Հայ-վրացական թատերատոնը


«Ադամյանցիների» բեմը «Խաթաբալա»-ի` Արմեն Բայանդուրյանի նոր թատերաընթերցման «հանդերձանքով» է ներկայանում Իդա Բաբայանի նորընծա գրքի շնորհանդեսի մասնակիցներին` վիրահայոց համայնքի թատերասեր ներկայացուցիչներին, վրացի թատերագործիչներին, պաշտոնատար անձանց: Երեկոյի վարույթը ստանձնած Վահե Շահվերդյանի հնարագետ առաջնորդությամբ (Վարպետի ակնածալից հոգեհարազատությունը այս բեմին տասնամյակների բազմաշերտ կենսագրություն ունի) գրքի արժևորմանը դյուրընկալ ու թեթևասահ ընթացք է տրվում: «Ադամյանցիների» թատերական սունդուկյանական և երաժշտակատակերգական «միջարկումներով» միմյանց են հաջորդում բովանդակալից գնահատականները` ՎԳՄ փոխնախագահ Ռևազ Միշվելաձեից փոխանցվելով արվեստագիտության դոկտոր Միխայիլ Քալանդարիշվիլուն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Մութաֆյանից` «Հայաստան-Վրաստան» մշակութային կապերի ընկերության և Թբիլիսցիների միջազգային ակումբի նախագահ Էդուարդ Եդիկիսելյովին, գեղանկարիչ Իոսիֆ Կարալյանի դաշնակահարուհի աղջկանից` վիրահայ բանաստեղծուհի Անահիտ Բոստանջյանին ու Գիվի Շահնազարին… Տողերիս հեղինակը հակիրճ պատկերացում է տալիս ներկաներին Իդա Բաբայանի գրքի ընդհանուր բովանդակության մասին: Միով բանիվ ընդունվում է հանապազոր կարևորությունը նորահայաց այս աշխատության: Խորհրդանշական է, որ «Պեպո»-ի վրացական առաջին բեմադրությունը 1875-ին, Ամառային թատրոնում անցել է Գևորգ Չմշկյանի գլխավոր դերակատարությամբ: Պիեսը վրացերեն թարգմանելիս Սունդուկյանին օգնել է Ռաֆայել Էրիսթավին: Արմատներով ազգային ստեղծագործությունը Գաբրիել Սունդուկյանի անքակտելիորեն կապված է Վրաստանի ու վրացական թատերարվեստի հետ: Ինչպես ինքն է խոստովանում. «Ես այս երկրի զավակն եմ և սիրում եմ Վրաստանը ինչպես իմ հայրենիքը, վրացիներին` ինչպես հարազատ զավակներիս ու եղբայրներիս: Ես աշխատել եմ ինձ համար հավասարապես թանկ երկու բեմերի համար` վրացական ու հայկական` արտահայտելով համամարդկային զգացմունքներ ու խոհեր»: Հենց պատմականորեն ձևավորված երկմիասնությամբ են պայմանավորված նրա ֆենոմենը, կարևոր ներդրումը հայ և վրաց թատրոնների պատմության որոշակի տևական փուլում: Ուստի անհրաժեշտություն է դառնում Բաբայանի գրքի վրացերեն թարգմանությունը ՎԳՄ և ՀԳՄ համատեղ ուժերով: Գրքի հանրաճանաչման առիթով հրաշալի կազմակերպված թատերատոնը, հայ-վրացական բարեկամության նոր առհավատչյայի վերափոխվելով, հույս է ներշնչում դարերով փոխներթափանցված մշակութային կապերի նորովի սերտացման, միասին ու կողք-կողքի ստեղծած պատմական ժառանգության պատշաճ արժևորման` ներկայիս սերունդների մտերմացման անթաքույց նպատակամղվածությամբ: Այս առումով անժխտելի է Իդա Բաբայանի գրքի հրատապությունը, ինչը սիրահոժար հաստատում է Վրաստանի մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ, բազմափորձ թատերագետ Իամզե Գվատուան շնորհանդեսի ազդագրին արած ջերմ մակագրությամբ: