ԹԱՆՁՐԱՑՈՂ ԳՈՒՅՆԵՐ 

ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԱՇՈՒՆ

Խաչատրյանական «Հանդիսավոր պոեմով» մեկնարկեց Արամ Խաչատրյանի անվան 3-րդ միջազգային փառատոնը: Մեծահամբավ կոմպոզիտորի «Կյանքիս մեծագույն սերը, Հայրենիք» ասույթը հռչակելով որպես կարգախոս` կազմակերպիչները հստակ ձևաչափով (ամեն չորեքշաբթի` կամերային, ամեն շաբաթ օր` սիմֆոնիկ համերգներ) մայրաքաղաքային արվեստասեր հանրությանն առաջարկում են երաժշտական երկու հագեցած ամիսներ` հոկտեմբերի 3-ից դեկտեմբերի 5-ը ներառյալ: Հատկանշական է, որ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի (ՀՊԵՆ ) նախաձեռնած այս երաժշտահանդեսի համերգներից յուրաքանչյուրը յուրատիպ ձոն է հայ և այլազգի հայտնի երաժիշտներին, ավագների հոբելյանների երախտագետ նշանավորում նոր սերնդի հասունացող կատարողական ներուժով:

-Խաչատրյանի անունն օգնում է, որ աշխարհում հպարտորեն ասենք, որ մենք ունենք արվեստ, ունենք հերոսներ, ովքեր մշակույթ են փոխել ոչ միայն Հայաստանում, այլև համայն աշխարհում, - փառատոնի առաջին ակորդներից առաջ հպարտությամբ ազդարարում է ՀՊԵՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը: - Արամ Խաչատրյանը համամարդկային արժեք է: Նվագախմբի համար մեծ ձեռքբերում է այն, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության և «Աջակցություն դասական երաժշտությանը» ՀԿ-ի աջակցությամբ փառատոնի շրջանակներում բազմաթիվ հայտնի երաժիշտներ կհյուրընկալվեն Երևանում:

ՀՊԵՆ գերլարված համերգային գործունեությանը ամենայն բարյացակամությամբ հետևող երաժշտագետները կիսաձայն լրացնում են երիտասարդ դիրիժորի միտքը.

- Նվագախմբի համար մեծ ձեռքբերում է նաև, որ իր կատարողական վարպետությունը բյուրեղացնելու ևս մեկ բացառիկ հնարավորություն է ստանում տևականորեն համագործակցելով ջութակահարներ Չադ Հուփսի (ԱՄՆ), Ալեքսանդրա Սոում (Ֆրանսիա) և Զոհրաբ Թադևոսյանի (Իսպանիա), դաշնակահարներ Ալեքսանդր Ռոմանովսկու (Իտալիա/Ուկրաինա) և Աննա Վինիցկայայի (ՌԴ), շեփորահար Սերգեյ Նակարյակովի (Իսրայել/ՌԴ) և մի շարք ուրիշ ճանաչված երաժիշտների հետ: Եվ, որ պակաս կարևոր չէ` կայացման ճանապարհ անցնող երիտասարդ երաժշտախմբի համար, ինքնաբերաբար նորանոր մեկնաբանությունների համահեղինակ է դառնում հյուրեկ դիրիժորներ Ջանլուկա Մարչիանոյի (Իտալիա), Վահագն Պապյանի (Իսրայել) և Միրան Վոպոտիչի (Խորվաթիա) առաջնորդությամբ: Ճիշտ և ճիշտ նույն նպատակասլացությամբ, ինչպես Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկը: Չէ՞ որ Էդուարդ Թոփչյանի և Ալեքսանդր Չաուշյանի համախոհությամբ ամենամյա երաժշտական հրավառություն դարձած Երևանյան Միջազգային փառատոնն էլ նույն հավատամքով է կյանքի կոչվում: Եվ միմիայն փառատոնային դրամագլխի անհամեմատելի համեստությամբ է զիջում խաչատրյանակա նին: Արվեստասեր հանրության համար, այդուհանդերձ, էականը այս երկուսի մատուցած բարձր արվեստի հետ կենդանի հաղորդակցության հնարավորության վայելքն է:

Նրանք, ովքեր անմիջականորեն հաղորդակցվեցին դիրիժոր Դավիթ Խանջյանի ծննդյան 75-ամյակը նշանավորող առաջին համերգին Գասպար Կասադոյի թավջութակի համար գրված սյուիտի Սուրեն Բագրատունու (ԱՄՆ) վիրտուոզ մենանվագին, որևէ կասկած չունեին, որ նրա և դիրիժոր Հիրոֆումի Յոշիդայի (Ճապոնիա) բեմական հանդիպումը տպավորիչ է լինելու: Տաղանդավոր թավջութակահարի և նրա սան Հակոբ Աթյանի զուգանվագի ներգործությամբ վստահ էին, որ փորձառու ճապոնացու հետ փոխըմբռնումը դյուրությամբ կկայանա: Հուսախաբ չեղան: Անտոնին Դվորժակի Թավջութակի կոնցերտի կատարումը բրավոներով ընդունվեց «Արամ Խաչատրյան» համերգասրահում:

- Ես ուրախ եմ գալ այստեղ և ղեկավարել Երիտասարդական նվագախումբը` հանդես գալով Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում, - տպավորությունները չթաքցրեց ճապոնացի դիրիժորը, ով առաջին անգամ էր Երևանում:- Համերգին ներկա էր նաև Ճապոնիայի դեսպանը: Սա նշանակում է, որ այսպիսի միջոցառումներով ճապոնացիներն ավելի լավ կճանաչեն Հայաստանն ու հայերին: Իսկ հանդիսասրահը շատ ջերմ էր: Հայ հանդիսատեսը շատ նման է իտալացիներին:

-Դավիթ Խանջյանն անզուգական երաժիշտ էր, - ակնածանքով դիմում է իր բեմական ակտիվությունից ոգևորված երկրպագուներին ՀՀ ժողովրդական արտիստուհի Սվետլանա Նավասարդյանը, - նորարար թե´ ծրագրային փոփոխությունների, թե´ կոնցեպտուալ հարցերի, թե´ կազմակերպչական առումներով: Նա մեծ ծառայություններ է մատուցել` քրմի նվիրվածությամբ: Դիրիժորական վահանակի հետևում մոլեռանդ արտիստ էր: Ես սակավաթիվ մենակատարներից եմ եղել, որ մշտապես նրա հետ նվագել է, ունեցել եմ այդ երջանկությունը:

Խաչատրյանի անվան փառատոնը «Հույսի երաժշտություն» խորագրով ներառում է երկու համերգային ծրագիր դպրոցականների համար: Չայկովսկու անվան դպրոցի սաներն իրենց հասակակիցների համար կհնչեցնեն հատվածներ Խաչատրյանի «Մանկական ալբոմից»: Ի դեպ, հովանավորների շնորհիվ, 13-17 տարեկան բոլոր պատանիներն ու աղջիկները կկարողանան անվճար ունկնդրել բոլոր համերգները:

Խոսելով թվերի լեզվով` Սերգեյ Սմբատյանը ասաց, որ ծավալուն երաժշտատոնի ընթացքում ծրագրում են ունենալ 19 համերգ, 60 անուն փառատոնային երկացանկում` 6 համաշխարհային պրեմիերա, 154 հյուր, ավելի քան 16000 ունկնդիր և մոտ 140 հազար առցանց դիտումներ:

Ժամանակից փոքր-ինչ առաջ ընկնելով հավելենք նաև, որ արդեն իսկ հանրային լայն արձագանք է գտել ամենաարտասովոր նախագիծը: Փառատոնի փակմանը ՀՊԵՆ-ը Հայաստանի պետական ջազ նվագախմբի հետ համատեղ Արամ Խաչատրյանի ստեղծագործություններն առաջին անգամ կհնչեցնի ջազային գործիքավորմամբ:

Չմոռանանք նշել, որ փառատոնով հետաքրքրվողներին ՀՊԵՆ-ը աննախադեպ հնարավորություն ունի 10 սիմֆոնիկ և 9 կամերային համերգներին հաղորդակից դարձնելու աշխարհի ցանկացած ծայրից` առցանց, SYOA TV-ի միջոցով: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ