Քրեականները` շարակարգից դուրս


Դեռևս աշնանային զորակոչի նախօրյակին ՌԴ-ում որոշվել է դատվածություն ունեցողներին չզորակոչել: Հետո հարմար գտան զորակոչել, որովհետև հարուցել էին իրավապահների ու իրավապաշտպանների տարակուսանքը: Գարնանային զորակոչի արդյունքներով` 305 հազար զորակոչվածների կեսը քրեական անցյալ, 100 հազարը` դատվածություն (պայմանական կամ պատժաժամկետը կրած), 70 հազարը` միլբաժիններ բերման ենթարկվածներ: Աշնանային այս զորակոչին հաշվառված, բայց քրեական անցյալ ունեցող 10-12 հազար պատանիներ նորակոչիկներ չդարձան: Օրենքն, իհարկե, չի արգելում նախկին դատապարտյալների ծառայությունը բանակում: Ավելին, Ռուսաստանի գլխավոր զինդատախազ Ս. Ֆրիդինսկին նաև անհանգստութ յուն է արտահայտել, զորակոչային տարիք ունեցողները կարող են այսուհետ միտումնավոր կերպով այնպիսի արարքներ թույլ տալ, որպեսզի միլիցիա տարվեն ու գրանցվեն: - Բավական կլինի մեկ-երկու անգամ միլիցիա ընկնել, որպեսզի ասեն` կարող ես բանակում չծառայել… Իմ կարծիքով` անհանգստություն կա, որ դա կդառնա զինծառայությունից խուսափելու միջոց,- կարծիք է հայտնել դատախազը: «Զինվորների մայրեր» կազմակերպությունն ընդհանրապես չի հասկանում, թե ինչով է պայմանավորված այդ որոշումը: - Բանակում ծառայելու հստակ սահմանափակումներ գոյություն ունեն` եթե դատվածությունը մարված չէ կամ անձը գտնվում է հետաքննության մեջ,- պարզաբանել է Վ. Մելնիկովը: Մի խոսքով, այս զորակոչից քրեական անցյալ ունեցող զինապարտների արտաքսումն ընդամենը Պաշտպանության նախարարության բարի կամքն է: Եվ բոլորովին չի բացառվում, որ գարնանը նրանք նորակոչիկ կդառնան, ու այլևս ոչ մեկը չի մտածի հանցանք կամ զանցանք գործել` զինծառայությունից խուսափելու հեռահար նպատակով: