10-նամյա խարանը ջնջելու հույսով


Տասը տարի առաջ` ճիշտ այս օրը` նախօրեին Ազգային ժողովում տեղի ունեցած ոճրագործությունից հետո, երևանյան թերթերից մեկը գրեց. «Նաիրի Հունանյանն ու իր խումբը, անշուշտ, նախապես պլանավորված են եղել այս ծրագիրը, և պետք է ասել, որ հոկտեմբերի 27-ն այդ ծրագիրն իրականացնելու համար ամենահարմար օրն էր: Օրը չորեքշաբթի էր, և ժամը 16.30-ից հետո կառավարությունը պետք է լիներ Ազգային ժողովում»: Այս առիթով մյուս թերթերի հրապարակումները նույնպես իրարից քիչ էին տարբերվում, և դրանք գերազանցապես փաստագրական բնույթ ունեին: Մինչդեռ տեղի էր ունեցել աննախադեպ և ցնցող իրադարձություն, սակայն տեղեկացվածության պակասի պատճառով մամուլի հրապարակումներն այդ և հաջորդ օրերին սահմանափակվեցին կցկտուր և շատ հաճախ միմյանց հակասող տեղեկություններ արձանագրելով: Կարճ ասած, տևական ժամանակ մամուլը լիարժեք փաստեր այդպես էլ չներկայացրեց: Արյունոտ չորեքշաբթին տասը տարի հետո նույնպես անհաշվելի հարցականներով է երևակվում, ու հիմա էլ Հոկտեմբերի 27-ի մասին խոսելիս ստիպված ենք վերհիշել այն երերուն գնահատականը, որը նախորդ տարիներին «ամփոփել» է ողբերգության մասին ցանկացած հիշատակում: Եվ իրոք, տասը տարի անց Ազգային ժողովում տեղի ունեցած սպանդի մանրամասների վերաբերյալ գիտենք այնքան, որքան գիտեինք ժամեր անց կամ, ասենք, ոճրագործության հաջորդ օրը: Ո°չ երկարաշունչ դատավարությունը, ո°չ ավելի ուշ այս ու այն կողմից հնչող կոնկրետ (երբեմն` անվանական), բայց այդպես էլ չապացուցված մեղադրանքները ոչինչ մինչև վերջ չապացուցեցին: Թե ով շահեց պետական հեղաշրջման փորձի, իշխանափոխության ծրագրի (դեպքն ինչպես ասեք որակվեց) արդյունքում, շատ չանցած բոլորս տեսանք: Սակայն մի բան է հանգամանքների բարենպաստ դասավորությունը, բոլորովին այլ` ինչ-որ ծրագիր վաղօրոք մշակելն ու շահեկան տեսքի բերելը: Համենայն դեպս, ինչպես աշխարհում տեղի ունեցող ահաբեկչություններից հետո, որևէ կազմակերպություն այդպես էլ չստանձնեց Հոկտեմբերի 27-ի պատասխանատվությունը: Եվ չնայած խորհրդարան ներխուժած տականքներն ակնհայտորեն աջակիցների էին սպասում, բայց այդպես էլ դրսից օգնություն չստացան: Այնուամենայնիվ, այն տարիներին աչքի ընկնող քաղաքական ուժերը մի հարցում համերաշխ ու միակամ էին. իրար հերթ չտալով` նրանք տեղի ունեցածը դատապարտող տրաֆարետային ու իրար կրկնող հայտարարություններ հրապարակեցին… և վերջ: Հանրապետության նախագահին աջակցելու, նրանից «ինչ-որ բան» պահանջելու և կամ Ռ. Քոչարյանին մեղադրելու գործնական քայլեր այդպես էլ չարվեցին: Ավելին, զարմանալիորեն ու անսպասելիորեն սև չորեքշաբթիի գիշերը հայրենի «երևելիները» ոչ թե նախագահականում, այլ Պաշտպանության նախարարությունում ժողովվեցին: Ու, ինչպես մի փոքր ուշ հայտնի դարձավ, սպասվող պաշտոնաբաժանին սեփական պատառը չկորցնելու ու ինչ-որ բան ձեռք գցելու շտապողականությունն էր այս հավաքի գլխավոր շարժառիթը: Տականքների պարագլխի` նույն օրը տված հարցազրույց-զառանցանքում մի բան ակնհայտ էր` գործող վարչապետ Վազգեն Սարգսյանը Հոկտեմբերի 27-ի գլխավոր թիրախն էր, թեպետ մյուսները նույնպես պատահական զոհեր չէին կարող լինել: Որևէ մեկը, սկսած Հանրապետության նախագահից, այդպես էլ բացի ընդհանուր-դատապարտող բնույթի հայտարարություններից, կոնկրետ գնահատական չհնչեցրեց, ոչինչ չխոստացավ` ամեն ինչ թողնելով ապագային, որը տվյալ դեպքում տասնամյա անորոշությունն է: Ավելին, համերաշխության անհասկանալի դաշինք էր կնքվել Ռ. Քոչարյանի և հայրենի կուսակցությունների միջև: Անսպասելիորեն դեպքից ժամեր հետո Նախագահի մամուլի խոսնակը հայտարարեց, թե ահաբեկիչների խմբի թիկունքում որևէ կուսակցություն չկա… Հանգամանք, ինչն ասես հուշում էր, որ հաջորդող քսան օրերին ոչ պատահական շուրջ 200 քաղաքացիների հարցաքննությունն ասվածին ոչինչ չէր ավելացնելու: Այն պարզորոշ էր դարձնում նաև ձգձգվելիք դատավարության անբովանդակ սցենարը ու էլի շատ ուրիշ իրողություններ: Դժվար էր միայն պատկերացնելը, որ անգամ դատավարությունից հետո Սարգսյանների, Դեմիրճյանների, մյուսների ընտանիքներն այդչափ անորոշ ու հուսահատ վիճակից դուրս չեն գա: Դժվար էր պատկերացնել, որ պետականությունը ցնցած ոճրագործության բացահայտումն ընդամենը ընտանեկան հետաքրքրությունների, տուժածների հարազատների հետևողականության ու շահագրգռության առարկա միայն կդառնա: Գերիշխելիք անտարբերությունը նոր-նոր միայն իր գարշ տիրապետությունը պետք է հաստատեր: Իսկ Հոկտեմբերի 27-ից հետո, այն էլ ընդամենը մի քանի շաբաթ, իրեն մի փոքր կորցրել էր միայն ՀՅ Դաշնակցությունը, որը նախ և առաջ ինքն իր անունը փրկելու խնդիրն ուներ: Այս քաղուժը բոլորովին էլ ոչ պատահաբար տեղի ունեցածին ամենաօպերատիվն արձագանքեց: Պարզվեց, որ սրանք ապացուցելիք ունեին. ճիվաղը ՀՅԴ-ական էր եղել, բայց ժամանակին հեռացվել էր կուսակցությունից: Ու մեկ էլ խորհրդարանի դահլիճում հայտնվելուց հետո նրա ու ոչ երկրորդական դաշնակցական Հրանտ Մարգարյանի միջև հեռախոսազրույց, ըստ ՀՅԴ պնդումների` տեղի չէր ունեցել: Իսկ, ընդհանուր առմամբ, Հոկտեմբերի 27-ին առնչվող ցանկացած, այդ թվում նաև ողբերգության տասնամյա տարելիցի առիթով, ստիպված ենք մխիթարվել ու առաջնորդ վել նույն ու միակ` մի օր ամեն ինչ վերջնականապես բացահայտված տեսնելու հույսով: Ա. ՄԱՆՈՒԿՅԱՆ Վիսլա ՍԵԴՐԱԿՅԱՆ