«Գիր սի°րե, ղալամ սի°րե, դավթար սի°րե»


Արվեստագիտության թեկնածու Իդա Բաբայանի հեղինակած «Գաբրիել Սունդուկյանը XIX դարի վրացական բեմում» ռուսալեզու աշխատությունը, անկասկած, լուրջ ներդրում է ոչ միայն սունդուկյանագիտության, այլև հայ-վրացական թատերական հինավուրց առնչությունների ուսումնասիրության ոլորտում: Անցյալ դարի 70-ական թվականներից ձեռնարկելով թեմատիկ «պեղումներին»` ճշմարիտ թատերարվեստի ազնիվ ջատագովը, ի վերջո, ավարտուն ամբողջության էր հասցրել եռալեզու հարյուրավոր գրքերից, հոդվածներից, ավտոռեֆերատների թանգարանային ֆոնդերից քաղած ու գիտականորեն համակարգած փաստավավերագրական նյութի շարադրանքը: Պետական պատվերով «Էդիթ պրինտ» հրատարակչատան լույս ընծայած գիրքը բոլորովին վերջերս մեծ հետաքրքրություն էր առաջացրել Գրքի միջազգային մոսկովյան XXII ցուցահանդես-տոնավա ճառում, արդի առաջատար գրահրատարակիչների ներկայացրած 250 անուն տարատեսակ գրքերի բազմության մեջ: Հնարամտորեն «համեմված» լինելով Սունդուկյանի ժամանակների Թիֆլիսը յուրովի կենդանացնող հանրաճանաչ հայ և վրացի գեղանկարիչների բնութագրական գործերի 250 սև-սպիտակ ու գունավոր արտատպություններով` ակամա գամել էր այցելուների ուշադրությունը իրենում պարփակված բովանդակության վրա նաև: Հայ տպագիր գրքի 500-ամյակի նախօրեին մեր գրքարվեստի հարաճուն ձեռքբերումներով, հուսանք, շուտով, հանրակրթարաններից սկսած, կվերափոխվի համացանցային կցկտուր տեղեկատվությանն առավելապես ապավինած մեր անընթերցող հասարակության հոգեմտավոր ընդհանուր նկարագիրը: Առայժմ գրահրատարակչական արտադրանքը առանձնահատուկ հանրահռչակման է խիստ կարոտ: Այս առումով նախանձելի բախտավորության արժանացավ Իդա Բաբայանի նորընծա գիրքը: Շնորհիվ իր առաջին ընթերցողի` ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի արվեստամեծար կազմակերպչական ակտիվության: Իր դիպլոմային բեմադրական աշխատանքի` Սունդուկյանի «Ամուսիններ»-ի ընդդիմախոս արվեստագետի գիտական ներուժին տասնամյակ ների փոխշփումներով անվերապահորեն վստահող Վահե Շահվերդյանի մտահղացմամբ էլ Բաբայանի «Հայ դասականները վրացական բեմում» թատերագիտական տքնանքի առաջին գրքի շնորհանդեսը, վիրահայոց թատերախմբի գեղարվեստական առաջնորդ Արմեն Բայանդուրյանի խանդավառ աջակցությամբ, տեղափոխվեց Հայաստանի սահմաններից դուրս, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական դրամատիկական թատրոն: