«Ալլահի զինվորները» հանձնվել են Իրանին


Պակիստանի իշխանություններն Իրանին են հանձնել Սունի մահմեդականների «Ջանդոլլահ» խմբավորման 18 ծայրահեղականներին, ովքեր Սարբազում կատարված ահաբեկչության մասնակիցներից են (հաղորդել է ԼՁԸՀ-ՁԸհհ-ը): Այդ կերպ Իսլամաբադը կատարել է հարևանների վերջնագիրը, որով սպառնացել էին` մերժման դեպքում օգտագործել «ահաբեկիչներին հակահարվածելու ցանկացած տարբերակ»: Իրանի հարավում վերջերս տեղի ունեցած պայթյունի արդյունքում զոհվել է 42 մարդ. նրանց թվում և` իսլամական հեղափոխության պահապանների զորամիավորման 15 հրամանատարներ: Ահաբեկիչը ռումբը պայթեցրել է Սիստան-Բելուջիստան գավառում տեղի ունեցող հեղափոխության պահապանների խորհրդակցության ժամանակ (որին մասնակցում էին շիաների և սունիների ներկայացուցիչները): Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ջանդոլլահ» խմբավորումը, որի անունը թարգմանաբար նշանակում է «Ալլահի զինվորներ» կամ «Ալլահի բանակ»: Թեհրանը հայտարարել է, որ այդ գրոհն իրականացվել է Պակիստանի տարածքից` պահանջելով իրեն հանձնել ծայրահեղականների առաջնորդ Աբդուլա Մալեկա Ռիգիին ու նրա հանցակիցներին: Իրանական կողմին հանձնված մարտիկների շարքում է նաև Աբդուլա Ռիգիի եղբայրը, սակայն ահաբեկիչների առաջնորդը շարունակում է թաքնվել Աֆղանստանում: Նրա ղեկավարած խմբավորումը տեղակայված է Իրանին սահմանակից երկրներում և նպատակ է հետապնդում ահաբեկչական մեթոդներով տապալել վարչակարգը: