Բանաստեղծի ներկապնակը


Տակավին 1989 թ.-նն էր, երբ տողերիս հեղինակին, լրագրողական աշխատանքիս բերումով, առիթ ստեղծվեց ծանոթանալու, այնուհետև մամուլում ներկայացնելու այն ժամանակ բոլորովին անհայտ, բայց խորն ու հախուռն մի բանաստեղծի` Կարո ԱՌԱՔԵԼՅԱՆ անուն-ազգանունով:

Մեր ապրած օրերի հևքն էր առաջին անգամ ընթերցողին ներկայացված շարքում` արցախյան ազատամարտ, գնդակի իրեղեն համբույրից նահատակ ազգընտիր հայորդիներ, նոր-նոր վտակվող արտագաղթ, անլույս ու դաժան մաքառումի օրեր, մաքառում, որին շատերը չդիմացան` լքելով հայրենիքը ծանր ու «փոթորկուն օրերին»: Բանաստեղծի շեշտակի խոսքը նրանց էր ուղղված, ովքեր իրենց կյանքի մայրամուտին հայրենի հողին խառնվել են տենչալու.

Թե որ վերջին հանգրվանով

Մայր հողի մեջ հանգչել տենչաս`

Լինենք շիտակ` դու քեզանով

Լոկ ծանրություն, բե˜ռ պիտի գաս…

Ինքը` բանաստեղծը ևս, լինելով ազատամարտի առաջին շարքերում, ժամանակ անց խորազնին հայացք էր նետելու համազգային սքանչելի զարթոնքից հետո անսպասելի արագությամբ «ծաղկող»-խեղաթյուրվող իրողություններին, ուր «որոնումն է դառնում անարդյունք, իսկ հուսալքման հողը` պտղավոր»: Եվ դառնագին մտորումները մղում են ճշմարտախոս եզրահանգումների.

Երբ խև ու տհասն է ելնում վեր`

Նրա հովանու անսանձ կամքն է խոսում,

Երբ գիտեն, որ արարքն անպատժելի է`

Ավելի են գործում տմարդի,

Երբ շա´հն է վարում դատի ընթացքը`

Վա˜յ անմեղ, գործից անտեղյակ զոհին…

Բաբախուն ու տաք է Կարո Առաքելյան բանաստեղծի ստեղծագործական զարկերակը, փիլիսոփայական ընդհանրացումները` խորիմաստ ու անհերքելի.

Երբ հայրենին է վտանգի շեմին`

Գրիչը զենք չէ, թուղթն էլ` մարտադաշտ...

Այսուհանդերձ, կոչումով մտավորականն անզոր է խուսանավելու-խուսափելու կենսադաշտում իրեն վերապահված կռվից, չհնչեցնելու ինքնակեղեքումից արձագանք վող հարցադրումները, որոնք սոսկ եսական հնչողության չեն միտված.

Օտարահալած հոգիդ ամեն տեղ

Նորից ու դարձյալ հալածման մեջ է,

Անձդ` կասկածի ճիրանների մեջ...

Ես չգիտեմ` մեր բանաստեղծներից որի՞ հոգում ինչպիսի ողբերգությամբ արձագանքեց հայոց խորհրդարանում կատարված ազգադավ ոճրագործությունը, բայց քաջատեղյակ եմ մեր հեղինակի ամբողջական գրքին, որը խոցված սրտի ցավատանջ ճիչ է, արձակ և չափածո մորմոք-հեծեծումների, զայրույթ-բողոքի, ինքնադատափետման, դահիճների հանդեպ ոխակալ ցասման ու հատուցում տենչացող ազնվարյուն ՀԱՅԻ ձեռամբ ու արյունով գրված մի դատաստանագիրք.

Հայոց օրն այսօր արյամբ է մթնել,

Հայոց օրվա մեջ

Անկենդան հո˜ւյսն է զոհասեղանին...

Չմանրամասնենք: Բայց «Մենախոսություն» ժողովածուն առավելապես գալիք ժամանակների, ավելի շուտ` արդարամիտ դատաստանի օրվա համար է, որը, չենք տարակուսում, գալու է վաղ թե ուշ:

Նշեցի բանաստեղծի բազմալար քնարի մասին, որի ամենահնչեղներից է նրա սիրերգությունը: Սերը բանաստեղծի համար կենսապայման է, ապրել-արարելու խթանիչ ուժ.

Քեզ հետ այս ի՞նչ արեցինք.-

Հրդեհեցինք մի աշխարհ,

Ավերեցինք մի շեն տուն,

Ցուրտ ձմռան մեջ դողահար

Մենք մի որբ սեր թողեցինք...

Կարո Արաքելյանի քնարական հերոսուհին, որին իր սիրո պալատը դարձի է կանչում, աստվածային է, իր զոհողություններին, անգամ զոհաբերումին արժանի.

Ես քեզ չեմ դատում,

Այլ` պատժում եմ ինձ,

Կամքդ չեմ բանտում,

Հալածում եմ ինձ...

«Կարոտի հրդեհից մրսող» բանաստեղծի սիրտը մշտապես բուրվառող սիրո խնկաման է հիշեցնում, արբշիռությամբ բուրող խնկաման, որի ծնունդ են նրա քնարաշունչ հատորյակները, այո, հատորյակները` առլեցուն մաքրամաքուր զգացմունքներով, կորսված սիրո տվայտումներով, սիրո էակի հանդեպ ասպետական խնկարկումներով, հայուհուն պաշտամունքի հասցնող արժանապատիվ խոնարհությամբ: Արժի հիշատակել այդ հատորյակները` «Սերը անուն չունի», «Հայուհուն», «…Եվ հմայված լինելը սահմաններ չճանաչեց»: Մանավանդ վերջինը, որը կնոջ անմեկնելի, կախարդող հմայքից «ցնցված», բայց անպատասխան սիրո երգամատյան է, առանձնանում է զգացմուն քային շիկացածությամբ, խորքով, տառապանքի խտացման ելևէջումներով:

Հարկ է նշել, որ Կարո Առաքելյանը նաև էպիկական շնչառությամբ օժտված բանաստեղծ է: Ասվածն են վկայում նրա «Ճգնավորը», «Տիրան-Նեհմե», «Արարման խորհուրդը» ծավալուն պոեմները` ընդգծված կերպարներով, սյուժետային հստակ ընթացքով… լուծումներով:

Գունեղ ու ինքնատիպ է բանաստեղծի լեզվամտածողությունը, նրա ձեռագիրը անշփոթելի է, ինքնարտահայտման եղանակները` գտնված: Նա բանաստեղծ է ի սկզբանե, բայց, չգիտես ինչու, (թերևս առանց բացել-թերթելու նրա մեկ տասնյակից ավելի գրքերից գոնե մեկ-երկուսը) Հայաստանի գրողների միության անդամ չէ` մերժել են կրկնակի: Եվ սա այն դեպքում, երբ մեր նույն միության մեջ են որքա˜ն ուզես թոթովախոս գրամոլներ, մեկ-երկու լղարիկ, ոչինչ չասող գրքույկների հեղինակներ, չգիտես ինչ ծագման թուղթ մրոտողներ…

Թեև, գրողների միության անդամ լինելով չէ, որ որևէ մեկը դառնում է գրող:

Կարո Առաքելյանը շռայլորեն օժտված գրող է և շատ ավելի բարձր բանաստեղծ, քան մեր օրերում անուն հանած շատ ու շատ այդպիսիներ… 

Հակոբ ՍՐԱՊՅԱՆ