Մենամարտ ճակատագրի դեմ


(Սկիզբը` «Ավանգարդի» թիվ 16 -20-ում)

Հաստատ` նրա կյանքում նոր կին է հայտնվել, ու հաստատ այդ նա է Կարենին լարում իմ դեմ, «հոգնած եմ, թող հաց ուտեմ, քնել եմ ուզում, մի խանգարի»… Նունեն առաջին անգամ կյանքում խանդ զգաց, եթե Կարենին իր ձեռքից տանեն, ապա իր այս հարմարավետ կյանքը փուլ կգա: Որոշեց հետևել նրան, ամեն ինչ պարզել:

Հաջորդ օրը տուն եկան Արմենն ու իր կինը. Կարենը չկար: Մի քանի անգամ զանգեցին, բայց Կարենը անհասանելի էր: Փորձեցին զանգել Կարենի գործընկերներին, բայց Նունեն Կարենի գործընկերներից ոչ ոքի չէր ճանաչում: Հրաժեշտի երեկոն չստացվեց: Նունեն չարացած` տեղը չէր գտնում: Երեկոյան ժամը 10-ին Կարենը տուն եկավ, և կինը զայրացած հարցրեց.

- Ո՞ւր էիր:

Կարենը հոգնած ու անտարբեր հարցրեց.

- Ընթրիքը պատրա՞ստ է:

- Ասում եմ` ո՞ւր էիր…

- Ձա´յնդ, դա քեզ չի վերաբերում, մի կտոր հաց ես տալիս, դա էլ ես հարամ անում, չեմ ուզում: Ես այնքան եմ վաստակում, որ կարող եմ ինձ թույլ տալ դրսում ընթրել: Էլ ինձ համար ընթրիք չպատրաստես, ոչ էլ նախաճաշ:

- Կարեն…,- ապշահար արտաբերեց Նունեն:

Նունեին անգամ մի հայացքի չարժանացնելով, Կարենը տնից դուրս եկավ: Երբ տուն վերադարձավ, կեսգիշերն անց էր: Կարենը հարբած էր` հազիվ էր ոտքի վրա կանգնում:

- Կարեն, քեզ հետ ի՞նչ է կատարվում, քեզ առաջին անգամ եմ այս վիճակում տեսնում…- վախվորած ու հնարավորինս մեղմ սկսեց Նունեն:

- Նունե, հիմա խոսելու ուժ չունեմ, չե՞ս տեսնում վիճակս, քնել եմ ուզում:

Հետո հենց հագուստներով փռվեց բազմոցին ու ասաց.

- Մի բան գցիր վրաս, չմրսեմ…

- Կարեն, արի ննջասենյակ…

- Չէ, ննջասենյակ չեմ հասնի, ավելի լավ է` դու ինձ մի բանով ծածկիր,- աչքերը փակելով մրմնջաց Կարենը:

* * *

Նունեն ողջ գիշեր չքնեց, իսկ առավոտյան, երբ Կարենն առանց խոսք ասելու տնից դուրս եկավ, նա ան-նկատ հետևեց նրան: Օրվա կեսն անցկացրեց նրա աշխատավայրի դիմաց: Կեսօրին Կարենն աշխատավայրից դուրս եկավ, Նունեն գաղտնի գնաց նրա ետևից: Տեսավ, թե ինչպես մարզադահլիճ մտավ, տեսավ Կարենին մարզվելիս: Ցնցվեց. Կարենի աչքերը ատելությունից այրվում էին, հայացքն այնքան կատաղի էր, որ նայելն անգամ սարսափելի էր: Նունեն դուրս եկավ մարզադահլիճից և մոտակայքում գտնվող սրճարանում ընտրեց այնպիսի սեղան, որ մարզադահլիճի մուտքը տեսանելի լիներ: Մոտ երկու ժամ հետո Կարենը դուրս եկավ մարզադահլիճից ու վերադարձավ աշխատանքի: Նունեն, համենայնդեպս, սպասեց մինչև աշխատանքի ավարտը ու տեսավ, որ աշխատանքից հետո էլ Կարենը գնաց մարզվելու: Տուն վերադարձավ սառած ու շփոթահար.

- Ուրեմն այլ կին չկա, ես իզուր էի անհանգստանում: Փաստորեն նա ընդամենը մարզվում է, բայց ինչո՞ւ, ինչի՞ն է պետք, ի՞նչ է ցանկանում ապացուցել,- շփոթված մտածում էր Նունեն:

Նա այդ օրն ավելի խնամքով ընթրիք պատրաստեց. դեռ երբեք Կարենի համար այդպիսի ջանասիրությամբ ոչինչ չէր արել: Համատեղ անցկացրած տարիների ընթացքում, թերևս առաջին անգամ անհամբերությամբ սպասում էր ամուսնու վերադարձին: Կարենը տուն եկավ 10-ից հետո, Նունեն ժպիտը դեմքին ընդառաջ գնաց.

- Ընթրիքը պատրաստ է:

- Ես արդեն ընթրել եմ, հոգնած եմ, հիմա միայն քնել եմ ուզում:

- Կարեն, Արմենի ինքնաթիռը…

- Նունե, ես արդեն ասել եմ, ճանապարհելու չեմ գնալու…

- Բայց…

- Վե´րջ, խոսել չեմ ուզում, հանգիստ թող ինձ,- գրգռված և բարձր պատասխանեց Կարենը:

Նունեն վիրավորված լռեց, իսկ Կարենը մտավ ննջասենյակ` հետևից փակելով դուռը: Առավոտյան, երբ Կարենն արթնացել ու սափրվել էր, Նունեն հարցրեց.

- Նախաճաշը պատրաստ է, դնե՞մ սեղանին:

- Ես քեզ ասել եմ, որ այլևս տանը չեմ նախաճաշելու ու ընթրելու…

Տքնաջան մարզումների երրորդ ամսին, երեկոյան մարզումներից հետո, Կարենը մոտեցավ մարզչին ու ասաց.

- Աշոտ, մի խնդրանք ունեմ: Ուզում եմ մի գաղտնիք բացել: Ես մարզվում էի մարտեր առանց կանոների մրցաշարին մասնակցելու համար, հիմա կցանկանայի մրցել քեզ հետ ու քո կարծիքն իմանալ` պատրա՞ստ եմ այդպիսի մրցաշարի:

Աշոտն ապշահար նրան նայեց.

- Ձեր ինչի՞ն է պետք դա:

- Դե ամեն մեկը յուրովի է խելագարվում, իմն էլ դա է: Կօգնե՞ք ինձ այդ հարցում:

- Ես մարտարվեստի մասնագետ չեմ, բայց մասնագետ ընկեր ունեմ, նա կկարողանա օգնել:

Մի քանի օրից, երեկոյան մարզումներից հետո, Կարենը մեկնեց նոր մարզիչի` Տիգրանի մոտ:

Կարենը մտավ ռինգ ու հարձակվեց: 

Թորգոմ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ