Մեռելոց ոսկրասերը


 

Հոգեկան շեղումները հաճախ ձեռքբերովի են լինում, և ոչ մի կերպ չես կարող հասկանալ, թե այս կամ այն մտասևեռումն ինչի հետևանք կարող է լինել: Դիցուք, ո՞ր պարագայում մարդը կարող է տարբեր դիակների ոսկորները հավաքել, «նոր» կմախք ստեղծել ու պահել իր տանը: Շվեդական Գետեբուրգ քաղաքի մի բնակչուհի հենց այդպես էլ վարվել է: Ու հիմա իրավապահները կասկածում են, որ նա այդ ոսկորներն օգտագործել է սեռական հաճույքների համար (գրել է The LocΖl կայքը):

Դատախազ Քրիստինա Էրենբորգ-Ստաֆասը դժվարացել է բացատրել, թե ինչպես, բայց համոզմունք է հայտնել, որ մարդկային աճյուններն այդ կինն օգտագործել է «անվայել» կերպով: Անհայտ է, թե նրա բնակարանում ինչպես են հայտնվել ոսկորներ և գանգ: Հետաքննիչները ենթադրում են, որ կինն ինքը կարող էր գերեզմաններից փորել-հանել դրանք: Ամենափորձառու մասնագետների համար այդ դեպքն աննախադեպ է:

37-ամյա շվեդուհու տանը, ոսկորներից բացի, հայտնաբերվել են նաև լուսանկարներ` մեռելների տեսարաններով և երկու խտասկավառակ` «Իմ մեռելասիրությունը» և «Իմ առաջին փորձը» անվանումներով: Մեռելասեր տիկնոջ բնակարանում գերեզմանների ու մատուռների լուսանկարներ և հրահանգներ են եղել, որոնցում պատմվում է, թե ինչպես սեռական հարաբերություններ ունենալ հենց նոր մեռած մարդու կամ հին հանգուցյալների հետ:

Ի դեպ, հոգեբուժական փորձաքննությունն արձանագրել է, որ կինը հոգեպես առողջ է: Նա իրեն մեղսավոր չի համարում և գտնում է, որ անօրինական ոչինչ չի արել, իր տանը հայտնաբերված բազմաթիվ ոսկորների ու «անդրշիրիմյան» թեմայով պատկերների առկայությունը բացատրում է, թե հետաքրքրված է պատմական ու ճարտարապետական արժեքներով:

Հոգեպես նա այնքան առողջ է, որ նույնիսկ համացանցով համախոհներ ու իր «հավաքածուի» գնորդ է գտել: Ապացուցվել է, որ Ուպսալ քաղաքի մի բնակիչ նրանից 2 գանգ և ողնաշար է գնել:

Եթե դատարանն այս կնոջ տարօրինակությունը հանցանք որակի, ապա նրան սպառնում է խոշոր չափի տուգանք կամ 2 տարվա ազատազրկում: