Գաղտնիք բացող պատուհաններ 


Ստեղծագործողներ կան, որոնց անուններն արվեստի պատմությունը հիշում և հիշելու է առանձնահատուկ սիրով ու ջերմությամբ: Նրանք ի վերուստ արվեստին կոչված ու արվեստին նվիրաբերված անհատներ են, որոնք իրենց մեջ կրում են աշխարհի և մարդկանց միջև ստեղծած հոգևոր կապի տեսանելի և անտեսանելի կամուրջներ: Այդպիսի գեղանկարիչ է Վարոս Շահմուրադյանը: Նա աշխարհ էր եկել արարչական խորհրդով, ցավոք, նրա կյանքն ընդհատվեց ողբերգականորեն: Կարճ ժամանակ էր տրված ապրելու, ընդամենը 37 տարի. կարճ, բայց վառ ստեղծագործական կյանք, որում հստակ հաստատեց իր ստեղծագործական «Ես»-ը:

- Շատ եմ սիրում իմ ներկապնակը,- խոստովանել է նա,- իմ ներկերը, վրձինները: Երբ ձեռքս եմ վերցնում վրձինը, անցկացնում որևէ ներկով, մեծ հաճույք եմ ստանում, դա մի այլ զգացողություն է, մագնիտիզմ:

Հարուստ ներաշխարհով, բարձր ինտելեկտով, նրբագեղ նկարիչ է Վ. Շահմուրադյանը. նրա արվեստը ստեղծում է մի միջավայր, որտեղ իշխում են մարդու խոհերն ու հույզեր` իրենց ներքին խորությամբ և բովանդակությամբ: Ստեղծագործական վաղ շրջանում ստեղծում է այնպիսի աշխատանքներ, որոնք առանձնանում են հոգեբանական, գունապլաստիկական և անմիջական ընկալման գրավչությամբ: Աշխատանքներին տագնապի և անհանգստության զգացում են հաղորդում ռելիեֆային հարուստ ֆակտուրայով շերտերը, սև շտրիխների օգտագործումը, չոր, գունային բծերը, ներքին քաոսը: Ուրվագծվում են կյանքի խոհաքնարական, աշխարհի փիլիսոփայական, գրական ընկալումները:

Վ. Շահմուրադյանի աշխատանքներն աչքի են ընկնում գույնի, գծի բարձր կուլտուրայով, արտիստիզմով, ինչպես նաև նկարակառուցման բարձր վարպետությամբ:

Ոճական հնարքների շնորհիվ նկարիչը ստեղծում է յուրատիպ երկխոսություն հանդիսականի հետ: Իրար հաջորդող պլանները, հուզական բովանդակությունը, ռիթմերի համակցությունը նրա շատ աշխատանքներին հաղորդում են խորը զգացմունքայնություն և երաժշտականություն: Փնտրտուքի նոր ճանապարհին ստեղծվում է «Պատուհան»-ի թեման` մի նոր աշխարհ բացելու, հոգեկան նոր վիճակներ արտահայտելու ներքին մղումով, որը դառնում է անչափ հոգեհարազատ և մեծ ազդեցություն է գործում նկարչի ներաշխարհի վրա: «Պատուհան» (1970 թ.) կտավում նկարակառուցումը այնպես է արված, որ առջևի պլանը ներփակված յուրատեսակ կոմպոզիցիոն բեմահարթակ է հիշեցնում. կիսաբաց ծանր վարագույրը, պատուհանի գոգին դրված ծաղկամանը` դեպի դուրս թեքված չոր ծաղիկներով. հետևում կապտավուն գուներանգով տեղանքն է, կարծես անշարժացած` գիշերվա խորհրդավոր լռության և անհայտության մեջ: Այստեղ թախիծ կա, հուսալքություն, ափսոսանք, մենության ահազանգ: «Սենեժում» (1972թ.) նկարում հեղինակը փորձում է կապ ստեղծել տարածական ինտերիերի և նրանով բացվող բնապատկերի միջև, գտնել դրանց ներքին կապը: Դիտողի առջև մի նոր աշխարհ է բացվում, մի նոր հոգեվիճակ` առավել հարուստ, բազմանշանակ, պատրանք ստեղծող: «Պատուհան»-ի թեման կարծես յուրօրինակ կապ է աշխարհի և մարդկանց միջև: Պատուհանից ընկնող լույսը մեկ թափանցում է առարկաների ծավալների խորքը («Նկարչի արվեստանոցում»), մեկ ներթափանցում զանգեզուրյան գիշերվա մոգական կապույտից («Զանգեզուր»): Վ. Շահմուրադյանը կատարելության հասցրեց ոճական սկզբունքը. կուբիզմի հնարամիջոցներով նոր գեղանկարչական խնդիրներ լուծեց, վարպետորեն ներմուծեց դեկորատիվ ռիթմախաղերի սկզբունքը:

Կնոջ թեման մեծ տեղ է զբաղեցնում նրա արվեստում: Կինը մերթ դառնում է թափանցիկ բազմերանգ թիթեռ («Թիթեռ»), մերթ տարվա եղանակների խորհրդանիշներով այլակերպված սոնատ («Սոնատ Գարուն-աշուն»): Նա կնոջը պատկերում է այնպես, որ զգում ես տրամադրության տարբեր երանգները, ցանկությունները, մտքերը: Առաջին տպավորությունը և առաջին զգացումները հասցնում է որոշակի սահմանի` մինչև վերջ չբացահայտելով կերպարի գաղտնիքը. դա թողնում է հանդիսականի կռահմանը: «Թիթեռ 70 թ.» աշխատանքը իր նուրբ լիրիկական տրամադրությամբ և խորը փիլիսոփայությամբ ամենա-զգացական կտավներից է : Շքեղ թիթեռի անհույս ճիգերը դեպի պատուհանից ներթափանցող լույսը, որպես կոչ են ընկալվում` վստահել զգացմունքների պոռթկմանը: Տարածականության մեջ անհայտությունից հայտնված աղջկա կերպարը թեթև տեսիլք է հիշեցնում: Այստեղ կապույտի ներդաշնակ տոների, թափանցիկ բաց վարդագույնի և շագանակագույնի համադրությունը մեծ գրավչություն է ստեղծում: Աշխատանքն առանձնանում է խորը քնարականությամբ և անկեղծությամբ: Թեթև, մի շնչով և նրբագեղությամբ է կատարված «Սոնատ Գարուն-աշուն» կտավը: Այստեղ կերպարների պատկերավորումը պայմանական է. երկու ուրվական հիշեցնող կանայք մարմնավորում են գարուն և աշուն. նրանց միջև առեղծվածային գործողությունը, կախարդանքն ու հմայքը. նրանք զգացմունքայնորեն ընկալվում են որպես երաժշտություն: Հանդիսականի առջև ծավալվում է մի արարողություն, որը խորհրդանշում է իրար հաջորդող ժամանակի ընթացքը: Իսկ «Շշերով նատյուրմորտ», «Երազ» կոմպոզիցիաների էլեմենտների համադրությունը կտավին հաղորդում են բարդ փոխհարաբերութ յունների իմաստ: Բացված վարագույրները դիտողի առջև բացում են տարածականություն` կարծես ձուլվելով ինտերիերին: Իրական, պարզ թվացող առարկաների խորքում թաքնված է նրանց խորը իմաստը:

Վ. Շահմուրադյանը ոգեշնչում է իր պատկերած ամեն ինչը. բույսերը, առարկաները, նույնիսկ բնության տարերքները: Նա ձգտում է գերխնդրի լուծմանը` ճշմարտացիության պատրանքը հակադրելով զգացմունքների դրամատուրգիային: Հաղորդակցվելով նրա որոշ աշխատանքներին` կարծես մասնակից ես դառնում անավարտ մի պատմության և ակամա մտովի ներխուժում կտավի խորքը: «Գիշերային տեսարան 70 թ.» կտավի ամբողջ մակերեսը պատված է լուսնի խորհրդավոր լույսով. թեքված, կարծես պարի բռնված ծառի բները, տերևները, նույնիսկ դեպի անհայտություն տանող աստիճանները ձգվում են դեպի բաց երկնագույն կախարդական լուսինը: Այս կտավը աչքի է ընկնում անթաքույց ռոմանտիզմով, հոգևոր ազատության և հավերժության հասնող բովանդակությամբ:

Պետք է նշել Վ. Շահմուրադյանի գրաֆիկական աշխատանքների շարքը, ինչպես նաև Շառլ Բոդլերի «Չարի ծաղիկները» գրքի նկարազարդումները, որոնք այնքան տիպական են բոդլերյան պոեզիային: Բանաստեղծ, ով ֆրանսիական քնարերգության մեջ մեծագույն նորարար էր. ինքնատիպ ու շքեղ բանաստեղծություններով փորձում էր բացահայտել ժամանակակից կյանքի և մարդու ներաշխարհը, չարն ու բարին, որոնք դարձան բոլոր ժամանակների և սերունդների հավերժական ուղեկիցը:

Վ.Շահմուրադյանը գեղանկարչորեն էր ընկալում աշխարհը, ձգտում էր պատկերել ոչ թե իրական կյանքը, այլ կյանքին զուգահեռ մի այլ իրականություն` ավելի ոգեղեն: Նրա աշխատանքները հստակ ուրվագծեցին տաղանդավոր վարպետի ստեղծագործական ուղին: Այն, ինչը կարողացավ արտահայտել իր արվեստով, թույլ է տալիս ընդունել այս տողերը` որպես իր կողմից բացահայտած ճշմարտություն. «Ո՞րն է արվեստի բուն էությունը,- Ոգու մեծության և Գեղեցիկի հարատևության»:

Ողբերգական մահը ընդհատեց նրա կյանքը, որը լի էր լավատեսությամբ, լուսավոր ձգտումներով, ավելի մեծ բար-ձունքներ նվաճելու տենչով: Նա ապրեց հարատևման ոգու խորհուրդը`որպես ճշմարիտ արվեստագետ: 

Ժաննա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ