ԴԱՐԱՎՈՐ ԼՌՈՒԹՅԱՆ ՁԱՅՆԸ 


ՀՆՄ Նկարչի տան 3 տարաչափ ցուցասրահներում երևակայությանը անօրինակ թռիչք տվող գեղանկարչական աշխարհներ են ակամա խաչվում կերպարվեստասեր այցելուների համար: Վերնահարկում իրենց պատկերացրած Հայաստանն են վառվռուն գույներով, անվարժ վրձնով ու բրիչով ներկայացնում Գասպարյանների 10-ամյա նկարչական ստուդիայի մանուկ և պատանի սաները: Նրանց ներշնչած լավատեսությունդ էապես խամրում է, երբ հաջորդիվ զննում ես վաղամեռիկ Նարեկ Առուշանյանի տրտմաշուք կտավները. ընկճվում է հոգիդ դրանցից հորդող անկումային տրամադրության ներգործությամբ: Մեծ ցուցասրահի շեմքին մի պահ թվում է, թե պատմահնագիտական թանգարան ես ոտք դնում` ծավալուն ցուցանմուշներին հպանցիկ հայացք գցելով: Եվ ինքնակամ դադարում է ընթացքդ Մուշեղ ՄԽԻԹԱՐՅԱՆԻ «Դար ապրած լռությունը» կտավի առջև: Գեղանկարչի Սաթենիկ տատի 100 տարի լռած աշխարհապտույտ գորգի պատառիկը դառնում է ազգային արմատներդ վերստին արժևորելու հենակետ:

- Զարմանալի հայաբույր մթնոլորտ է առկա այս ցուցահանդեսում: Ինչպե՞ս եք կարողացել զերծ մնալ օտարամոլության մերօրյա համաճարակից:

- Ծնվել եմ Երևանում: Տիգրան պապս կնոջ` Սաթենիկի հետ գաղթել է Մուշից, Վահան պապս` սիրելի կնոջ` Սաթենիկի ու զավակների հետ` Կարսից: Թուրքի ոհմակի յաթաղանից մազապուրծ լինելով` ակունքից կտրվել ու հանգրվանել են Երևանում: Իրենց բնօրրանի կարոտը սրտներում ու վերադառնալու հույսով Թումանյան-Նալբանդ յան խաչմերուկում տուն են սարքել: Երեխաներ են ունեցել, հայրենիքից իրենց հետ բերած մշակույթով ու ավանդույթով կրթել: Նոր կյանքով լցված այդ բակում հայրս ու մայրս իրար հետ մեծացել են, ամուսնացել են ու մենք ենք ծնվել:

- Մասնագիտացման ճանապա՞րհը:

- Մանկական ակադեմիա եմ հաճախել 4 տարի: Ինքնատիպ կառույցներ էին դրանք անցյալ դարի 70-ականներին, որտեղ երեխաները գեղագիտական դաստիարա կություն էին ստանում, շնորհները բացահայտում: Մոտ 10 տարի գործեցին Կոմերիտմիության շրջկոմներին առընթեր: Թերլեմեզյանում եմ սովորել: Հենց 70-ականներից էլ փայտի համադրությունը տարբեր նյութերի հետ ինձ համար բնականոն արտահայտման միջոց դարձավ: Ինձ միշտ դուր է եկել նյութից գեղարվեստական արժեք ստանալու պրոցեսը: Ավարտելուց հետո 2 տարի էլ կավագործություն սովորեցի, կավն էլ էի շատ սիրում: Հետագայում ավելի քիչ զբաղվեցի կավով, քանի որ շատ բաներ էին հարկավոր: Բայց ժամանակ առ ժամանակ հիմա էլ գնում եմ ընկերներիս մոտ, կավից ինչ-որ բաներ պատրաստում: Մասնագիտությամբ ես գեղանկարիչ եմ: Հիմնականում ինքնակրթությամբ եմ մասնագիտացել, բնությունից շատ բան եմ քաղել: Մեր հին մշակույթը, երաժշտությունը, գրականությունը ինձ ստեղծագործելու անսպառ նյութ են տալիս: Ինձ համար դրանք մի ամբողջություն են կազմում, մի ակունքից են սկիզբ առնում, զատված չեն իրարից:

- Ձեզ ճանաչում բերած առաջին հաջողությունը:

- Ես չգիտեմ` ճանաչված եմ, թե ոչ: Մրցանակվելու, փառավորվելու համար չէ, որ արվեստագետի տառապանք ու բերկրանք եմ կրում ինքնակամ, կարծում եմ` կոչմանս հավատարիմ: Ինձ արարչական պրոցեսն է հետաքրքիր, մնացածն իմը չէ... Ինքնագովազդի մարմաջով չեմ տառապում:

- Բայց ցուցադրում եք, չէ՞, մարդիկ տպավորվում են, կարծիքներ փոխանակում: Քանի ցուցահանդես եք կազմակերպել` անհատական, խմբային...

- Հարյուրից ավելի ցուցահանդեսներ եմ ունեցել տարբեր երկրներում: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Շվեյցարիայում...

- «Դար ապրած լռությունը» 2015-ի գլխավոր ասելիքին Ձեր խոսքն հավելելու միտումո՞վ եք մտահղացել:

- Ավելի շատ որպես հարգանքի տուրք իմ նախնիներին: Ներկայացրածս 54 աշխատանքների մի մասն եմ միայն այդ թեմայով արել` «Քելե լաո, քելե երթանք մըր էրգիր», «Փշոտ ճանապարհը», «Նեղ դուռը», «Գողտրիկ լույսը», «Մհերի զարթոնքը», «Գաղթը»... Մյուսներն էլ իրենց ասելիքով լրացնում են մեր ազգային պատմական նկարագիրը: Ցուցահանդեսը բաղկացած է 3 մասից` ակունք, փորձություն և վե-րածնունդ: Սկզբում հենց այդ հերթականությամբ ձևավորեցի, բայց գեղագիտության տեսակետից չգոհացրեց ինձ: Գաղափարը մնաց գաղափար...

- Նկատելի է կենսահաստատ լավատեսությունը նաև: Մոխիրներից հառնելու դյուրընկալ խորհուրդն ունեն ծլարձակող խնոցիները: Ձեր ամեն աշխատանք որևէ ասույթով եք ներկայացրել, ավելի ընկալելի՞ դարձնելու համար ստեղծագործության ենթատեքստը: Գուցե հենց ասույթն է Ձեր երևակայությունը խթանել, ուղղորդել, հուշել գաղափարի կերպավորումը:

- Չէ, դրանք առանձին են ծնվել: Հետո ես դրանց հավելման կարիքը զգացի և միտքս ամբողջական դարձնելու համար կոնկրետ աշխատանքին համահունչ ասույթ կցեցի: Դրանք կյանքի իմաստուն գանձարան են ինձ համար եղել և մնում: Ուզում էի, որ ցուցահանդեսում դրանց ներկայությունն անպայման զգալի լինի, հասանելի բոլոր այցելուներին: Դատելով բանավոր և գրավոր բազմաթիվ կարծիքներից` ինձ թվում է, ստացվել է: Ասույթները հազարամյակների բովով, փորձությունով են անցել, հղկվելով, բյուրեղանալով հասել են մեզ: Իմ խորին համոզմամբ, ժողովրդական իմաստության այդ սեղմագրերն արդիական են բոլոր ժամանակների համար: Կարևորը, ինչպես Մեծ Լոռեցին կասեր, աչքի նման պարզ են ու աչքի նման բարդ: Մանուկ հասակում ծիծաղում էինք ասույթների վրա: Տարիքի հետ, երբ սկսեցինք մարսել, զգաստացանք, զարմացանք դրանց պարզ արտահայտչականության վրա: Այս ցուցահանդեսը կազմակերպելիս տարիների իմ հեռվից նպատակ ունեի նաև մատաղ սերնդին փոխանցել դրանց կարևորությունը:

- Ամեն աշխատանք, մանավանդ մետաղի վրա արված դրվագումներն այնքան մտքի կենտրոնացում են պահանջում, որ տևական սևեռման պահանջ են հարուցում հնարավորինս լիարժեք ընկալման, վերծանման, բացահայտման համար: Կարևորը, անջրպետ չկա Ձեր և Ձեր նախնիների միջև, ինչը սովորաբար լինում է: Ժողովրդական մշակույթի հանդեպ ունեցած ակնածանքի մասին են խոսում թոռան կողմից թե պապի աշխատանքային գործիքների, թե տատի կենցաղավարության, թե մոր ասեղնագործության արժևորման մունջ վկայագրերը:

- Պատահում է, որ տարիներ առաջ արված առանձին դետալներ ասելիքիս առումով իրենց իսկական տեղը գտնում են տարիներ հետո: Նկար կա, որ 2 օրում եմ արել, կա որ` 6 ամսում: Բնականոն պիտի լինի նաև ծնունդը նկարիդ: Համբերատար պիտի հասունացնես: Պատահել է, որ տասնյակ տարիներով անավարտ է մնացել սկսածս գործերից մեկը: Ասենք, 13 տարեկանում արված այս խաչը դարձավ 2010-ին կրկին խառը տեխնիկայով մտահղացված «Պտույտն ու ուղին» գործի անկյունաքարը, որն արտահայտում է ամեն մարդու ծնունդով նորից սկսվող երկրային ճանապարհի ընթացքը` գամերով շեշտված կարևոր փուլերով: Ժամանակատար են հատկապես մետաղի դրվագումները, առանձին-առանձին ստեղծված մասերը ըստ ասելիքիս ամբողջացման` մեկտեղվում են, ամփոփվում, մի ընդհանրություն դառնում: Տեսեք, սերնդեսերունդ փոխանցվող իմաստության կարևորումը արծվի կողմից իր ձագին ներարկվող իմաստությամբ, որն արտահայտված է Սիրաքի ամենժամանակյա ասույթով` «Նա, ով չի նորոգում ու բարձրացնում նախնիների առաքինությունը, ամոթ և նախատինք է իր պապերի համար և մի նոր անեծք»: «Ուղղահայաց պարույրը» մարդու զարգացման 7 փուլերն է ներկայացնում` ֆիզիկական մարմնից սկսած մինչև հոգի:

- Ցուցահանդեսը նաև բարեգործական առաքելություն ունի: «Դար ապրած լռություն» եռալեզու շքեղ կատալոգի վաճառքի ամբողջ հասույթը հատկացվելու է ոսկրածուծով հիվանդ երեխաների բժշկմանը: Ի զարմանս ինձ` այցելուներից շատերն էին սիրահոժար տրամադրում 7 հազար դրամ` այն ձեռք բերելու, մշտապես ունենալու համար: Ոմանք նույնիսկ չէին էլ նկատում առաքելությունը մատնանշող ցուցանակը:

-Ոչ թե խոսք, այլ գործ: Առանց բարձրագոչ ճառերի: Ասենք, մտահոգ եմ եղել աշակերտների մեջ եղած սարյանների բացահայտմամբ, նկարչական պարագաներ եմ նվիրել գեղարվեստի որևէ դպրոցի: Ցուցահանդեսներս էլ նրանց համար եմ անում: Արցախյան պատերազմի թեժ օրերին գնացի կամավորական ջոկատներում ընդունվելու, մերժեցին` թնդանոթի միս չենք ուզում: Քանի որ արդեն 2 երեխա ունեի` ժամկետային պարտադիր զինծառայություն չէի անցել: Հանդիպեցի ընկերներիս, ովքեր ռազմական արդյունաբերություն էին այնտեղ հիմնում, գնացի նրանց միացա, մետաղ էի մշակում, 3 տարի աշխատեցի: Բոլոր ճառերը, քարոզները, խրատներն ունայն կլինեն, եթե դրանց հեղինակը կոնկրետ գործով չհաստատի դրանց հավատարմությունը: Ինքս դոնոր եմ: Գիտեմ ինստիտուտի գործունեությունը, նրանց ղեկավարի անբասիր վարքը: Գիտեմ, որ տասնյակ մարդկանց կյանքեր են փրկվել: Գտնվեցին հովանավորներ, տպագրվեց գիրքը հենց այն պայմանով, որ ցուցահանդեսի օրերին վաճառված գրքի ամբողջ հասույթը տրամադրվելու է երեխաներին: Մոսկվայում ցուցահանդես էի կազմակերպել, Ցյուրիխի «Մարտին» պատկերասրահից հրավեր ստացա և բախտավորություն ունեցա 5 տարի պայմանագրով Շվեյցարիայում աշխատել ու ստեղծագործել: Նաև` անհատական բազմաթիվ ցուցադրություններ ունենալ: 2013-ին մեծ անհատական ցուցահանդես կազմակերպեցի Բեյրութում, բավականին աշխատանքներ նաև վաճառեցի և ստացված գումարով կարողացա հիվանդ երեխաներին իմ մասնակի օգնությունը ցուցաբերել այսօր: Շատ երկրներում ցուցադրվել եմ, բայց հնարավորություն չեմ ունեցել անձամբ մասնակցել` օրինակ, Դետրոյտում, ֆրանսիական մի շարք քաղաքներում... Մինչև հիմա սեփական արվեստանոց չունեմ: Բայց որտեղ էլ եղել եմ, հրաշալի արվեստանոցներ են ինձ տրամադրվել` Պետերբուրգում, Մոսկվայում, Երևանում` ընկերոջս ընդարձակ աշխատասենյակում: Աստված իմ առջև մշտապես բացում է փակ թվացող դռները, տալիս է գործելու շռայլ ասպարեզ: 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ