Սունդուկյանի մերօրյա ծոռները


Սունդուկյանական օրերի Թիֆլիսի թատերապատրանքը «ադամյանցիների» բեմում թանձրանում է հաջորդ երեկոյան: Վրացական ռեալիստական գրականության նախակարապետ Գեորգի Էրիսթավիի «Անտեսանելի գլխարկը» (բեմադրիչ` Լևոն Ուզունյան) զավեշտահենք վոդևիլով, որն աշխույժ բեմական կյանք է ստանում կատակերգական թատերախաղերում առանձնակի ստեղծագործական բերկրանք ապրող երիտասարդ դերասան-դերասանուհիների ընդհանուր ոգեշնչմամբ: Կենսական ուժերը նրանցից փոխանցված ավյունով վերագտնող Վրաստանի վաստակավոր արտիստ Ժիրայր Կարապետյանի (Կարապետ) գլխավոր դերակատարությամբ` հնօրյա մարդկային հարաբերություն ների հեքիաթաշունչ ծաղրապատկերն է ամբողջանում բեմական մի քանի ակնթարթներում` կարծես յուրովի շարունակելով Ցագարելու «Օյինբազ»-ում արծարծվածը: Շրջելով համատարած վերանորոգման անընդգրկելի շինհրապարակում հայտնված Թբիլիսիով, որի մշակութային հետաքրքրության կիզակետը հոլիվուդյան «STOP-RUSSIA» գեղարվեստական ժապավենի (կինոբեմադրիչ` Ռենի Հարլեն) նկարահանումների մեկնարն էր (Միխայիլ Սաակաշվիլու դերում` Էնդի Գարսիա), անմիջական մասնակիցը լինելով քաղաքի ծննդյան տոնակատարությանը նախորդող, «Թբիլիսին իմ տունն է» խորագրով անցկացվող դպրոցական միջոցառմանը` հավաստիանում եմ, որ Սունդուկյանի ծոռները իրենցում կրում են նրա ապրած ժամանակների Թիֆլիսի լեզվամշակութային յուրատիպության սաղմերը` դարերով օրգանապես շաղախված ու նախնիներից ժառանգած: Սայաթ-Նովայի անվան թիվ 98 միջնակարգ ռուսական դպրոցի հայազգի սաների հաղորդակցության լեզուն վրացերենն է կամ Թիֆլիսի հայկական փոքր-ինչ նորացված բարբառը: Քառագույն ձեռքերով ձևավորված դպրոցական խորհրդանշանում էլ դա հստակ է արտացոլվում: Գրական-երաժշտական միջոցառման ծրագրում ևս, որի շենշող զարդը Սվետլանա Երիցյանի գեղարվեստական ղեկավարությամբ գործող «Ջեյրան» պարախումբն էր: «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական մշակութահավաքի շրջանակներում ականատեսը լինելով աշխարհի ժողովուրդների պարակերպարը կերտող գեղաշնորհ այս պարուհու սաների հեզաճկուն ելույթների` չեմ թաքցնում հիացմունքս արդեն երրորդ տարին Թբիլիսիի թիվ 104 70-ամյա հայկական դպրոցի ներկայիս սերունդներին պարարվեստի իր տաղանդավոր բեմափորձով կրթելու ակնահաճո, «Ջեյրան» անվանմանը համարժեք, արդյունքը ըմբոշխնելիս: Արև Բաղդասարյանի երգի-պարի համույթում մասնագիտական մկրտությունը ստացած մանկավարժ արվեստագետը, անմնացորդ տրվելով պարի ինքնահատուկ տարերքին, ոչ թե պարզապես «վարժեցրել» էր տարբեր տարիքի դպրոցականներին իր անհատական պարացանկին, այլ վարակել նրանց սեփական նրբաճաշակ զգացողութ յուններով, Գեղեցիկի սիրով: Ուզում եմ հավատալ, որ կգտնվի ճշմարիտ արվեստը ապրեցնող մի մեկենաս, ում հուսալի հովանու ներքո կիրագործվեն Սումգայիթի, Սպիտակի ողբերգություններով կասեցված նրա արդիաոճ ծրագրերը, երաժշտադրամատիկական պարաթատրոն ստեղծելու երազանքը` տաղանդավոր այս արվեստագետի: Ով նորանոր կոմպոզիցիաներ է մտահղանում ու ներկայացնում շնորհառատ իր սաների հետ միասին: Ում մենակատարումները տեսնելիս` հանրահռչակ Մահմուդ Էսամբաևը բացականչել է. «Դու պարի համար ես ստեղծված, պարը` քեզ համար»: «Ամեն ազգ ունի ձևավորված առանձնահատկություն»