜նց են վայելում` քիթ ու գլուխ վեր ցցած, իրենց դիմողներին չնկատելով: Նրանք միայն իրենց վերադասին են նշմարում և որքան ավելի շատ են նսեմանում իրենց շեֆերի առաջ, այնքան ավելի բիրտ մեթոդներով են փորձում «խոնարհեցնել» անպաշտոն դիմողներին` նրանց որպես խնդրատու դիտելով: Ո՞վ ու ինչ լեզվով պետք է այդպիսիներին բացատրի, որ իրենք ըն¬դա¬մե¬նը սպասարկողներ են: Իսկ սպասարկողները «տանել¬բերելու», այսինքն, իր պարտականության կատարումը որպես նվեր մատուցելու իրավունք չունեն: Ասում են` լավ պաշտոնյայի անձը աննկատ պետք է մնա: Այսինքն, նա պտուտակներից մեկն է պետկառավարման հսկա մեքենայի, որի անխափան աշխատանքը պետք է ապահովի` իր պարտականությունները կատարելով: Մեզանում երկրորդ ¬ երրորդ... - տասներորդ «էշելոնային» դիրքատերերի ու «ազգընտիր» երեսփոխանների պարագայում ճիշտ հակառակն է. աննկատ է մնում նրանց գործը: Այլ պետություններում էլ, ինչ խոսք, առկա է «պաշտոնը բարձունք ու արժանիք է, ոչ թե սպասարկում» միտումը: ՌԴ¬ում, օրինակ, Բ. Ելցինը, Վլ. Պուտինը մեծամասշտաբ կրճատումներ են կատարել: Հոգեբանությունը, սակայն, չի փոխվել քանակապես նվազած «պաշտոնադաշտում»: Եվրոպայում ևս հարկատուները պաշտոնյաների մեծ բանակ են կերակրում. յուրաքանչյուր աշխատող, հարկերի տեսքով, տարեկան 100-200 դոլար է մաս հանում պետպաշտոնյաներին: Բայց այնտեղի պաշտոնյաները «մաղարիչների» ակնկալիք չունեն, չեն թերանում իրենց պարտականություններում: Այսուհանդերձ, օրինակ Ն. Սարկոզին խոստացել է նրանց ծախսերին հատկացվող գումարները նվազեցնել ևս 10 %¬ով: Ռուսաստանի եվրոպական մասում փոքր քաղաքներ կան, որոնց բնակչության 80-90 տոկոսը պետական հիմնարկներում է աշխատում, և տեղացիներն էլ առիթը բաց չեն թողնում ասել, որ նրանց աշխատանքը ոչ մեկին պետք չէ: Իսկ Բրազիլիայում, օրինակ, վերջին 7 տարիների ընթացքում բնակչության 17 %¬ը չինովնիկ է դարձել, իսկ պետական ապարատի ծախսերն ավելացել են 54 %¬ով: ԱՄՆ¬ում, ասում են` պետական ամեն ծառայողի տարեկան բաժին է հասնում 56 հազար դոլար. այդ թվում` ամսական միջին հաշվով $ 4 հազարը` որպես աշխատավարձ: Որպես կանոն` որքան աղքատ է երկիրը, այնքան շատ են պետպաշտոնյաները: Ստացվում է` մասնավոր հիմնարկներում գործ չգտնող քաղաքացիների գոնե մի մասին պետությունը փորձում է փրկել սոցանապահովվածությունից և աշխատանք է տալիս պետկառույցներում: Դեմ չենք. ազնիվ մղում է: Բայց երևի նաև նրանց վերահսկողների հաստիքներ էլ են պետք... Հումորը` հումոր, սակայն պետբյուջեից սնվողներին նաև աշխատեցնել է պետք: Թե մեր ազգաբնակչության քանի՞ տոկոսն է պետծառայող` չենք կարևորում: Բայց նրանք գոնե իրենց աշխատավարձերի չափով ծառայեին պետությանն ու սիրեին ժողովրդին: Իմա` իրենց գործը կատարեին այնպես, որպեսզի որևէ մեկի մտքում չխմորվի այն հարցը, թե ո՞ւմ են պետք այսքան ավելորդ աշխատավարձ ստացողները: